Եկող շաբաթվա վերջում կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները․ Տավուշի մարզպետ
22:35 - 18 հուլիսի, 2020

Եկող շաբաթվա վերջում կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները․ Տավուշի մարզպետ

Այսօր ունեցել ենք հերթական խաղաղ օրը։ Ամբողջ օրվա ընթացքում որևէ հրետակոծություն չի եղել մեր բնակավայրերի ուղղությամբ։ Մեր բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալու իրենց առօրյա աշխատանքին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Անդրադառնալով վնասված ենթակառուցվածքներին՝ մարզպետը նշեց, որ երեկ՝ օրվա վերջում, ըստ էության, ավարտել են բոլոր ենթակառուցվածքային վերանորոգումները, այդ թվում՝ ջրագծերի վերականգնումը, ոռոգման համակարգերի վերականգնումը, որը հնարավորություն է տվել, որ մարդիկ գյուղատնտեսության կիսատ մնացած գործերը հասցնեն մինչև վերջ։

«Այսօրվա դրությամբ առանձնացրել ենք 12 տուն․ 6-ը՝ Այգեպար գյուղում, 6-ը՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ մենք արդեն կարող ենք սկսել վերականգնողական աշխատանքները։ Երկու բնակարանում արդեն սկսել ենք։ Եկող շաբաթվա վերջում մենք ըստ էության կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները։ Այսօրվա գույքագրման առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք հայտնաբերեցինք մի շարք ավերածություններ, որոնք եղել են նախկին հրետակոծությունների արդյունքում, այդ թվում 90-ականներից սկսած։ Այդ դեպքերը ևս կվերացվեն այս շինարարական աշխատանքների ընթացքում»,-նշեց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ առնվազն երկու շենք վերականգնման ենթակա չէ։ Դրանց փոխարեն պետք է կառուցվեն նորերը։ 

Մարզպետը կոչ արեց, որ նրանք, ովքեր մեկնում են Բերդ կամ վերադառնում են Բերդից, հիմնականում, եթե այլ խիստ պահանջ չկա, պարտադիր օգտագործեն Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհը, որովհետև դա համարվում է ամենաանվտանգ երթուղին։ Այլ պարագաներում իրավիճակի սրման դեպքում կարող են լինել որոշակի խնդիրներ։ 

Հայկ Չոբանյանը նաև նշեց, որ տուժել են ավտոմեքենաներ․ այս հարցերը ևս գույքագրված են, և հաստատ կլինեն որոշակի փոխհատուցումներ։ Քանի որ ռմբահարվել են նաև անասնագոմեր, կան նաև գյուղատնտեսական կենդանիների վնասներ։ Այդ փոխհատուցումը ևս կտրվի։ 

Անդրադառնալով տներին ավելի մոտ ապաստարաններ կառուցելու հարցին՝ մարզպետը ասաց․ «Չի կարելի ասել, որ ապաստարանները կառուցվել են միայն դպրոցներում և մանկապարտեզներում։ Հիմնականում ընտրվել են ամենաապահով տարածքները։ Բոլոր սահմանապահ գյուղերն ունեն ապաստարաններ։ Նկուղային տարածքները, որոնք տարիներ շարունակ օգտագործվել են որպես ապաստարաններ, այս օրերին հիմնականում նրանք են կիրառվել։ Ուզում եմ հատուկ նշել մեր ժողովրդի ինքնապաշտպանական զգացողությունը և բնազդը։ Ցուցանիշը, որ 100-ից ավելի հրետակոծությունների արդյունքում ունենք ընդամենը 1 վիրավոր, առաջին հերթին մեր ժողովրդի ինքնապաշտպանական մշակույթի արդյունք է, և երկրորդը քաղպաշտպանության հաստատությունների լավ աշխատանքի արդյունք է»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող են այցելել կամ հյուրընկալել Տավուշի երեխաներին, Հայկ Չոբանյանն ասաց, որ դրա կարիքը այս պահին չկա։

«Մենք պաշտոնական տարհանում չենք իրականացրել։ Հիմա կառավարության հետ քննարկվում են հնարավոր ճամբարային ձևաչափերը։ Որոշում լինելու դեպքում մենք ավելի քաղաքակիրթ ձևով կիրականացնենք մեր երեխաների  տեղափոխումը Տավուշից դուրս, որը նաև որոշակի վերականգնողական, կրթական, մշակութային նշանակություն կարող է ունենալ»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել