fip.am: Հուլիսի 12-ին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ, հրապարակվեցին ուղեցույցներ, թե ինչպես պետք է վարվել տեղեկատվության հետ պատերազմի ժամանակ։

Չնայած դրան՝ հայկական որոշ լրատվամիջոցներ, ինչպես նաև նախկին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ մեղադրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը պատերազմ հրահրելու, դիվանագիտական ճակատում թերի աշխատելու, խաղաղություն մուրալու և ինֆորմացիա թաքցնելու մեջ։ Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմն անցել էր մասշտաբային տեղեկատվական գրոհի։

Ադրբեջանական կողմի գրոհը տեղեկատվական տիրույթում

Տեղեկատվական անվտանգության փորձագետները զգուշացնում էին, որ ադրբեջանական ծառայությունները հայ օգտատերերի կոտրված հաշիվների միջոցով ապատեղեկատվություն են տարածում իշխանությունների անունից։

Պաշտպանության նախարարության նախկին և ներկա խոսնակները ևս պարբերաբար զգուշացնում էին, որ տեղեկատվական տիրույթում ադրբեջանցիներն ակտիվ գործողություններ են վարում, պետք չէ հավատալ թեժ մարտերի, կորուստների, արյան պակասի և նմանատիպ այլ լուրերի ու SMS-ների, և հորդորում էին հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Տարբեր օգտատերերի էջեր կոտրելով՝ ֆեյսբուքյան խմբերում սկսեցին տարածվել հայտարարություններ, թե իբր ըստ բանակում ծառայող եղբորից ստացված հաղորդագրության՝ հայկական բանակն ավելի քան 44 զոհ է ունեցել, կամ՝ թե հայկական կողմը կորցրել է 12 մարտական հենակետ և Փաշինյանը խաբում է մարդկանց, կամ՝ թե 70 զոհ և 300 վիրավոր կա, իսկ հիվանդանոցներում տեղ չկա և իրականությունը թաքցնում են ժողովրդից։

Նաև ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի անունով էր ֆեյք էջ բացվել, որով ապատեղեկատվություն էր տարածվում։

Քաղաքացիների շրջանում խուճապ տարածելու համար ադրբեջանական աղբյուրները սոցիալական հարթակներում հայալեզու ձայնային հաղորդագրություններ էին տարածել, որոնցում, իբր, հայկական զինված ուժերի զինծառայողները դժգոհում էին սահմանին տիրող իրավիճակից և խոսում մեծ թվով մարդկային կորուստների մասին։

 

 

Ադրբեջանական կայքերից haqqin.az-ը ևս ապատեղեկատվություն էր տարածել՝ տեղադրելով լուսանկարներ, թե Նարեկ Պետրոսյանը և Սլավիկ Կայծակովը իբր զոհվել են Տավուշի սահմանային հատվածում։ Այս հրապարակմանը տղաներից Նարեկ Պետրոսյանն անձամբ էր արձագանքել՝ նշելով, որ իր «մահվան» մասին լուրին ծանոթացել է համացանցից։ Սլավիկ Կայծակովը ևս Fip.am-ին տեղեկացրել էր, որ ինքը ողջ-առողջ է։

Հուլիսի 17-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հակառակորդը վաղ առավոտից հերթական ապատեղեկատվությունն է տարածել. բջջային օպերատորների բաժանորդներից ոմանք ՊՆ պաշտոնական կայքի՝ MIL.AM-ի անունից SMS հաղորդագրություն էին ստացել, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի։

Նախարարությունը, ի պատասխան, հայտարարեց, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և որ ՊՆ-ն հաղորդագրության հետ որևէ կապ չունի։

Իշխանությունը ընդդիմադիրների թիրախում 

Մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո նախկին իշխանության շարքերից ակնարկներ եղան ադրբեջանական կողմի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին։

Հանրապետական կուսակցության անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան գրառմամբ կասկած հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը ռազմական գործողություններ սկսելու հարցով Ադրբեջանի նախագահի հետ որոշ պայմանավորվածություններ ունի։ «Ի՞նչ ես պայմանավորվել, ասա, ի՞նչ ես խոստացել, ասա, ես որպես ՀՀ քաղաքացի ունե՞մ իրավունք կապ տեսնել որդուդ զորացրվելու և այս հարձակման միջև, հարցնում եմ, ունե՞մ իրավունք»,- գրել էր նա։

Նույն համոզմունքն ուներ նաև գործող իշխանության դեմ ակտիվ հակաքարոզչություն իրականացնող, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Փաստորեն Աշոտի զորացրման հետևանքները սկսում են զգացնել տալ իրանց: Դե բա «կիրթ ընկերը» իրա թրաշով ընկերոջ տղու վրա հո չէր կրակելու»,- գրել էր նա։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ակտիվ գրառումներով հայտարարում էր, որ ի տարբերություն նախկինում իրենց ունեցած հաջողությունների՝ այսօր հայկական դիվանագիտությունը թերի է աշխատում, որակելով գործող իշխանությունը որպես «մեխի գլուխների» իշխանություն։ «Ազգի ինքնապաշտպանական բնազդն աշխատում է՝ համախմբելով բոլորիս մեր ժողովրդի զավակ՝ Հայոց բանակի շուրջ և ի հեճուկս իշխանական քարոզիչների «խաղաղասիրական» ջանքերի։ Սակայն իշխանավորների անբարոյականությունը ոչ խրամատ է ճանաչում, ոչ զինվորի արյուն, ոչ էլ պետություն»,- գրել էր նա։

Իսկ խաղաղասիրական կոչերի դեմ սկսված քննադատությունները վերաբերում էին հիմնականում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դեպի խաղաղություն շարժվելու» կոչ- գրառմանը։

Վատիկանում նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ թեև նշում էր, որ պետք է սթափ դատողությամբ հետևել դեպքերի ընթացքին, չխանգարել մեր բանակին և օպերատիվ արձագանքել պետության կարիքներին, սակայն դրա հետ մեկտեղ՝ իրադարձությունները որակում էր որպես Ադրբեջանի կողմից «լայնածավալ հարձակում» և «պատերազմ»։ Նրա քննադատությունը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հակառակորդի գործողությունները որպես «ռազմական միջադեպ» որակելու, և վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ ստեղծված իրավիճակում «հերթական խաղաղասիրական նախաձեռնությամբ» հանդես գալու համար:

«Քարը քարին չդրած իշխանությունն այսօր երկիրը կանգնեցրեց նոր պատերազմի շեմին». իր ֆեյսբուքյան էջում այսպես էր բնութագրում  իշխանությունների գործելաոճը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Նա քննադատում էր ԱԳՆ-ին ոչ արդյունավետ գործողությունների և ՀԱՊԿ-ն «ներքաշելու անիմաստ, ստորացուցիչ և նաև վտանգավոր հետևանքներով հղի դատարկ փորձի» համար, մեկ այլ գրառմամբ էլ պնդում, թե դավաճանների ընտանիքն է իշխում մեր երկրում:

Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ փորձում էր պատասխանել այն հարցադրումներին, թե ինչու՞ ՀԱՊԿ-ն չի խառնվում այս դեպքերին։ «ՀԱՊԿ-ն խառնվում է այն դեպքում, երբ ՀԱՊԿ անդամ երկիրը դիմում է այդ խնդրանքով ՀԱՊԿ-ին։ Եթե երես ունենան իհարկե դիմելու՝ գեներալ֊գնդապետ Յուրի Խաչատուրովի դեպքից հետո։ Ում որդու ղեկավարած կորպուսը հիմա բոյ ա տալիս Տավուշում ու շատ հաջողված ձևով ա տալիս»,- գրել էր նա։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն էլ, թեմայից հետ չմնալով, գրել էր. «Իրական հերոսներից են հայր և որդի Խաչատուրովները: Չնայած հերոս հորը իշխանությունները դատում են, բայց որդին շարունակում է հերոսաբար պաշտպանել հայրենիքը ադրբեջանցիների հարձակումներից»:

Իշխանությունը հայկական լրատվամիջոցների թիրախում

Որոշ հայկական լրատվամիջոցներ, իրենց աղբյուրներին հղում տալով, փորձել էին վեր հանել իբր Զինված ուժերի «թաքցրած» ինֆորմացիան կամ սուր վերլուծականներով քննադատել իշխող ուժին։

Մասնավորապես՝ հուլիսի 13-ին Medmedia.am կայքում հրապարակվել էր «Որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանը» վերնագրով հոդված, որում քննադատություն էր հնչեցվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ հայ-ադրբեջանական սահմանին զինված բախման կապակցությամբ «լռելու» և տիրող իրավիճակի վերաբերյալ հասարակության առջև հայտարարությամբ հանդես չգալու համար: Հրապարակումը ոչ միայն սոցցանցերում, այլ նաև կայքերում բուռն հակադարձումների արժանացավ այն հիմնավորմամբ, որ սահմանային լարվածության ժամանակ պետության ղեկավարին թիրախավորելով՝ հայկական լրատվամիջոցները խոցելի են դարձնում սեփական բանակը, ինչից հետո նյութը հեռացվեց։

Հուլիսի 14-ին Hraparak.am կայքում լույս էր տեսել մի հոդված, որում խոսվում էր հակառակորդի կողմից Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի «ստրատեգիական նշանակության օբյեկտը» վնասելու մասին։

Հակադարձումներին, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, Hraparak.am-ը պատասխանեց, որ «պաշտոնական Երևանը փոխանակ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ, ինֆորմացիա է թաքցնում և փորձում լռեցնել զանգվածային լրատվամիջոցներին»։

Հուլիսի 14-ին Yerevan.today կայքում հրապարակվել էր «Այլընտրանքային նախագծեր» խմբի՝ «Այս օրերին իշխանության անհասկանալի բացակայությունը մտահոգիչ է» վերտառությամբ հայտարարությունը, որում նշվում էր, թե հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների կապակցությամբ Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվել և հասարակության պատշաճ իրազեկում չի իրականացվել։ «Այլընտրանքային նախագծեր» խումբը նույնն հարցը նաև հուլիսի 17-ին էր բարձրացրել՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, մինչդեռ ռազմական գործողությունների սկսվելուց մինչ այս պահը Հայաստանի ԱԽ նիստ չի հրավիրվել։

7or.am-ը հուլիսի 15-ի վերլուծականը վերնագրել էր «Ինչպես «կրվել» դիվանագիտական ճակատում»։ Հոդվածագիրը գրել էր, որ «ի հեճուկս հայկական ազգանունով որոշ քայլականների, այդ թվում` վարչահրամայապետ Փաշինյանի և իր տիկնոջ կեղծ պացիֆիստական նկրտումների, մեր զինուժի՝ հակառակորդին ցույց տված համարժեք հակահարվածին հաջորդած միջազգային արձագանքներն արտաքուստ «հավասարակշիռ» էին (չհաշված Թուրքիայի հիստերիկ հակազդեցությունը), բայց դա միայն առաջին հայացքից»։

Shame.am կայքը հուլիսի 16-ին «Փաշինյան Նիկոլը իր զոհին հողին է հանձնում» վերնագրով նյութ էր հրապարակել՝ գրելով, որ «ադրբեջանական կողմն այս ագրեսիայի հետ կապ չունի, քանզի այն հրահրեց ժողվարչապետ աշխատող, բայց իրականում ամերիկյան գործակալ Փաշինյան Նիկոլը»:

Ի դեպ, հարկ է նշել, որ այս օրերի մշտադիտարկումները ցույց են տվել, որ թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը, թե՛ առանձին հասարակական-քաղաքական գործիչները և թե՛ հայկական բոլոր լրատվամիջոցները Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական միջադեպի ընթացքում Զինված ուժերի նկատմամբ դրսևորել են միահամուռ դիրքորոշում՝ փոխանցելով այն համոզմունքը, որ բանակը վայելում է ժողովրդի վստահությունն ու անվերապահ աջակցությունը։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ եթե տեղեկատվական պատերազմում ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունները չափազանց շատ էին, ապա հայկական լրատվական դաշտը հնարավորինս հետևում էր պաշտոնական լրահոսին՝ բացառությամբ մի քանի դեպքերի։

Նելլի Լազարյան