ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ բուժաշխատողների համար առաքել են 28.000 պաշտպանիչ հանդերձանք և 20.000 N95 դիմակ
19:03 - 22 հուլիսի, 2020

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ բուժաշխատողների համար առաքել են 28.000 պաշտպանիչ հանդերձանք և 20.000 N95 դիմակ

Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով Հայաստան է առաքվել 28.000 պաշտպանիչ բժշկական հանդերձանք և 20.000 N95 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակացիների համար: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, այս պարագաների շնորհիվ վարակակիրների հետ անմիջական շփման մեջ գտնվող բուժաշխատողները արդյունավետ և ավելի անվտանգ կպայքարեն «Քովիդ 19» համաճարակի դեմ: 

Պարագաները ձեռք է բերել ԱՀԿ-ն՝ ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ, համաճարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին շարունակաբար օժանդակելու նպատակով:   

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հարավային Կովկասում ԱՀԿ գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, նոր ստացված պաշտպանիչ պարագաները հուլիսի 22 հանձնել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին՝ դրանք հանրապետության ողջ տարածքում բաշխելու նպատակով:

Հայաստան առաքված պաշտպանիչ բժշկական հանդերձանքն ու շնչառական դիմակները ձեռք են բերվել՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահական համակարգի կարիքները, և դրանք տրամադրվելու են բացառապես բուժաշխատողներին:    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել