Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գնալով վատանում է |hetq.am|
09:44 - 23 հուլիսի, 2020

Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գնալով վատանում է |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 21-ի երեկոյան խոստովանել է, որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գնալով վատանում է և կոչ արել բոլոր ամերիկացիներին կրել դիմակներ։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ «Անկախ այն հանգամանքից ձեզ դուր են գալիս դիմակները, թե ոչ, դրանցից օգուտ կա, օգուտ կլինի և մեզ հիմա անհրաժեշտ են գոյություն ունեցող բոլոր միջոցները»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Լրագրողները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ այս անգամ կորոնավիրուսի վերաբերյալ Թրամփի ելույթը, հավանաբար, նախապես մտածված է եղել, քանի որ ԱՄՆ նախագահը եղել է առավել զուսպ և գրեթե չի դիմել իմպրովիզների։

Կորոնավիրուսի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ամենօրյա ճեպազրույցները դադարել էին ապրիլին այն ժամանակ, երբ Թրամփը ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարում, հավանաբար, կարող են օգնել մաքրող միջոցների ներարկումները մարդու օրգանիզմ։ Այդ խոսքերը կտրուկ քննադատվել էին բժիշկների կողմից։

Հուլիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը դիմակների կրումն անվանել է հայրենասիրության դրսևորում։ Չնայած դրան, մամուլի ասուլիսի ժամանակ նա գրպանից հանել է դիմակը և այդպես էլ չի դրել։ Թրամփի տոնայնության փոփոխությունը խոսում է այն մասին, որ վերջինս ընդունել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի վտանգի լրջությունը։ Ընդամենը մի քանի օր առաջ Թրամփը հայտարարում էր, որ կորոնավիրուսը ուր որ է կկորչի։ 

Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ Չինաստանի հաքերները փորձում են ստանալ կորոնավիրուսի պատվաստանյութը։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել երկու տղամարդու, որոնք գործել են չինական հատուկ ծառայությունների օգտին և փորձել տեղեկատվություն ստանալ ամերիկյան այն ընկերություններից, որոնք ուսումնասիրում են COVID-19-ը։ Չինաստանը մշակում է սեփական պատվաստանյութը, որն արդեն իսկ հասանելի է պետական որոշ գործիչների, չնայած կլինիկական փորձարկումները դեռ չեն ավարտվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել