Օնիկ Գասպարյանի, Գրիգոր Խաչատուրովի հրամանատարության ընթացքում որևէ դիրքային նահանջ չի եղել. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել
17:16 - 23 հուլիսի, 2020

Օնիկ Գասպարյանի, Գրիգոր Խաչատուրովի հրամանատարության ընթացքում որևէ դիրքային նահանջ չի եղել. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Այսօր hraparak.am կայքում հրապարակվել է «Այդ դիրքերը, որ վերցրել ենք, մերն էին» հոդվածը, որում վաստակաշատ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի անունից ասվում է․ «․․․ էս դիրքերը, երբ ես կառուցում էի բանակ, էս դիրքերը մեր դիրքերն էին։ Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց»։
 
Քիչ առաջ խոսեցի Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ։ Նա ասաց, որ այդպիսի հայտարարություն՝ «․․․Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց», չի արել․ այն բացահայտ սուտ է և հերյուրանք։
 
Պահանջում եմ «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանից հերքել, ապա նաև հեռացնել իրականությանը չհամապատասխանող, զրպարտանք պարունակող նյութը։
 
Իմ ղեկավարության ժամանակ 3-րդ զորամիավորման հրամանատար են եղել գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, այսօր ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, գեներալ-մայոր Գրիգոր Խաչատուրովը, և նրանցից յուրաքանչյուրի հրամանատարության ընթացքում որևէ դիրքային նահանջ չի եղել։
 
Նրանցից յուրաքանչյուրից կարող եք ստանալ այդ հարցերի ստույգ պատասխանները։
 
Ինչպես նաև կարող եք հարցնել Տավուշի համայնքային ղեկավարներին, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, թե ինչ աշխատանքներ են կատարվել այնտեղ իմ պաշտոնավարման ժամանակ։
 
Իսկ ես ևս մեկ անգամ պնդում եմ, որ իմ ղեկավարության տարիներին Հայաստանի Հանրապետության սահմանային դիրքերն անընդհատ բարելավվել են, միջդիրքային տարածություններում առաջ քաշվել, ինժեներական առումով՝ լայն թափով լրակահավորվել և բազմակի անգամ ամրապնդվել», - ասված է Օհանյանի տարածած հայտարարությունում։
 
Քիչ առաջ hraparak.am-ը հրապարակեց «Տեղադրում ենք Նորատ Տեր-Գրիգորյանցի ձայնագրությունը» վերտառությամբ հոդված, որտեղ մասնավորապես ասվում է․

«Սեյրան Օհանյանի հայտարարությունից հետո կրկին լսեցինք ձայնագրությունը, համոզվելով, որ հարցին, թե իրեն հայտնի՞ է, թե տարածքային ու դիրքային ինչ ձեռքբերում ունենք այս օրերին, մասնավորապես, Ղարադաշ բարձունքի, Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է․ «Գիտեք ինչ, ներողություն․․․ էս դիրքերը, երբ ես ստեղծում էի հայոց բանակը, էս դիրքերը մեր դիրքերն էին, երբ Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էս դիրքերը թուրքը վերցրեց։ Հիմա, երբ նրանք սկսեցին, մերոնք, մեր հերոսական զինվորներն ու սպաները վերադարձրեցին մեր դիրքերը։ Եվ պետք է պահել, որովհետև ամեն մի բարձունք ունի ռազմավարական նշանակություն»։

Ձայնագրությունը լսելուց հետո, այնուամենայնիվ, որոշեցինք կրկին զանգահարել պարոն Տեր-Գրիգորյանցին և հարցնել, թե ինչու է նա Սեյրան Օհանյանին ասել, որ «Հրապարակի» գրածը «բացահայտ սուտ է և հերյուրանք»։ Նորատ Տեր-Գրիգորյանցը նախ ասաց, որ ինքը խոսքում ասել է՝ «կարծես թե», սակայն մենք չենք թարգմանել։

«Հասկանո՞ւմ եք՝  ես ռուսերենով ասել եմ ,որ ինձ ասել են, որ կարծես թե Սեյրանի օրոք են այդ բարձունքները հետ տրվել և հիմա վերադարձվել»։ Ի պատասխան դիտարկման, որ «կարծես թե»-ն չի ասում, Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց․«Դե, լավ, ներողություն եմ խնդրում․․․ հիմա նման բան է եղել, կախվե՞մ, ինչ է։ Ի՞նչ անենք, ինձ այդպես էին ասել։ Չէ՞ որ ես այդտեղ չեմ ապրում, ես այդպես եմ իմացել»։

Շարունակելով՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ Սեյրան Մուշեղովիչը շատ լավ նախարար էր ու շատ լավ ղեկավարում էր բանակը․ «Ես սխալ եմ, Սեյրանը՝ ճիշտ»,-ամփոփեց Նորատ Տեր-Գրիգորյանցը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել