Դատավորների գնահատման հանձնաժողովում ոչ դատավոր անդամի թեկնածու է առաջադրվել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյան
 |iravaban.net|
19:57 - 23 հուլիսի, 2020

Դատավորների գնահատման հանձնաժողովում ոչ դատավոր անդամի թեկնածու է առաջադրվել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյան |iravaban.net|

iravaban.net: Կառավարության ներկայացուցիչները մեկ անգամ չէ որ նշել են՝ դատական համակարգում խորքային խնդիրներ կան։ Այս խնդիրները գործադիրը փորձեց լուծել դատական բարեփոխումների փաթեթով․ «Մենք հասնելու ենք նրան, որ ունենանք վստահելի դատական համակարգ»,-նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Բարեփոխումների փաթեթի հիմնաքարային փոփոխություններից մեկը վերաբերում է դատավորների գործունեության գնահատմանը։ Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով և ուսումնական հարցերի հանձնաժողով: 

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` դատավոր անդամներ, երկուսը` իրավաբան գիտնականներ, իսկ ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը` դատավոր անդամներ, երկուսը` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում իրավաբան գիտնականներ: 

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 22-ին ներկայացրեց դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցանկը։

Մեր ուշադրությունը գրավեց թեկնածուներից Աշխեն Ղարսլյանը, որը առաջադրված է 2 հանձնաժողովներում։ Գնահատման հանձնաժողովում Ղարսլյանի թեկնածությունը առաջադրել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։ Իսկ ուսումնական հարցերի հանձնաժողովում Աշխեն Ղարսլյանը ինքնառաջադրվել է։

Չնայած, որ թեկնածուի առաջադրումը ֆորմալ առումով չի խախտում օրենսդրությունը, սակայն այստեղ առկա է ակնհայտ շահերի բախում։ Ինչպե՞ս հանձնաժողովի ոչ դատավոր անդամը կարող է անկախ ու չկաշկանդված գնահատական տալ, երբ վերջինս 2019 թվականից առ այսօր աշխատում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատար, իսկ մինչ այդ` 2014-2019թթ․ եղել է վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականը։ 

Այսինքն, փաստացի սերտ կապեր և փոխկապակցվածություն ունի դատական համակարգի հետ և հարցականի տակ է դրվում նրա անաչառությունը՝ դատավորների գնահատման և ուսումնական հարցերի գործընթացքում։ Բացի այդ, հանձնաժողովների կազմում արդեն իսկ իրավունք ունեն լինել «դատավորների շահերը ներկայացնողներ»,  3 և 5 դատավորներ, որոնք ընդգրկվելու են համապատասխանաբար դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմերում։ 

Դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում իրավաբան գիտնականների նախատեսելը նպատակ ունի հաղթահարել երկու խոչընդոտ՝ դատավորների կորպորատիվիզմ և քաղաքականացում։ Ստացվում է, որ ունենք երկու խնդիր. մի կողմից՝ դատարանների անկախության եւ ինքնակառավարման ապահովում, մյուս կողմից՝ դատավորների կորպորատիվիզմի վտանգ: Այս երկուսը միասին լուծելու միակ ճանապարհը դատավորների գործունեության գնահատման  և ուսումնական հարցերի այնպիսի հանձնաժողովների  ստեղծումն է, որի անդամները հավասարակշռված համամասնությամբ են։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի անդամ դատավորները ոչ միայն չպետք է բացարձակ մեծամասնություն կազմեն, նրանց պետք է հակադրվի և հավասարակշռի քաղաքացիական հասարակության անդամների ներկայությունը։ Եվ այս առումով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում իրավաբան գիտնականները ոչ մի դեպքում չեն կարող լինել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյա:

Համանման կարգավորումներ են նախատեսված դատական խորհուրդների (օրինակ` ՀՀ-ի դեպքում բարձրագույն դատական խորհրդի) կազմավորման հիմքում:

Վերը նշված փաստարկները թույլ են տալիս եզրակացնելու, որ Աշխեն Ղարսլյանի թեկնածության առաջադրումը դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու համար ոչ միայն արդարացված չէ, այլ նաև հակասում է անկախ, արդյունավետ և վստահելի դատական համակարգ ունենալուն ուղղված ներկայումս ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների ոգուն և նպատակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել