Hraparak-ի անանուն զրուցակցի պնդումը, թե ՀՀ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների իրավական հիմք չկա, իրականությանը չի համապատասխանում
11:32 - 24 հուլիսի, 2020

Hraparak-ի անանուն զրուցակցի պնդումը, թե ՀՀ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների իրավական հիմք չկա, իրականությանը չի համապատասխանում

Հուլիսի 10-ին Hraparak.am կայքը հրապարակել է «Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ՆԱՏՕ-ի հետ» վերտառությամբ մի նյութ, որտեղ անանուն զրուցակցի խոսքերով ներկայացնում է, թե Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների իրավական հիմք չկա։ Այս նյութը, ի դեպ, արտատպել են նաեւ այլ կայքեր։

Լրատվամիջոցի զրուցակիցը, մասնավորապես, հիշեցրել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Անհատական համագործակցության գործողությունների` IPAP-ի ծրագրով, որը ստորագրվել է 2005-ին, սակայն պնդել է, թե այն պետք է 2 տարին մեկ վերաստորագրվի․

«Վերջինը ստորագրվել է 2017-ին՝ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի ընթացքում: 2019-ից ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիր չկա՝ հարաբերությունների իրավական հիմքը բացակայում է։ Խնդիրը կարգավորելու համար 2019-ի մարտի 11-12-ին Հայաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ապաթուրայը, որը հանդիպեց տարբեր պաշտոնյաների՝ Արմեն Սարգսյանի, Զոհրաբ Մնացականյանի, Տոնոյանի հետ, սակայն վարչապետը չհանդիպեց նրա հետ, եւ որեւէ տեղաշարժ չարձանագրվեց»,- ասել է կայքի անանուն աղբյուրը: 

Hraparak.am-ի զրուցակիցը չի սխալվում․ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերային հարաբերությունները եւ տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգանում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում՝ դեռեւս 2006 թվականից: Այս ծրագրի իրականացումն օժանդակում է Հայաստանին իր պաշտպանական եւ անվտանգության համակարգերը բարեփոխելու, ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցության ունակությունը բարձրացնելու, անվտանգության ոլորտի լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում:

Մասնավորապես, 2005 թվականի հունիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Հյուսիսատլանտյան խորհրդին է ներկայացրել Հայաստանի առաջին Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ), որը դեկտեմբերին հաստատել են ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդն ու Հայաստանը: Ծրագրի իրականացումը, ինչպես նշեցինք, սկսվել է 2006 թվականից։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից մեր գրավեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ 2006-2008թթ․, ԱԳԳԾ փաստաթղթի իրականացումից հետո ստորագրվել եւ հաջողությամբ իրականացվել են 2-րդ՝ 2009-2010թթ․, 3-րդ՝ 2011-2013թթ․, 4-րդ՝ 2014-2016թթ. եւ 5-րդ՝ 2017-2019թթ․ ԱԳԳԾ փաստաթղթերը։

Ինչպես նշել են նախարարությունից՝ ծրագրով նախատեսված գործողությունների կատարման փաստաթղթի ժամկետի ավարտին տեղի է ունենում դրա իրականացման գնահատումը՝ «ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե-Հայաստան» ձեւաչափով նիստի ընթացքում։ Իսկ գործող փաստաթուղթը շարունակում է ուժի մեջ մնալ՝ մինչեւ հաջորդ փաստաթղթի հաստատումը։

ՀՀ արտաքին գերատեսչությունից Infocom.am-ին տեղելացրել են, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ԱԳԳԾ 6-րդ փաստաթղթի տեքստը, իսկ մինչ այդ փաստաթղթի հաստատումը՝ ՀՀ տարբեր գերատեսչությունները շարունակում են իրականացնել ԱԳԳԾ 5-րդ փաստաթղթում ամրագրված միջոցառումները, բացառությամբ նրանք, որոնց իրականացումը COVID-19 համավարակի պատճառով ստեղծված արտակարգ դրության սահմանափակումների պայմաններում անհնար է։

Իսկ ԱԳԳԾ՝ ուժի մեջ գտնվող 5-րդ փաստաթղթի իրականացման ընթացքում 2018 թվականի մայիսի 24-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել ՆԱՏՕ/ԵԱԳԽ գործընկերության եւ հավաքական անվտանգության կոմիտե+Հայաստան ձեւաչափով նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացված աշխատանքների մասին 2017թ. զեկույցը:

2018-ի հուլիսի 11-12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Աֆղանստանում Հաստատակամ աջակցություն ՆԱՏՕ-ի անվտանգության առաքելության գործընկեր երկրների ղեկավարների հավաքին եւ հանդես եկել ելույթով:

Դեկտեմբերի 4-5-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Հաստատակամ աջակցություն ՆԱՏՕ-ի անվտանգության առաքելության գործընկեր երկրների նախարարական հանդիպմանը, հանդես եկել ելույթով եւ հանդիպել ՆԱՏՕ ԳՔ տեղակալ Ռոզ Գոթեմյոլլերին:

2019 մարտի 11-15-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվել են հերթական՝ 12-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները:

Այդ շաբաթ տեղի է ունեցել նաեւ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի այցը Հայաստան: Նա հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այցը համընկել է Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների հետ եւ ԳՔ հատուկ ներկայացուցիչ Ապատուրայը Ֆրանսիական համալսարանում հանդես է եկել հանրային դասախոսությամբ:

Մարտի 14-15-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնի այցը Հայաստան: Նա հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, ինչպես նաեւ ելույթով հանդես է եկել Կանայք, Խաղաղություն եւ Անվտանգություն. Միջազգային եւ Հայաստանյան պրակտիկա խորագրով կոնֆերանսին:

Հյուսիսատլանտյան դաշինքի ու Հայաստանի համագործակցության համատեքստում հարկ է հիշել նաեւ վերջին շրջանում հայ-ադրբեջնական սահմանային լարվածության ընթացքում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հայտարարությունը, որտեղ վերջինս մտահոգություն էր հայտնել այդ զարգացումների կապակցությամբ․ «Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան: Այս հայտարարության չեզոք դիրքորոշումնն, իհարկե, հասկանալի է, քանի որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը չեն հանդիսանում այս կառույցի անդամ, սակայն սա եւս մեկ փաստ է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն շարունակում են իրավական հիմքի վրա կառուցված իրենց համագործակցությունը։

Այսպիսով, Hraparak.am կայքն անանուն զրուցակցի միջոցով ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների իրավական հիմք չկա․ սակայն, ինչպես նշեցինք, մինչեւ նոր փաստաթղթի ստորագրումը՝ գործում է ԱԳԳԾ 5-րդ փաստաթուղթը։ Ըստ այդմ՝ ապատեղեկատվություն է նաեւ, թե ՆԱՏՕ-Հայաստան ԱԳԳԾ 5-րդ փաստաթղթից հետո որեւէ տեղաշարժ չի արձանագրվել, եւ որ այդ փաստաթուղթը պետք է վերաստորագրվի 2 տարին մեկ․ ԱԳԳԾ 6-րդ փաստաթղթի տեքստը, ինչպես նշեցինք, արդեն իսկ քննարկման փուլում է։

Լուսանկարում՝ Ջեյմս Ապատուրայը

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել