«Երբ եկա համակարգ, չէի պատկերացնում, որ ամեն ինչ այդ աստիճան վատ է». անտառտնտեսության ղեկավարը իրավապահներին հաղորդումներ է ներկայացրել
 |medialab.am|
21:18 - 23 հուլիսի, 2020

«Երբ եկա համակարգ, չէի պատկերացնում, որ ամեն ինչ այդ աստիճան վատ է». անտառտնտեսության ղեկավարը իրավապահներին հաղորդումներ է ներկայացրել |medialab.am|

medialab.am: «Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ձեր աշխատանքային գործունեության ընթացքում ի՞նչ չարաշահումներ եք արձանագրել, ի՞նչ խնդիրներ կան ոլորտում։

– Երբ եկա այս համակարգ, վճռականորեն էի տրամադրված, որ ոչ մի ապօրինություն չեմ հանդուրժելու։ Բայց ես նաև ինքս իմ մեջ մտածում էի, որ իմ գալու օրվանից ոչ մի ապօրինություն չի լինելու։ 

Ես չէի պատկերացնում, որ ամեն ինչ այդ աստիճան վատ է։ Ես գրեթե մեկ ամիս բոլոր փաստաթղթերն ուսումնասիրեցի և բացահայտեցի, որ շատ բաներ չեն համընկնում, շատ հարցեր իմ մեջ առաջացան՝ կապված մեքենաների հետ։ 

Ես արդեն երեք հաղորդում եմ ներկայացրել իրավապահներին՝ մեկական գործ դատախազությանը, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին։ Ցանկանում եմ ընդգծել, որ փայտ վաճառելը ամենատեսանելին է, որը տեղի է ունենում այդ համակարգում։ 

Երբ ես տեսնում եմ, թե մեր անտառտնտեսության փոքր բյուջեն ինչ աստիճան է չարաշահվել, վախենում եմ պատկերացնել, թե մեծ բյուջե ունեցող մյուս հիմնարկներում ինչեր են տեղի ունեցել։

Չարաշահումները տարբեր են՝ սկսած գույքից։ Օրինակ՝ որոշակի գույք կա, ընդունում եմ, ցուցակի մեջ մեկ ապրանք է գրված, բայց լրիվ այլ ապրանք է ներկայացված։ Ցուցակով մի ապրանք անսարք է, փոխարենը՝ մեկ այլ անսարք ապրանք է դրված։ 

Հարցնում եմ՝ իմաստը ո՞րն է անսարք ապրանքն անսարքով փոխարինելու։ Եվ հետ են բերել այդ ապրանքը։ Ինձ համար սկզբունքային հարց է, ես պետք է վստահեմ այն մարդկանց, որոնց հետ աշխատում եմ։ Եվ եթե մի մարդ, իմանալով հանդերձ, որ աշխատող ապրանքը դուրս է գրվել չաշխատողի փոխարեն, հիմա կանգնել ու նույնն իմ դեմքին է ասում, նշանակում է, որ ազնիվ չէ իմ նկատմամբ։

Բենզինի ծախսի՝ ահռելի ծավալով անհամապատասխանություն կա։ Դեպքեր կան, որ մեքենան գազով է աշխատում, բայց բենզինի ծախս է դուրս գրվել։ Մեքենաներ կան, որոնց վրա ահռելի ծավալով գումար է ծախսվել, բայց անսարք վիճակում են։ 

Բայց անկախ նրանից, ձեռքիս տակ ինչ փաստեր ունեմ, դա իմ որոշելիք հարցը չէ, գործերից մեկով, որն ուղարկել եմ դատախազություն, ես ասել եմ՝ հանցակազմի առկայությունը ստուգեք։ Հիմա քննություն է ընթանում, չեմ ուզում այս փուլում շատ փակագծեր բացել, թող իրավապահները պարզեն։

– Կա՞ն նաև դեպքեր, երբ աշխատակիցներ եք ազատել աշխատանքից։

– Այո՛, ազատել եմ նրանց, որոնց հանդեպ վստահություն չունեմ։ Ավելի ճիշտ՝ իրենք են ազատման դիմում գրել։ Երբ ես նշանակվեցի այս պաշտոնին, կառույցում ուժեղ դիմադրություն եղավ։ 

Բայց ես բոլորի ներկայությամբ հայտարարեցի, որ դա հիմք չեմ ընդունելու աշխատանքային հարաբերություններ կառուցելու համար։ Ես կոչ արեցի ու խնդրեցի, որ այսուհետ աշխատանքային պարտականությունների հանդեպ ուշադիր լինեն, ասել եմ, որ պատրաստ եմ զիջումների գնալ։ Բայց քանի որ տեսնում եմ, այդ ամենը չարաշահվում է, ստացվում է, որ իրենք քեզ այդ բարոյական պարտքից ազատում են։

– Ինչո՞ւ այդ համակարգի որոշ աշխատակիցներ չեն կարողանումա հարմարվել նոր աշխատանքային պայմաններին։

– Եթե հաշվի առնենք, որ այդ հիմնարկում չորս պահակի հաստիք կա, և մինչև հեղափոխությունը նրանցից երկուսը Գասպարյան Վովայի ամառանոցն էին հսկում, մյուս երկուսը՝ անտառտնտեսության նախկին տնօրենի ամառանոցը, դա արդեն խոսում է այդ կառույցի ընդհանուր ոճի մասին։ 

Հաստիքներ կան, որոնք դաշտային հաստիքներ են, օֆիսային չեն և շատ վերահսկելի են։ Հաշվի առնելով, որ նախկինում չի վերահսկվել, մարդիկ երևի լավ չեն հասկացել, որ իրավիճակ է փոխվել, և շարունակում են նույն ոճով աշխատել։ 

Ինձ համար, օրինակ՝ բացարձակ տարբերություն չկա, թե ով ում ծանոթն է։ Եթե ինքն իր պարտականությունները չի կատարում, ուրեմն ինքը տեղում չէ։ Եվ ես չեմ գտնում, որ պետք է բոլոր աշխատողների հետևից պահակի նման շրջեմ ու ստուգեմ։ Ես ուզում եմ վստահել իմ աշխատողներին։ Եվ պատրաստ եմ նաև արդարացնել նրանց վստահությունը։

– Ինչ մեթոդո՞վ եք պայքարում ապօրինի անտառահատումների դեմ։

– Իրականում մեր անտառից վերջին երեք ամիսների ընթացքում ընդամենը հատման մեկ դեպք է եղել։ Մեկ ծառի ճյուղ էին հատել։  Մեր խնդիրն այն է, որ մեր գյուղերից մեկի բնակիչները փայտ են գողանում կողքի անտառտնտեսությունից։ Եվ որպեսզի մենք այդ դեպքերը կանխարգելենք, կոնկրետ ես զանգել եմ ոստիկանություն, խնդրել, որ ճանապարհային անցակետը տեղափոխեն այնպիսի տեղ, որպեսզի հնարավոր չլինի որևէ կերպ շրջանցել։ 

Նախքան իմ ահազանգը, անցակետը եղել է այնպիսի վայրում, որ մարդիկ, չհասած այդ անցակետ՝ կարողանում էին դաշտամիջյան ճանապարհներով անցնել ու չբռնվել։ Ես կարծում եմ, որ մեր անտառը բոլորիս անտառն է, եթե իմ անտառտնտեսությունից գողություն չեն անում, դա չի նշանակում, որ մեր երեխաներից չի գողացվում։ 

Մենք անտառտնտեսությունների տնօրեններով համագործակցում ենք, ոստիկանության հետ անընդհատ կապի մեջ ենք։ 

Ավելին՝ medialab.am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել