Ինչ է քննարկվել վարչապետի եւ գործարարների հանդիպմանը
 |lragir.am|
21:24 - 23 հուլիսի, 2020

Ինչ է քննարկվել վարչապետի եւ գործարարների հանդիպմանը |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

Պարոն Ղազարյան, գործարարների հետ միասին երեկ հանդիպել եք վարչապետին, ի՞նչ քննարկում է ծավալվել, ի՞նչ տրամադրություններ ու սպասումներ ունեն գործարարները։

Այս հանդիպումը կազմակերպվել էր շուրջ 4 շաբաթ, մենք մեր միությունում չորս շաբաթ առաջ 500 հոգուց հավաքագրեցինք հարցեր, խմբագրված 19 հարց  ու առաջակ ուղարկեցինք էկոնոմիկայի նախարարություն։ Այդ 19-ից մի մասին այս ընթացում նախարարությունը գրավոր արձագանքեց, տեղեկանք պատրաստվեց վարչապետի հետ հանդիպման համար, և երեկ արդեն երկուստեք պատրաստված մասնակցեցինք քննարկմանը։ Ունեցանք 7 ելույթներ՝ նախատեսված 9-ի փոխարեն, 2-ը չհասցրեցինք, որովհետև բավական երկար տևեց մեր քննարկումը՝ մեկ ժամի փոխարեն 2 ժամ 25 րոպե։

Ելույթ ունեցողներն առաջարկներ հնչեցրեցին համավարակի շրջանում կառավարման մենեջմենթի խնդիրների վերաբերյալ, կառուցապատման ոլորտի ակտիվացման, շինարարական թույլտվությունների, հիպոթեքային վարկավորման վերաբերյալ, որպեսզի շինարարության ոլորտն արագ հնարավոր լինի վերականգնել։ Հարցեր բարձրացվեցին մի նուրբ ոլորտի մասին, ինչպիսին է խաղողագործությունն ու գինեգործությունը, նաև քննարկվեց գյուղատնտեսական տնտեսությունների խոշորացումը, հողօգտագործողների միավորումը և կոոպերատիվների ստեղծումը, առանց որի գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալները չեն աճում։

Նույնիսկ խոսվեց գույքահարկի մասին օրենքի խմբագրման մասին։ Մեր անդամներից մեկն առաջարկեց, որ անպայման օրենքի կիրառմանը զուգահեռ նաև եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում կիրառվի ծախսերի նվազեցումը, որը կբերի գույքահարկի այդ բեռի սոցիալական ծանրաբեռնվածության նվազեցմանը։

Խոսեցինք նաև այն մասին, որ չորս ամսվա ընթացքում կառավարությունը պարբերաբար արձագանքեց մեր առաջարկներին՝ համավարակի դեպքում աշխատատեղերի պահպանման, վարակի հնարավոր տարածումը մեղմելու և տնտեսության մեջ զբաղվածության ապահովման վերաբերյալ։ Եվ արժևորեցինք կառավարության մի քանի ծրագրերը, որոնք բերեցին նրան, որ մենք մի քանի վիճակ ունեցանք։ Առաջինը՝ համավարակի առաջին երկու ամիսներին շատ էինք տագնապում, բայց ապրանքային սով Հայաստանում չեղավ։ Մայիսի վերջ-հունիսից մտածում էինք, որ աստիճանաբար արտադրական ծավալները տարբեր ոլորտներում վերականգնվում են, բացառությամբ տուրիզմի, որը դեռ կոլապսի մեջ է։ Եվ կարող ենք արձանագրել, որ այսօր բիզնեսը կարողանում է տնտեսության հետագա զարգացման հիմքերն ապահովել։ Իսկ դա արդեն երկուստեք թեժ աշխատանք է։

Վարչապետը նաև մեզ հետ մանրամասն քննարկեց հայեցակարգային հարցեր՝ տնտեսական քաղաքականության, երկրի զարգացման ռազմավարական խնդիրների վերաբերյալ։ Մենք էլ ասացինք վարչապետին, որ դրանից ելնելով ՝ մեր «Ինչ անել 3» գիտաժողովը հենց նվիրաբերելու ենք համավարակի ժամանակ տնտեսության վերականգնման հնարավորություններին, որովհետև շատ կարևորում ենք դա։ Այդ գիտաժողովը 1-1․5 ամիս անց վարչապետի մասնակցությամբ պետք է կայանա։

Եթե ընդհանուր գնահատենք, շատ կառուցողական ու պարտավորեցնող աշխատանքային մթնոլորտ էր։ Վարչապետը հանձնարարեց փոխվարչապետին ու երեք նախարարներին, որպեսզի գործարար համայնքի հետ պարբերաբար այդ քննարկումներն անեն։ Իսկ մենք մինչ այդ հանդիպումը քննարկումներ էինք ունեցել փոխվարչապետի, էկոնոմիկայի նախարարի հետ։ Ամենակարևորն այն է, որ տնտեսության մեջ նկատվող խնդիրների պուլսը կառավարությունը զգա, որ կարողանա արձագանքել։ Այս իմաստով մենք մթնոլորտը որակում ենք շատ կառուցողական և մի քիչ էլ պարտավորեցնող, որ մենք էլ՝ որպես միություն, կարողանանք ժամանակին արձագանքել մեր անդամների խնդիրներին։

Ավելին՝ Lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել