ԲՀԿ-ի վեց տնտեսական մանիպուլյացիաները․ ինչու չեն իրագործվել Ծառուկյանի ծրագրերը
12:29 - 18 օգոստոսի, 2020

ԲՀԿ-ի վեց տնտեսական մանիպուլյացիաները․ ինչու չեն իրագործվել Ծառուկյանի ծրագրերը

ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 11-ին ֆեսբուքյան իր էջում հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ ներկայացվում են Գագիկ Ծառուկյանի այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվել իշխանությունների «ապաշնորհ կառավարման պատճառով»:

Տեսանյութում խոսվում է հետևալ ծրագերի, նախաձեռնությունների մասին․

  • Կեմպինսկի Լյուքս դասի հյուրանոց, որը կյանքի է կոչվում Քուվեյթի թագավորական ընտանիքի ներկայացուցիչ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահի հետ համատեղ․ ներդրումների նախնական ծավալը ավելի քան 100 մլն դոլար էր:
  • Աբովյանում կառուցվող բազմաբնակարան թաղամաս՝ երիտասարդների համար․ բնակարան էր ձեռք բերելու ավելի քան 2000 ընտանիք՝ վճարելով  ամսական ընդամենը 65․000 դրամ:
  • Արսիլիցիումի գործարան․ ներդրումային ծրագիրն արժենալու էր մոտ 1 մլրդ դոլար, բացվելու էր մոտ 3000 աշխատատեղ:
  • Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ընկերության գործարանի կառուցում:
  • Բամբակի գործարան, որը աշխատատեղով պետք է ապահովեր 300-ից ավելի մարդու:
  • 20 մլրդ վարկային ռեսուրս երկիր ներգրավելու նախաձեռնություն, որի միջոցով փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին վարկերը հասանելի էին դառնալու 1-1,5 տոկոսով։

Անդրադառնանք այս նախաձեռնություններից յուրաքանչյուրին՝ հասկանալու՝ ինչքանով է դրանց չիրագործումը ապաշնորհ կառավարման արդյունք:

Կեմպինսկի լյուքս դասի հյուրանոց, որի աշխատանքները, ԲՀԿ-ականների պնդմամբ, «քաղաքապետարանի ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով» կիսատ են մնացել

2011 թվականին, ըստ մամուլի հրապարակումների, Kempinski Hotel Group-ը Երևանում, ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում և չեխական Մարիենբադում 5-աստղանի հյուրանոցներ կառուցելու պայմանագիր էր կնքել:

2017-ին Աբովյան 5 հասցեում սկսվեցին հյուրանոցի շինարարական աշխատանքները: Իրականացվում էին «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող շինության քանդման աշխատանքներ՝ այս և հարակից տարածքներում հյուրանոցային համալիրը կառուցելու նպատակով:

Դեռևս 2008-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ Աբովյան 5 հասցեում իրականացվող շինարարության հետ կապված հայց էր ներկայացվել դատարան։ Հայցվորը հարևան շենքի սեփականատեր Աննա Մարտիրոսյանն էր: Ըստ հայցի՝ շինարարական աշխատանքներն ընթացել էին խախտումներով, ինչի արդյունքում վնասվել էր իր շենքի սեյսմակայունությունը: Դատարանը վճռել էր դադարեցնել շինարարությունը՝ մինչև կառուցապատող ընկերությունը վերացնի խախտումները:

Հյուրանոցի շինարարական աշխատանքները ընդհատումներով շարունակվել են նաև դրանից հետո: 

2018 թվականի փետրվարին Մարտիրոսյանը մեկ այլ հայցով դիմել էր դատարան, որի արդյունքում նորից կասեցվել էր հյուրանոցի շինարարությունը: Հայցով «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ից պահանջվում էր Աբովյան փողոց 5 հասցեին կից տարածքները վերականգնել մինչ շինարարական աշխատանքների եղած դրությունը, շինարարությունն իրականացնել շինարարական նորմերի ու քաղաքաշինական նորմերի պահանջների համապատասխան` ապահովելով սեյսմիկ կարը։

2018թ. փետրվարի 16-ին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվել է շինարարության թույլտվություն, սակայն փետրվարի 19-ին դատարանը վարույթ է ընդունել «Մուլտի գրուպ» կոնցեռնի դեմ ներկայացված հայցը, որի արդյունքում կասեցվել են շինարարական աշխատանքները, և անվավեր են ճանաչվել 2017-ի դեկտեմբերին և 2018-ի փետրվարին Երևանի քաղաքապետարանի տված շինարարության թույլտվությունները:

Շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրենը չի պահպանել օրենսդրության համապատասխան պահանջները, և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 3-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված իրավախախտման փաստով Երևանի քաղաքապետարանի (քաղաքապետ՝ Տարոն Մարգարյան)  նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018թ. մայիսի 2-ին կայացվել է որոշում՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին՝ նշանակելով վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Գլխավոր տնօրենը ծանուցվել է շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, սակայն, անտեսելով այն, շարունակել է աշխատանքները:

Նույն վարչական իրավախախտումը կրկին հայտնաբերելուց հետո՝ 2018թ. հունիսի 7-ին, կազմվել է ևս մեկ արձանագրություն, որի հիման վրա Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018թ. հունիսի 27-ին կրկին կայացվել է որոշում՝  ՍՊԸ գլխավոր տնօրենին ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին և նշանակվել է վարչական տույժ՝ 2.500.000 ՀՀ դրամի չափով:

Քրեական գործով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրենին՝ Սեդրակ Առուստամյանին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2020թ. ապրիլի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև 2020թ. ապրիլի 14-ին՝ իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու և հիշյալ շինության կառուցումը շարունակելու մեղադրական եզրակացությամբ: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2020թ. հուլիսի 24-ին, տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից:

Այսպիսով՝ տեսանյութում հնչած այն պնդումը, թե հյուրանոցի շինարարական աշխատանքները կիսատ են մնացել քաղաքապետարանի ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով, անհիմն են, քանի որ դրա պատճառը հարուցված դատական գործերն են:

«Երիտասարդական թաղամաս»՝ Աբովյանում

Գագիկ Ծառուկյանը Աբովյան քաղաքի 55-ամյակի տոնակատարության ժամանակ Աբովյանի քաղաքացիներին խոստացել էր կառուցել նոր բնակելի թաղամաս՝ երիտասարդների համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին հայտարարությունից 1 ամիս անց, սակայն 2019թ. փետրվարին Կոտայքի մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խումբն արձանագրել է Աբովյան քաղաքում ինքնակամ կառուցվող շենքերի հիմքերի իրականացման փաստ: Մեր հարցմանն ի պատասխան՝ Կոտայքի մարզպետարանից տեղեկացրին, որ Աբովյանի քաղաքապետին առաջարկվել է կասեցնել ապօրինի շինարարությունը և սահմանված կարգով օրինականացնել հետագա կառուցապատումը: 2019թ. ապրիլի 9-ին Աբովյանում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազին՝ դրանք քննության առարկա դարձնելու նպատակով: Հետագայում՝ 2019թ. հուլիսի 3-ին, համայնքի ղեկավարի ցուցաբերած անգործության հետևանքով և ՀՀ Կոտայքի մարզպետի ահազանգի հիման վրա ՀՀ քաղաքաշւնության, տեղնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է տեսչական ստուգումներ, և դրանց արդյունքների հիման վրա 2019թ. հուլիսի 4-ին կազմվել է հողերի օգտագործման և պահպանման խախտումների վերաբերյալ թիվ 12 ակտը: Համայնքի ղեկավարը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի դրույթների կիրառմամբ ինքնակամ կառուցապատում իրականացնող Մուլտի Գրուպ Կոնցեռնին Աբովյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թ.թ. 6,7,8,9, 21 և 22 հասցեներում գտնվող սեփական հողամասերի վրա ինքնակամ շինություններ կառուցելու համար նշանակվել է 200․000 դրամ վարչական տուգանք: Նշված հասցեներին հարակից, համայնքային սեփականություն հանդիսացող ավելի քան 3,7 հա հողատարածքում իրականացված թվով 13 շենքերի ինքնակամ կառուցման համար նշանակվել է ևս 400․000 դրամ տուգանք: Տեսչական մարմինը արձանագրված խախտումների վերաբերյալ նյութերը ուղարկել է ՀՀ դատախազություն:

Ըստ հարցման պատասխանի՝ ինքնակամ կառուցապատում իրականացնող ընկերությունը՝ Մուլտի Գրուպ Կոնցեռնը, շինարարությունը չի դադարեցրել, Աբովյանի քաղաքապետն էլ գործուն միջոցներ չի ձեռնարկել ինքնակամ շինարարությունը դադարեցնելու համար, այդ թվում՝ ընկերության վրա չի կիրառվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթը՝ համաձայն որի՝ տուգանքները նշանակելուց հետո ինքնակամ շինարարությունը շարունակելը առաջացնում է տուգնաքի նշանակում՝ 2․500․000 դրամի չափով: 

2019թ. օգոստոսին Կոտայքի մարզպետարանում կայացել է Երիտասարդական թաղամասի հարցի քննարկում, որին մասնակցել է նաև Աբովյանի քաղաքապետը: Քննարկման ադյունքում առաջարկվել է դադարեցնել շինարարությունը և մեկամսյա ժամկետում քայլեր իրականացնել՝ դրանց օրինականացման ուղղությամբ: 2019-ի սեպտեմբերին Աբովյանի քաղաքապետարանում Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության, հողաշինության և հողօգտագործման բաժնի պետերի մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում առաջարկվել է, որ Աբովյանի քաղաքապետին լիցենզավորված ընկերությունների ներգրավմամբ իրականացվեն չափագրման աշխատանքներ, որոնց արյունքում կօրինականացվի շինարարությունը: Հոկտեմբերին իրականացված տարածքի տեղազննության արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքները լայն թափով շարունակում են ընթանալ: Նոյեմբերի 25-ին Աբովյանի քաղաքապետարանի և Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների համատեղ շրջայցի ընթացքում շինարարությունն արդեն դադարեցված է եղել: Համեմատելով նախորդ ստուգայցի ժամանակ արձանագրված տվյալները՝ պարզվել է, որ թիվ 10 շենքը ավելացել է ևս 2 հարկով, թիվ 11-ը և 13-ը 3-ից դարձել են 5 հարկ, իսկ թիվ 14-ը 6-ից դարձել է 9 հարկ:

Այսպիսով՝ Երիտասարդական թաղամասի շինարարական աշխատանքները կիսատ են մնացել ոչ թե իշխանությունների ապաշնորհ կառավարման, այլ շինարարության ապօրինի լինելու պատճառով:

Արսիլիցիումի գործարանի ներդրումային ծրագիր, որն, իբրև, կիսատ է մնացել՝ «արհեստական խոչընդոտների, բյուրոկրատական  քաշքշուկների» պատճառով 

«Արսիլիցիում» ՍՊԸ-ն 2018 թվականին հիմնել են Գագիկ Ծառուկյանն ու Դավիթ Գևորգյանը: 

Սիլիցիումը թթվածնից հետո բնության մեջ ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա: Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում. հանդիպում է գլխավորապես միացությունների մեջ, մասնավորապես՝ գրանիտի, բազալտի, քվարցի, կավի, ավազի: Սիլիցիումը օգտագործվում է ջերմաէլեկտրական, ռադիո-լուսատեխնիկական սարքեր, ուղղիչներ և փոխարկիչներ պատրաստելու համար։ Սիլիցիումի փոշուց ստանում են համաձուլվածքներ, սիլիցիդներ և սիլիցիումի կարբիդ։

Ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի դիմումի և Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի առաջարկության հիման վրա ընդունվել է որոշում՝ Արարատ քաղաքային  համայնքի վարչական տարածքում գտնվող, «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ» ՍՊԸ-ի սեփականությունը  հանդիսացող  10,0 հա հողամասից 7,0 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  արոտավայր  հողատեսքը՝ փոխել և դարձնել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս:

Այստեղ կառուցվելու էր սիլիցիումի գործարան, սակայն, օրենքով սահմանված կարգով կազմակերպված առաջին հանրային լսումների ժամանակ կազմակերպիչների նախաձեռնությունը մերժվել է, ինչի պատճառով գործարանի կառուցման աշխատանքները կիսատ են մնացել: Արարատի բնակիչները նույնպես դեմ էին արտահայտվել իրենց քաղաքում սիլիցիումի գործարանի կառուցմանը:

Մեր գրավոր հարցին՝ գործարանը ի՞նչ վնաս կարող էր հասցնել բնակչության առողջությանը, Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է, որ գործարանի շահագործման և կառուցման նախագծային փաստաթղթերը չեն ներկայացվել նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

«Արմօյլ» գործարան, որն, ըստ տեսանյութի, «պատկան գերատեսչությունների հարուցած արհեստական խոչընդոտների պատճառով» չի հաջողվում գործարկել

Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Ըստ ընկերության կայքում տեղ գտած տվյալների՝ այն զբաղվելու էր նավթային հումքի, նավթամթերքի` ավտոյուղերի, դիզելային վառելիքի, բիտումի ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով: 

2018 թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ-ն չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն, որի արդյունքում Տեսչական մարմնի՝ արդեն նախկին  ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել էր նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու որոշում՝ մինչև ՇՄԱԳ-ը և փորձաքննության դրական որոշման ստացումը։

2018 թվականի հուլիսի 14-ին և 18-ին ընկերությունը տեխնիկական փաստաթղթերը ներկայացրել էր բնապահպանության նախարարություն՝ ՇՄԱԳ-ի և փորձաքննության համար, սակայն ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին չհամապատասխանելու հիմնավորմամբ՝ փաստաթղթերը երկու անգամն էլ վերադարձվել էին լրակազմման: Սակայն ՇՄԱԳ փորձաքննության վերաբերյալ ընկերության դիրքորոշումն այս ընթացքում փոփոխվել էր: «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի կարծիքով՝ իրենց արտադրությունը ենթակա չէր փորձաքննության, քանի որ բիտում և քսայուղերի արտադրության մասով օրենքը ոչ մի փորձաքննություն չի նախատեսում: Բնապահպանության նախարարությունը «Արմօյլ» ընկերության արտադրությունը դասել էր նավթավերամշակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների շարքին և դրանով պայմանավորված՝ որոշել, որ այն ենթակա է փորձաքննության: Ընկերությունը, սակայն, հրաժարվում էր ՇՄԱԳ փորձաքննությունից: 

Բացի սրանից՝ 2019 թվականի փետրվարի 5-ին «Արմօյլ» ընկերության դեմ հայցադիմում էր ներկայացրել ընկերության կառուցած նավթամթերքի վերամշակման գործարանի հարևանությամբ՝ Եղվարդի Նատի թաղամասում պտղատու այգիներ հիմնած և տարիներ շարունակ չրի արտադրությամբ զբաղվող «Ռիվալ» ընկերությունը և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը՝ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջով: «Ռիվալ»-ի և Ռաֆիկ Վիրաբյանի հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2019թ. փետրվարի 21-ին վարույթ էր ընդունել: Նույն օրը դիմումատուն հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջով՝ որպես հայցի ապահովման միջոց, կիրառել անշարժ գույքի վրա արգելանքը, ցանկացած գործողություն իրականացնել արգելելը և շինաշխատանքների դադարեցում պարտավորեցնելը: Դատարանը բավարարել էր «Ռիվալ» ընկերության և Ռաֆիկ Վիրաբյանի միջնորդությունը, և դրա հիման վրա էլ ԴԱՀԿ-ն կատարողական վարույթ էր հարուցել և ընդունել նշված որոշումները: ԴԱՀԿ-ն արգելել էր «Արմօյլ»-ին նշված հասցեներում գտնվող տարածքներում իրականացնել ցանկացած տեսակի գործողություն: 

2019թ. օգոստոսի 22-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել 2019թ. հուլիսի 31-ին ներկայացված՝ «Ռիվալ» ՍՊԸ-ի և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանի՝ վնաս պատճառող գործունեությունն արգելելու պահանջի մասին հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի: Շրջակա միջավայրի նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Եղվարդ համայնքի ղեկավարը գործում ներգրավված են եղել որպես երրորդ անձինք: 

2020թ. հունիսի 18-ին «Ռիվալ» ՍՊԸ և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը նորից հայցադիմում են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Արմօյլ» ՓԲԸ-ի դեմ՝ շինություններն ինքնակամ քանդելուն` ապամոնտաժելուն պարտավորեցնելու պահանջով: Գործում որպես երրորդ անձինք ներգրավված են եղել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Քաղաքաշինության կոմիտեն: Հայցադիմումը վարույթ է ընդունվել 2020թ. հունիսի 8-ին: Հայցվորը նաև պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը, սակայն, դատարանը մերժել է:

Այսպիսով՝ պնդումը, թե «Արմօյլ» գործարանը պատկան գերատեսչությունների հարուցած արհեստական խոչընդոտների պատճառով չի հաջողվում գործարկել, սխալ է, քանի որ այն կապված է ընկերության՝ ՇՄԱԳ փորձաքննությունից հրաժարվելու, ինչպես նաև «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցադիմումների հիմքով հարուցված դատական գործերի հետ:

Բամբակի գործարանի մասին

2017 թվականին «Մուլտի գրուպ» կոնցեռնի և «Սաբբաղ գրուպ» ընկերության միջև կնքվել է ներդրումային պայմանագիր, որով նախատեսվում էր հետագա 5 տարիների ընթացքում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ավելի քան 4 հազար աշխատատեղ ստեղծել:

2019-ի ապրիլին Երևանի Արգիշտի 9 հասցեում հիմնվել է «ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔՈԹԹՈՆ ՌՈԴ» ՍՊԸ-ն, որի հիմնական նպատակը տեքստիլի արտադրության ամբողջ ցիկլը (բամբակի մշակումից՝ մինչև արտադրանքի թողարկում) Հայաստանում իրականացնելն էր: Հիմնադիրներն են Գ. Ծառուկյանը (70 %), Գագիկ Խաչիկյանը (20 %), որը նաև ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, Ամմար Սաբբաղը (5 %)՝ «Սաբբաղ գրուպ» ընկերության վարչական կազմի ղեկավարը, ու Ֆաուզի Ակֆալին (5 %): Ըստ հարկ վճարողների ռեգիստրի՝ Գագիկ Ծառուկյանի, Ամմար Սաբբաղի և Ֆաուզի Ակֆալիի մասնակցությունը դադարեցված է:

Ընկերությունն Արաքս գետի ափին՝ Արմավիրի մարզի Արաքս և Հայկաշեն համայնքներում, հիմնել էր բամբակի դաշտեր: Հայկաշեն համայնքի կազմում գտնվող Գայ համայնքի բնակիչների սեփականությունը հանդիսացող հողերում ևս բամբակի սերմ էր ցանվել, որի մասին բնակիչները իմացել էին պատահաբար: Նրանց պնդմամբ՝ Հայկաշեն համայնքի ղեկավարը՝ Վարշամ Հովհաննիսյանը, առանց իրենց իմացության թույլատրել է իրենց սեփականություն հանդիսացող հողերում բամբակ ցանել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու հատկանիշներով, որոնք ակնհայտորեն դուրս են եղել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց։

«ԾԱՌՈՒԿՅԱՆ ՔՈԹԹՈՆ ՌՈԴ» ՍՊԸ-ի հիմնադիր Գագիկ Խաչիկյանի առնչությամբ էլ պարզվել էր, որ նա անցյալ տարի ստեղծել էր «Ուզբեկ տեքստիլ գրուպը», աշխատանքի էր հրավիրել տաջիկների, որոնց մի մասին հետագայում հրաժարվել էր աշխատավարձ վճարել։ Տաջիկները բողոքի ակցիաներ անցկացրին, բարձրացած աղմուկից հետո վճարվեցին ու հեռացան Հայաստանից։

Պարզվել էր նաև, որ Խաչիկյանը Ծովազարդի տեքստիլի ֆաբրիկայի սեփականատերն է, որը չի կատարել խոշոր չափով վարկային պարտավորություններ։ Խաչիկյանը երկու անգամ մեղավոր է ճանաչվել փաստաթղթեր կեղծելու ու սահմանն ապօրինի հատելու համար։ Երկու անգամ էլ նույն գործողությունը կատարելու համար տուգանք է վճարել։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Պետեկամուտների կոմիտեն հունիսի 24-ին «Ծառուկյան քոթթոն ռոդին» ծանուցել էր ավելի քան 4.8 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորությունների մասին։

Բամբակի գործարանի աշխատանքների ձգձգման վերաբերյալ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացրին, որ Արարատի մարզի Հայանիստ համայնքում բամբակի գործարանի կառուցման համար ՀՀ կառավարության աջակցություն նախատեսված չէ, և այն իրականացնում է մասնավոր ներդրողը: Իսկ ըստ նախնական տեղեկության՝ վերջին 5 ամիսների ընթացքում աշխատանքներ չեն տարվել՝ մասնավոր ընկերությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով:

20 մլրդ դոլարի ներդրում, որը, ըստ ԲՀԿ-ականների, «իշխանությունների՝ բավարար կամք չցուցաբերելու պատճառով» կյանքի չկոչվեց

Այս նեդրումային ծրագրի մասին խոսել էր նաև Գագիկ Ծառուկյանը՝ հունիսի 16-ին իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության քննարկման ժամանակ: Ելույթի ժամանակ Ծառուկյանը մեղադրել էր իշխանություններին՝ ներդրումային ծրագրերի նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար: Սակայն, իրականում, ներդրումային այս ծրագիրը չի իրականացվել, քանի որ դրա իրականացումը կհամարվեր հակաօրինական

Հիշյալ ներդրումային ծրագրի համար ներդրողը պահանջել է պետական երաշխիք, որը համարվում է պետական պարտքի բաղկացուցիչ մաս: Ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի՝ պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է: Ներդրումները և զարգացման ծրագրերը համարվում են կառավարության պարտք: 

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կառավարության պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության սահմանային շեմը պետք է լինի 60 տոկոս: Կառավարության պարտքը նախորդ տարվա վերջի դրությամբ կազմել է 6․8 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 49․9 տոկոսը։ 

Եթե կառավարությունն ընդուներ այս ծրագիրը, ապա տեղի կունենար Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված հարկաբյուջետային կանոնների խախտում, և կառավարության պարտքն էապես կգերազանցեր ինչպես օրենքով ամրագրված սահմանային շեմը, այնպես էլ՝ երկրի ՀՆԱ-ն (մոտ 2 անգամ)։ Այս մասին Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո գրել էր Fip.am-ը:

Ըստ այդմ՝ տեսանյութում հնչած այն պնդումը, թե ներդրումային ծրագիրը չի իրականացել իշխանությունների՝ բավարար կամք չցուցաբերելու պատճառով, իրականությանը չի համապատասխանում:

Այսպիսով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի չիրագործված ներդրումային ծրագրերի վերաբերյալ 5 րոպե 47 վայրկյան տևողությամբ տեսանյութում առնվազն հինգ ապատեղեկատվություն և մանիպուլյացիոն պնդում կա։

Զարա Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել