Տիգրան Խաչատրյանն Արցախում է․ ստորագրվել է գյուղաջակցության ծրագրերի ներդաշնակեցման հուշագիր
21:38 - 24 հուլիսի, 2020

Տիգրան Խաչատրյանն Արցախում է․ ստորագրվել է գյուղաջակցության ծրագրերի ներդաշնակեցման հուշագիր

Մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում հուլիսի 24-ին տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններին, պետական օժանդակության ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին, երկու գերատեսչությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հեռանկարներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերին վերաբերող հարցեր։  

Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այս հանդիպման կարևոր նպատակներից է քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, գույքագրել երկու կողմերում առկա օժանդակության գործիքակազմը և միասնական քայլերով, առկա մարտահրավերների հաղթահարման միջոցով հասնել ոլորտի առավել արդյունավետ զարգացմանը և պարենային անվտանգության ապահովմանը, որը երկու պետությունում հարկավոր է դիտարկել մեկ նկարի մեջ` որպես ընդհանուր խնդիր։

«Մենք պետք է փորձենք համատեղ ուժերով գտնել պարենային անվտանգության և պարենային ապահովության հարցերի լուծման ուղիներ, խնդրի լուծման ընդհանուր բանալի՝ լավագույն եղանակով օգտագործելով այն ռեսուրսները, որոնք ունենք Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում։ Մեր ունեցած ռեսուրսները պետք է այնպես օգտագործվեն, որպեսզի կարողանան առավելագույնս ծառայել արդյունավետ գյուղատնտեսության զարգացմանը», - նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարար Խաչատրյանը նաև հույս է հայտնել, որ աշխատանքային այս հանդիպումը հիմք կհանդիսանա վերածելու փոխգործակցությունը ամենօրյա ձևաչափի։

ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն իր խոսքում նշել է, որ երկու պետությունների համար գյուղատնտեսութունը ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղ է և ներկայում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության առաջնային խնդիրներից է դեպի ոլորտ նոր ներդրումների ներգրավումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՀ ագրարային բնագավառում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, ընդգծվել է հայկական երկու պետությունների ծրագրերը ներդաշնակեցնելու կարևորությունը։ Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում մեկնարկած աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագրին։   

 Նախարարները համակարծիք էին, որ ոլորտում մշակվող և իրականացվող պետական օժանդակության ծրագրերը պետք է ուղղվեն գյուղատնտեսության մեջ ներգրավված տնտեսվարողների շահութաբերության ավելացմանը և արտադրողականության բարձրացմանը։  

Հանդիպման շրջանակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է մշակել և իրականացնել տեխնիկական ու գիտական համագործակցություն, իրագործել նախագծեր և ծրագրեր գյուղատնտեսության բնագավառում։

Փաստաթղթով նախատեսվում է երկկողմ համագործակցություն, մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքի վերամշակման և իրացման աշխատանքների համատեղ պլանավորման, բուսաբուծության և պտղաբուծության, սերմնարտադրության, բանջարեղենի արտադրության, խաղողագործության և գինեգործության, անասնաբուծության և անասնաբուժության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԱՀ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համատեղ վերապատրաստման և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին նրանց մասնակցության ապահովման, ագրոբիզնեսի հետազոտությունների իրականացման ոլորտներում, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ծրագրերի շրջանակում:

Այնուհետև Տիգրան Խաչատրյանն իր գործընկերոջ հետ շրջայց է կատարել «Ոսկե կաթիլ» ձեթի արտադրամասում, որտեղ արտադրվում է արևածաղկի, կտավատի, հլածուկի զտված և չզտված ձեթ։ Շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացվել են առկա արտադրական հզորությունները, ընկերության առաջիկա  ծրագրերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել