Դեպի Գնդեվանք ճոպանուղի և ճեմուղի. Ջերմուկում խոշոր ծրագրեր են նախատեսված |armenpress.am|
09:49 - 27 հուլիսի, 2020

Դեպի Գնդեվանք ճոպանուղի և ճեմուղի. Ջերմուկում խոշոր ծրագրեր են նախատեսված |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում նկատելի անկումից հետո, կարծես, ներքին տուրիզմի հատվածում, որոշակի դինամիկա է նկատվում: Այդ դինամիկան զգացվում է հատկապես Ջերմուկ խոշորացված համայնքում: Այստեղ ոչ միայն չեն դժգոհում, այլև արձանագրում են այցելուների հոսք:

«Այցելուների հոսք հատկապես նկատվում է շաբաթ, կիրակի օրերին: Կան առողջարաններ, որոնք այդ օրերին նույնիսկ տեղ չեն ունեցել: Մարդիկ կարճաժամկետ, բայց գալիս են: Հյուրանոցները կարողանում են օգտվել այդ այցելություններից, սակայն ռեստորաններն ու սրճարանները՝ ոչ այնքան: Ամեն դեպքում մարդկանց շրջանում կա զգուշավորություն, և շատերը չեն շտապում ռեստորաններ, սրճարաններ»,-  նշեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը: 

Համավարակի հետ կապված ակնկալվում էր, որ ներքին տուրիզմի հատվածում այս տարի գնային քաղաքականությունն այլ կերպ կլինի, հյուրանոցներում մատչելի փաթեթների պակաս չի զգացվի, սակայն կան դժգոհություններ, որ  դրանք շատերի համար շարունակում են հասանելի չլինել: Վարդան Հովհաննիսյանը համամիտ չէ այն դիտարկումների հետ, թե հյուրանոցային բոլոր փաթեթները թանկ են: 

«Մեզ մոտ կան ամենատարբեր գնային առաջարկներ: Եթե մարդիկ ուզում են հինգ աստղանի բարձրակարգ հյուրանոցում հանգստանալ, բնականաբար գինը բարձր է: Ամեն դեպքում դրանց կողքին ունենք երկու աստղանի հյուրանոցներ, հյուրատներ, բնակարաններ, որոնք վարձակալության են տրվում: Տարբերակներ կան, այլընտրանք կա, մարդիկ իրենց գրպանին համապատասխան կարող են գտնել»,-ասաց Վարդան Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ վարձակալությամբ տրվող բնակարանները սկսում են 10 000 դրամից: 

Ջերմուկը շարունակում է մնալ զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից մեկը` նշում է Վարդան Հովհաննիսյանն ու շտապում ներկայացնել այն ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են, նախատեսված են առաջիկայի համար: Նախ այս տարի Ջերմուկ խոշորացված համայնքում մինչև տարեվերջ 600 մլն դրամի չափով սուբվենցիոն ծրագրեր են նախատեսված: Մասնավորապես, ասֆալտապատում, բակերի, զբոսայգիների բարեկարգում, մանկական կենտրոնի ստեղծում, արևային էներգիայի ծրագրեր և այլն: 

Այս տարի արևային էներգիայի ծրագրերի համար նախատեսվել է 155 մլն դրամի չափով գումար: Ծրագիրը ենթադրում է արևային պանելների տեղադրում համայնքային նշանակության շենքերի վրա, ճոպնուղու մոտ: Արդյունքում՝ ստացված արևային էներգիայի օգտագործման չափաբաժինը համայնքում կմեծացվի: 

«Այս ծրագիրն առաջին անգամ է իրականացվում համայնքում: Ջերմուկում շատ է հոսանք ծախսվում և խնայողության համար գիշերը ժամը 1-ից հետո լույսներն անջատվում են, ինչը զբոսշրջային քաղաքի համար անհարմարություն է ստեղծում: Արևային պանելների տեղադրմամբ ոչ միայն կունենանք էներգիայի նոր աղբյուր, որը կբերի և՛ էլեկտրաէներգիայի խնայողության, և քաղաքի լուսավորության ժամերի երկարաձգման, այլև կարող ենք եկամուտ ստանալ: Չէ, որ արևային պանելներով ստացված էներգիան  տրվում է էլեկտրացանցին, հետո հաշվարկ է կատարվում: Եթե ավելի արտադրված էներգիա լինի, ապա կարող ենք նույնիսկ եկամուտ ստանալ»,-ասաց համայնքի ղեկավարը:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսվում է լուսավորության ցանցի բարելավում Ջերմուկ խոշորացված համայնքի մեջ մտնող Գնդեվազում, Կարմրաշենում և այլ գյուղերում: Համայնքի ղեկավարը նկատեց, որ Կարմրաշենում լուսավորության ցանցի աշխատանքները հիմնովին են կատարելու, այնտեղ խորհրդային տարիներից նորմալ լուսավորություն չի եղել: Շատ շուտով գյուղի փողոցներն ամբողջությամբ կլուսավորվեն: 

Գնդեվազում ոչ միայն լուսավորության ցանցն է բարելավվելու: Այստեղ փոքրիկներին ուրախացնող հանգամանք կա: Շատ շուտով նրանց առաջ դռներն է բացելու հիմնովին վերանորոգված  մանկապարտեզը: Գնդեվազում զբոսաշրջային խոշոր ծրագրեր կան նախատեսված ինչպես ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, այնպես էլ մասնավոր հատվածի ներդրումներով: Մասնավորապես, ՀՀ կառավարության ծրագրով կառուցվելու է Գնդեվազ գյուղից մինչև Գնդեվանք վանական համալիր տանող, 1,7 կմ երկարությամբ, ժամանակակից ճեմուղի՝ իր բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով:

Տեղանքում միտում կա զարգացնելու նաև նոր քայլարշավային, ձիարշավային տուրեր, տեղացիները նաև կազմակերպում են ձկնորսություն, գաստրոտուրեր և այլն: Համայնքի ղեկավարը զբոսաշրջության տեսանկյունից կարևոր նախաձեռնություն է համարում: Զբոսաշրջային ծրագրերն ամբողջացնելու են Գնդեվազում զիփլայնի ու ճոպանուղու կառուցումը, հանգստյան գոտու հիմնումը: Արդյունքում՝ զբոսաշրջիկների համար կստեղծվի միջնադարյան եկեղեցական համալիր հասնելու այլընտրանք: 

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել