tert.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն։

Նշվում է, որ երկու երկրների նախագահների զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

«Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողությունների բացառման կարևորությունը: Երկու կողմերը հայտնել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով լուծելու շահագրգռվածությունը՝ պատրաստակամություն հայտնելով համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում կայունացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահներն ընդգծել են նաև միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների։