Անի համայնքի ղեկավարն ազատազրկման է դատապարտվել ու զրկվել պաշտոն զբաղեցնելու իրավունքից

 |factor.am|
16:10 - 28 հուլիսի, 2020

Անի համայնքի ղեկավարն ազատազրկման է դատապարտվել ու զրկվել պաշտոն զբաղեցնելու իրավունքից |factor.am|

factor.am: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի քրեական գործով դատավճիռը։

Հիշեցնենք, որ  Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2004թ. հանդիսանալով ՀՀ ՇՄ Մարալիկ համայնքի, այնուհետև 2017թ.՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական հանցավոր մտադրությամբ վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված ուրիշի՝ համայնքի խոշոր չափերի գույքը և անձնական այլ դրդումներով կատարել պաշտոնեական կեղծիք:

Դատարանը որոշել է առաջադրված մեղադրանքում Անի համայնքի ղեկավարին մեղավոր ճանաչել ու դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման և համաներմամբ պատժից ազատել։ Միաժամանակ, դատարանը որոշել է Գևորգյանին զրկել համայնքապետարանում պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Այս մասին ասաց Արտակ Գևորգյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։

Նա նշեց, որ դատավճիռը ստանալուց հետո պատրաստվում են բողոքարկել այն Վերաքննիչ դատարանում։

«Ամենամեծ ցանկության դեպքում  անգամ դատարանը չի կարող անձին զրկել ընտրվելու իրավունքից, որովհետև օրենքը հստակ տալիս է, թե որ դեպքում անձը չի կարող ընտրվել։ Ռեալ պատիժ պիտի կրի, որ անձին կարողանան ընտրվելու իրավունքից զրկել, համայնքապետի մասին է խոսքը»,- ասաց Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանի խոսքով՝ Գևորգյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ բողոքարկման դեպքում դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտնում։ «Դատավճիռը կարող է կատարվել միայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Առնվազն մի քանի ամիս, եթե արդյունք էլ չունենք, շարունակելու է պաշտոնավարել։ Բայց ես չեմ կարծում, որ Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ կթողնի դատավճիռը»,- ասաց Հայրապետյանը։





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել