Առաջարկվում է վերականգնել առողջ միջավայր ունենալու սահմանադրական իրավունքը․ պետությունը կստանձնի՞ իր պարտավորությունը
22:11 - 29 հուլիսի, 2020

Առաջարկվում է վերականգնել առողջ միջավայր ունենալու սահմանադրական իրավունքը․ պետությունը կստանձնի՞ իր պարտավորությունը

2005 թվականի խմբագրության Սահմանադրությամբ ամրագրված էր «Առողջ միջավայր ունենալու» իրավունքը։ ՀՀ Սահմանդրության 32․2 հոդվածում, մասնավորապես, ասված էր․

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:

Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար»:

Իսկ նույն խմբագրության Սահմանադրության 10-րդ հոդվածում ասված էր, որ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:

2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններով, ի թիվս այլնի, «Առողջ միջավայր ունենալու» իրավունքը դուրս մնաց Մայր օրենքից։ Այսօր գործող Սահմանադրության մեջ շրջակա միջավայրի պահպանությանը եւ կայուն զարգացմանը վերաբերում է 12-րդ հոդվածը, որը սահմանում է հետեւյալը․ 

«1. Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով եւ հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջեւ:

2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»:

2020 թվականի սկզբին գործող կառավարությունը ձեւավորեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով․ ըստ ամենայնի՝ մինչեւ այս տարվա սեպտեմբերի մեկը պետք է պատրաստ լինի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: 

Առողջ միջավայր ունենալու իրավունքը վերականգնելու եւ Սահմանադրության մեջ այն կրկին ամրագրելու նպատակով «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ իրավունքի վերականգնման պահանջով։ Ստորագրահավաքի նախաձեռնողներից հետազոտող-բնապահպան Սոֆյա Մանուկյանն Infocom.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սահմանադրական առաջիկա փոփոխությունները լավ առիթ են այս իրավունքի մասին հիշելու համար․

«Այս ընթացքում շատ էր խոսվում, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մտադրություններ կան։ Հուլիսի 5-ին` Սահմանադրության օրը, վարչապետն էլ շնորհավորում էր ու ասում, որ հիմա կարիք կա փոփոխությունների։ «Առողջ միջավայրի իրավունքը» մինչեւ 2015 թվականը կար, բայց հետո փոփոխությունների արդյունքում հանվեց։ Այն ժամանակ, իհարկե, այդ փոփոխությունն առաջացրեց ընդդիմություն, բայց հաշվի չառնվեց։

Կարծում եմ, որ շատ լավ պահ է ե՛ւ «Առողջ միջավայր ունենալու իրավունքը», ե՛ւ ընդհանրապես միջավայրին վերաբերող տեղեկության իրավունքը սահմանադրորեն ամրագրելու համար։ Տարածաշրջանում Ադրբեջանը եւ Վրաստանը այս իրավունքը Սահմանադրության մեջ ունեն, բայց մեզ մոտ հիմա չկա։ Հուսանք, որ կվերականգնվի։ Ի վերջո Սահմանադրությունը մայր օրենքն է եւ մյուս օրենքների հիմքն է»,- մեր զրույցում ասաց Մանուկյանը։ 

Վերջինս նշեց, որ «Առողջ միջավայրի իրավունքը» սահմանադրորեն ամրագրելը հնարավորություն է տալիս ամենաբարձր մակարդակում ճանաչելու նման իրավունքը եւ մյուս օրենքներն ավելի ամրապնդելու։ Բացի այդ՝ սա բնապահպան հանրությանը տալիս է լծակներ՝ այդ թվում միջազգային հարթակներում արդեն սահմանադրակա՛ն իրավունքի հնարավոր խախտումները բարձրաձայնելու համար։

«Գուցե նախկինում այս իրավունքը լավագույնս չի կիրառվել, բայց եղել է, հետեւաբար իրավունքը Սահմանադրությունից հանելով՝ հետ քայլ ենք արել, եւ հիմա, հաշվի առնելով 2018 թվականից հետո եղած փոփոխությունները, սա կարող է լինել մի դրական փոփոխություն, մի առաջընթաց։ Այս իրավունքը լավ լծակ կարող է լինել՝ բնությունը առավել լավ պաշտպանելու համար»,- ընդգծեց նախաձեռնության անդամը։

Հասարակական կազմակերպության անդամները նախաձեռնության սկզբում իրենց գաղափարը շրջանառել են Ֆեյսբուք սոցիալական հարթակում, հետագայում, ստանալով բազմաթիվ արձագանքներ, սկսեցել են ստորագրահավաք, որը հետո պետք է ներկայացվի ե՛ւ կառավարությանը, ե՛ւ խորհրդարանին, որպեսզի հաշվի առնվի հանրային այս պահանջը։ Մանուկյանը նշեց, որ պաշտոնյանների արձագանքի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ստորագրահավաքը նոր է սկսվել։ 

«Սահմանադրությունը հանրության արժեքներն ու ձգտումներն է ներկայացնում, արտացոլում։ Իսկապես, եթե նման հետընթաց քայլ է եղել 5 տարի առաջ եւ հնարավոր չի եղել հետ վերադարձնել այս իրավունքը, եւ եթե հիմա էլ մենք չձգտենք վերադարձնել այն, դա ցույց կտա մեր վերաբերմունքը բնության հանդեպ։ Հետո արդեն կանցնենք հաջորդող քայլերին՝ պաշտպանություն եւ այլն»,- եզրափակեց Սոֆյա Մանուկյանը։

Infocom.am-ը թեմայի շուրջ զրուցեց նաեւ իրավապաշտպան, բնապահպան Նազելի Վարդանյանի հետ։ Վերջինս շեշտեց, որ միայն մեծ պայքարից հետո 2005 թվականի Սահմանադրության մեջ ամրագրվեց, որ մարդն ունի առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք, իսկ ահա հետո հանվեց՝ չնայած դրա կենսական նշանակությանը․

«Մարդն իրավունք ունի ի ծնե, ի բնե մաքուր օդ շնչելու, մաքուր ջուր խմելու, մաքուր միջավայրում ապրելու, որովհետեւ սրանք անհրաժեշտ են մարդու գոյատեւման համար։ Հարցի իրավական նշանակությունն այն է, որ եթե ջուրն է աղտոտվում, գետերը կամ օդն են աղտոտվում եւ այլն, մարդիկ կարող են դիմել դատարան՝ իրենց իրավունքը վերականգնելու համար։

Դատարանները առաջին հարցը տալիս են, թե՝ ձեր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել։ Երբ չկա այդ իրավունքը եւ այն Սահմանադրության մեջ ամրագրված չէ, այդ ժամանակ դատարանները նույնիսկ գործը վարույթ չեն ընդունում ու ասում են, թե ոչ պատշաճ հայցվոր են։ Կամ պետք է ռեալ ապացույց լինի, որ, օրինակ, դու այդ ջուրը խմել ես, դրանից հիվանդություն է առաջացել, բայց դա շատ բարդ է, եւ մարդիկ փակուղու առաջ են կանգնում»,- ասաց Վարդանյանը։

Փաստաբանն ընդգծեց, որ հենց սրանով էլ խախտվում է մեկ այլ՝ դատական պաշտպանության եւ դատարան դիմելու իրավուքը։ Իսկ այս իրավունքն ամրագրված է ոչ միայն մեր Սահմանադրությամբ, այլ նաեւ Մարդու իրավունքների եւ հիմանարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայով։

Այս պարագայում, Նազելի Վարդանյանի խոսքով, արդարադատության մատչելիության իրավունքն է խախտվում, ու նաեւ հենց այս տեսանկյունից է հիշյալը կարեւոր նախաձեռնություն։ 

Վարդանյանի պնդմամբ՝ Սահմանադրությունից մի շարք իրավունքներ հանելով՝ պետությունը թեթեւացրեց իր բեռը․

«Եթե իրավունքը սահմանված է, ուրեմն պետությունը երաշխավոր պետք է լինի այդ իրավունքները պաշտպանելու համար։ 2005 թվականի Սահմանադրության մեջ նշված էր, որ պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը, այսինքն՝ այդ բեռը դրված էր պետության վրա, եւ պետությունը պետք է ապահովեր շրջակա միջավայրի պահպանությունը, իսկ 2015 թվականի Սահմանադրության մեջ նշված է, որ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը․ այդ բեռը հանվել է պետության վրայից»,- ասաց բնապահպանը՝ հավելելով, որ սա նշանակում է՝ որեւէ մեկը պետք է ինչ-որ բան անի, որ հետո նոր պետությունը խթանի, եւ, բացի դա, հոդվածի շարունակության մեջ նշված է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել շրջակա միջավայրը։ Այսինքն՝ այդ պարտավորությունը պետությունից փոխանցվել է մարդուն, որը դա անելու որեւէ գործիք չունի՝ բացի փողոց դուրս գալը եւ բողոքի ցույցեր անելը։

«Քաղաքացին իր փոքր միջավայրում գուցե կարող է ինչ-որ բաներ անել, բայց եթե հանքարդյունաբերություն է եւ պետությունը պարտավորություն չունի պահպանելու շրջակա միջավայրը, այդ պարտավարությունը դնում է ժողովրդի վրա, որ ի՞նչ անի քաղաքացին։ Ամուլսարի նման սարերում 2 տարի նստի ու պաշտպանի՞։ Այսինքն՝ հիմա Ամուլսարի պաշտպաններին ինչ-որ հարցերում մեղադրում են, բայց ստացվում է, որ այդ մարդիկ իրենց սահմանադրական պարտականությունն են կատարում։ Նման պարտականություն է, օրինակ, բանակում ծառայելը կամ հարկեր վճարելը։ Ուրեմն, եթե ինչ-որ մեկը խոչընդոտի, ստացվում է, որ այդ մարդկանց սահմանադրական պարտականությունները կատարելուն են խոչընդոտում։ Նման բաներ կան, որոնք պետք է շտկվեն, որովհետեւ պետությունը պետք է այդ պարտավորություններն իր վրա պահի, որովհետեւ ինքն ունի գործիքները՝ փորձաքննություններ անել, տեսչական մարմինների ստուգումներ անցկացնել, խախտումները հայտնաբերել, եւ այլն։ Չի կարելի գլոբալ խնդիրների լուծումը դնել սովարական քաղաքացիների վրա»,- ասաց Վարդանյանը։ 

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ի վերջո Սահմանադրության մեջ ամրագրվելու պարագայում ինչ ձեւակերպում պիտի ունենա այդ իրավունքը, Վարդանյանն ասաց, որ, երկար պետք է մտածել նաեւ հոդվածի մասին, որպեսզի այն հնարավորինս հստակ լինի։

Լուսանկարը՝ hetq.am-ի։ 

Ասպրամ Փարսադանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել