Ոստիկանությունն ապօրինություններ է բացահայտել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում
18:46 - 28 հուլիսի, 2020

Ոստիկանությունն ապօրինություններ է բացահայտել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» և մի ընկերության միջև 2015 թվականի փետրվարի 1-ին և 2016 թվականի մարտի 1-ին կնքվել են համապատասխանաբար՝ 7 միլիոն 200 և 7 միլիոն 420 հազար դրամ արժողությամբ «Անվտանգության և պահպանության ծառայությունների մատուցման» ու «Հիվանդանոցային օժանդակ ծառայության, դռնապահ-հիվանդապահի ծառայությունների մատուցման» պետական գնման պայմանագրեր, որոնց շրջանակներում «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, պատշաճ կերպով չեն ստուգել իրականացված ծառայությունների համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին, ինչպես և չեն պահպանել դրանց հանձնման-ընդունման կարգի պահանջները, և այդ պայմաններում կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից փաստացի չեն մատուցվել պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված ծառայությունները, սակայն վճարումներն իրականացվել են ամբողջ ծավալով, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 14 միլիոն 620 հազար դրամի վնաս:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, բացի այդ, 2016 թվականի հունիսին հիշյալ կենտրոնի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այլ անձի օժանդակությամբ կազմակերպել է կենտրոնի հաշվեկշռում գտնվող «Սուզուկի» մակնիշի երկու ավտոմեքենայի համար՝ իբրև տեխնիկական հագեցվածության պարագաների գնման գործընթաց, որի շրջանակներում իրենց հետ համագործակցած անհատ ձեռնարկատիրոջ օժանդակությամբ, վերջինիս կողմից կազմվել և երկկողմանի հաստատվել են բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչի հիման վրա, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» հաշվեհամարից նշված անհատ ձեռնարկատիրոջը փոխանցվել և յուրացման եղանակով հափշտակվել է խոշոր չափերի` ընդհանուր 950 հազար դրամ գումար:

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել