Օրեր առաջ՝ հուլիսի 27-ին, ՏԱՍՍ գործակալությունը հայտնեց, որ Ադրբեջանը եւ Թուրքիան առաջիկայում համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու: Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում եւ Եվլախում անցկացվելիք զորավարժությունների ցամաքային փուլը տեղի է ունենալու այսօրվանից մինչեւ օգոստոսի 5-ը՝ Նախիջեւանում:

Այս զորավարժություններին, ինչպես արդեն հայտնել ենք, նախորդել էր հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիան․ 2020 թվականի հուլիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ սկսեցին հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ՝ գրեթե երկու շաբաթ տարբեր զինատեսականերից հրետակոծելով Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերն ու գյուղերը։ Ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմից զոհվեց 5 զինվորական, տարբեր աստիճանների վիրավորում ստացան 30 զինծառայող եւ մեկ բնակիչ։ 

Ռազմական իրավիճակի լարմանն արձագանքեցին մի շարք միջազգային կառուցներ եւ պետություններ։ Տարբեր երկրների պաշտոնյաներ, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, հորդորում էին պահպանել հրադադարի ռեժիմը եւ զերծ մնալ իրավիճակի սրումից։ Հակառակ այս ամենին՝ Թուրքիան մի քանի անգամ հայտարարեց, որ ցանկացած պարագայում կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին։ 

Հուլիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն երկրի պետական TRT haber-ի ուղիղ եթերում անդրադաձել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջպետական սահմանին ընթացող մարտերին՝ նշելով, թե՝ «Հայաստանը թող խելքը գլուխը հավաքի։ Մենք մեր բոլոր հնարավորություններով Ադրբեջանի կողքին ենք»։

Չավուշօղլուն ընդգծել էր, որ Թուրքիան իրենից կախված ամեն աջակցություն կցուցաբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար՝ հավելելով, որ Ադրբեջանը հակամարտության վերաբերյալ ինչպիսի լուծում նախընտրի, Թուրքիան նրա կողքին կլինի։ 

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ու Թուրքիայի հայտարարությունների վերաբերյալ Հայաստանի արտաքին գերատեսչությունը կոշտ եւ սուր արձագանքներ է հնչեցրել, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

Հուլիսի 17-ին լրատվամիջոցների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին զավթիչ էր անվանել․

«Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Թուրքիան «եղբայր Ադրբեջանին» միայնակ չի թողնի եւ մինչեւ վերջ կաջակցի»։ Հուլիսի 22-ին՝ դարձյալ նույնաբովանդակ հայտարարություն։

Հուլիսի 28-ին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «CNNTurk»-ի եթերում անդրադարձել էր հայ-ադրբեջանական լարվածությանը՝ նաեւ մանրամասներ ներկայացնելով Էրդողանի ու Պուտինի զրույցից․

«Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքը որտեղից էլ որ լինի, լինի Հայաստանի կողմից թե Ռուսաստանի, միեւնույնն է Թուրքիան կշարունակի Ադրբեջանի կողքին լինել։ Սակայն սա չի նշանակում՝ փակել դիվանագիտության դռները, այլ ճիշտ հակառակը։ Երեկ մեր նախագահի հեռախոսազրույցի պատճառն ու առանձնահատկությունը հենց դա էր։ Կարող եմ ասել, որ Պուտինի հետ զրույցում բավականին լավ արդյունք ենք արձանագրել»։

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների, Թուրքիայի հայտարարությունների ու հնարավոր զարգացումների մասին Infocom.am-ը զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։

- Պարո՛ն Գեղամյան, հուլիսյան զարգացումների առաջին օրվանից Թուրքիան անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանին։ Մինչ օրս՝ այդ աջակցությունը հայտարարությունների տեսքով էր, սակայն իրավիճակի զարգացման ֆոնին համատեղ զորավարժություներ են սկսում՝ այդ թվում Նախիջեւանում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցն, օրինակ, կարծիք էր հայտնել, որ հավանական չի համարում, թե Թուրքիան գործնական քայլերի կգնա եւ կներգրավվի տարածաշրջանի ռազմական գործողություններին, սակայն փորձագիտական որոշ շրջանակներ էլ պնդում են, որ Թուրքիայի գործողություններին պետք չէ անլուրջ վերաբերել։ Ձեր մեկնաբանությունն եմ խնդրում հարցի վերաբերյալ։

- Ես ծանոթ չեմ տիկին Մակունցի հայտարարությանը, կարող եմ ասել, որ անհնար է լուրջ չվերաբերվել Թուրքիայի տարածաշրջանային եւ ոչ մի գործողության, եթե անգամ դա լինի հեռավոր Լիբիայում։ Չնայած այն մի քանի հազար կիլոմետր հեռու է մեզանից, բայց այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, համոզված կարելի է ասել, ազդեցություն են ունենում տարածաշրջանի եւ նաեւ մեզ վրա։ Այնպես որ, ինքնին այդպիսի մոտեցումը անթույլատրելի է, տարածաշրջանային որեւէ զարգացման համատեքստում լուրջ չվերաբերել չի կարելի։ Իսկ ահա բուն գործընթացը, կարծում եմ, իսկապես մտահոգիչ է։ Բազմաթիվ առիթներ եմ ունեցել նշելու, որ, հաշվի առնելով Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանության՝ Հայաստանին ուղղված ակնհայտ սպառնալիք պարունակող հայտարարությունները,  անշուշտ կարիք կա ավելի զգոն եւ ավելի զգուշավոր նայել տարածաշրջանային իրադարձություններին։ Բուն ռազմական զորավարժությունները պլանային են, նախատեսված են եւ իրականացվում են 2014 թվականից ի վեր, այդ թվում՝ նաեւ Նախիջեւանի տարածքում, այնպես որ, այստեղ արտառոց ոչինչ չկա, բայց անշուշտ առկա ֆոնին այն ստանում է նաեւ լրացուցիչ քարոզչական նշանակություն։ Այդ քարոզչությունը բավական հետեւողականորեն իրականցվում է մեր երկու հարեւանների կողմից՝ որպես ուժի ցուցադրում, եւ նույնիսկ ռազմական գորոծողությունների վերաբերյալ հայտարարություններին գործնական տեսք հաղորդելու համար։

- Այսինքն՝ այս զորավարժությունները միայն ունեն ա՞յդ նպատակը, թե՞ այլ ենթատեքստ նույնպես կարելի է տեսնել։ 

- Ենթատեքստ փնտրելու կարիք չկա, պետք է նայել, որ այդ գործողությունը տեղի է ունենում 2014 թվականից ի վեր։ Սա, անշուշտ, Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության լավ նմուշ է, այսինքն՝ լավ օրինակ է, որ այդ երկու երկրները շարունակում են համագործակցել եւ այդ համագործակցությունը ունի հստակ ռազմական բաղադրիչ։ Այս հուլիսյան լարվածության ֆոնին դրանք ստանում են լրացուցիչ բովանդակություն եւ լրացուցիչ նշանակություն։

- Թուրքիան, բնականաբար, Ադրբեջանին եղբայրական է համարում, բայց Թուրքիային որքանո՞վ է ձեռնտու ներքաշվել նոր ռազմական գործողությունների մեջ, այն դեպքում, երբ վերջինս այլ երկրներում արդեն իսկ իրականացնում է նման գործողություններ։

- Դրանք իրար որեւէ կերպ չեն հակասում կամ որեւէ կերպ հակադրության մեջ չեն, որովհետեւ կան տարբեր երկրների կենսական շահեր, եւ այդ կենսական շահերի համար գուցե անհրաժեշտ լինի 10 վայրերում զուգահեռ իրականացնել ոչ միայն ռազմական գործողություններ։ Պետք է չմոռանանք, որ մենք գործ ունենք նոր ոճի հակամարտությունների հետ, նոր ոճի պատերազմների, որոնք պարտադիր չէ՝ ենթադրեն ուղիղ ռազմական ներգրավվածություն։ Այն, որ այս պահին Թուրքիան ակնհայտ հավակնություն է ցուցաբերում նաեւ այս տարածաշրջանի նկատամբ, միշտ եղել է, եւ հիմա դրանք առավել բաց ներկայացնելու հանարավորություն է ընձեռնվել։ Չպետք է մտածել, որ եթե Թուրքիան Սիրիայում կռվում է, ուրեմն ժամանակ չի ունենա այստեղ կռվելու։ Նորից եմ կրկնում՝ անպայման չէ, որ այդ կռիվը լինի մեզ ծանոթ պատերազմի իմաստով։ 

- Էրդողանի խոսնակը մանրամասներ էր հայտնել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից՝ նշելով, որ կողմերը համաձայնության են եկել՝ լարվածությունը թուլացնելու համար համատեղ քայլեր ձեռնարկելու, կողմերին անհրաժեշտ առաջարկները անելու եւ վայրկյան առաջ բանակցությունները վերսկսելու շուրջ։ Սա ի՞նչ կարող է նշանակել։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ցանանում է  տարածաշրջանում իր հարցերը լուծել Ռուսաստանի՞ միջոցով։

- Թուրքիան՝ որպես տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունեցող երկրներից մեկը, ունի հստակ հավակնություններ այս տարածաշրջանի նկատմամբ։ Հասկանալի է, որ այս տարածաշրջանը ավանդապես հանդիսանում է Ռուսաստանի կենսական ազդեցության գոտի, եւ բնական է, որ այս երկու երկրների միջեւ ակնհայտ են լինելու հակամարտությունները այս տարածաշրջանում, ինչը կարող է ամենատարբեր ձեւերով արտահայտվել։ Թուրքիան եւ Ռուսաստանը չունեն համաձայնություն Սիրիայում տեղի ունեցածի վերաբերյալ եւ, փաստացի, իրար դեմ պատերազմում են այլ ուժերի մջոցով։ Սա չի նշանակում, որ Էրդողանը եւ Պուտինը չեն խոսելու, չեն հանդիպելու, չեն բանակցելու, այլ հակառակը։ Նույնը կատարվում է նաեւ Լիբիայում, եւ, բնական է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները իրար հետ քննարկում են տարածաշրջանային իադարձությունները։ Դա, իհարկե, որոշակի կոմպոնենտ է պարունակում՝ հընթացս տեղի ունեցող իրադարձությունների գնահատականների եւ մյուս կողմի դիրքորոշումը ընկալելու եւ ըստ այդ քաղաքականություն մշակելու, բայց չեմ կարծում, թե որեւէ նոր բան կա։

Մեզ համար սա ունի մեկ իմաստ․ ցույց տալ թե՛ միջազգային ամենատարբեր հարթակներում, թե՛ նաեւ կոնկրետ բանակցություններում, որ Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիան չեզոք դիրքորոշում չունի, ինչը անհրաժեշտ է Մինսկի խմբի անդամ լինելու համար, եւ այդ երկիրը իր կեցվածքով, ոչ կառուցողական դիրքորոշմամբ ոչ միայն չի նպաստում հակամարտության կարգավորմանը, այլեւ ինչ-որ առումով խրախուսում է այդ հակամարտության խորացումը՝ դրա կողմերից մեկին անվերապահորեն սատար կանգնելով։ Սա, կարծում եմ, մեզ համար ամենակարեւոր բանն է, որը պետք է հնարվոր բոլոր առիթներով բարձրաձայնել եւ փորձել չեզոքացնել Թուրքիայի միակողմանի ներգրավվումը արցախյան հակամարտությանը, որի մի մասն էլ Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան է։ Մենք ականատես ենք Թուրքիայի ծավալապաշտական քաղաքական տարբեր դրսեւորումներին Մերձավոր Արեւելքում եւ դրա տարբեր հատվածներում, որեւէ արտառոց բան չկա։

Ասպրամ Փարսադանյան