armtimes.com: Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը:

Նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ իրեն այդ մասին Հայրապետյանն է տեղեկացրել, դեռ պաշտոնական փաստաթուղթ չունի, սակայն կարծում է, որ հետախուզումը դադարեցվել է անհիմն լինելու հիմքով. «Չի կարելի հետախուզել մի մարդու, ում գտնվելու վայրը ի սկզբանե պարզ է թե ՀՀ, թե ՌԴ իրավապահ մարմիններին»:

Մեր հարցին՝ Քննչական կոմիտեն տեղեկացված եղե՞լ է նրա գտնվելու վայրի մասին, պաշտպանը պատասխանեց, որ մինչ հետախուզում հայտարարելը անձամբ ինքն է տեղեկացրել՝ նշելով կոնկրետ հասցեն, բնակարանը. «Ռուբեն Հայրապետյանի շուրջ կատարվող քրեադատավարկան բոլոր պրոցեսները շատ հեռու են իրավունքի հետ կապ ունենալուց, ես ուրախ եմ, որ ՌԴ իրավապահ մարմինները գործեցին օրենքին համապատասխան»,- նշեց նա:

Հարցին՝ իր պաշտպանյալի հետ քննարկե՞լ է նրա վերադարձի հնարավոր ժամկետները, սպասվո՞ւմ է նման բան, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Անպայման, պարոն Հայրապետյանը վերադառնալու է հայրենիք, բայց ժամկետների մասին չէի ուզի բարձրաձայնել,որ անօրինակ քրեական գործերի տեղատարափը չշատանա»:

Ամրամ Մակինյանը նշեց, որ ինքը տեղեկություն չունի՝ արդյո՞ք Հայրապետյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, թե՝ ոչ:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերի, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերի և 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Ռուբեն Հայրապետյանի՝ որևէ երկրի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է նրա նկատմամբ միջպետական հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվելուն, դրա հիմքերին, այդ տվյալները ստուգման ընթացքում են. «Այդ հարցերի կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն, որի պատասխանը դեռևս չի ստացվել»,- ասաց Աբրահամյանը:

Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նաեւ ՀՀ քննչական կոմիտե, որտեղից նշեցին, որ հարցին կպատասխանեն ավելի ուշ:

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով եւ շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաեւ՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչության հատկանիշներով: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում