2020թ․ ընտրությունները կլինեն պատմության ամենասխալ ու խախտումներով լի ընտրությունները․ Դոնալդ Թրամփ
10:30 - 31 հուլիսի, 2020

2020թ․ ընտրությունները կլինեն պատմության ամենասխալ ու խախտումներով լի ընտրությունները․ Դոնալդ Թրամփ

Հինգշաբթի առավոտյան ԱՄՆ նախագահ Թրամփը հայտնեց, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ընտրություններ անցկացնելը վտանգավոր է մարդկանց առողջության համար, իսկ հակառակ դեպքում ստիպված կլինեն շատ ավելի լայնորեն կիրառել փոստով քվեարկելու կարգը, ինչը հղի է խախտումներով և մանիպուլյացիաներով։

Դրան հետևեց նախագահի գրառումը թվիթերում, որտեղ Թրամփը նշում էր․

«2020թ․ ընտրությունները կլինեն պատմության ամենասխալ ու խախտումներով լի ընտրությունները։ Սա կլինի մեծ խայտառակություն ԱՄՆ-ի համար։ Հետաձգե՞լ ընտրությունները, մինչև մարդիկ կկարողանան նորմալ ու անվտանգ քվեարկել»։ 

Նույն օրը՝ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփն ասաց, որ ինքն իրականում չի ուզում փոխել ընտրությունների օրը, սա ուղղակի թեմա է խորհելու համար։ 

Նշենք, սակայն, որ Թրամփը իրավասու չէ փոխել ընտրությունների օրը։ Ըստ ԱՄՆ 28-րդ Կոնգրեսի՝ Նախագահական ընտրությունների օրվա ակտի՝ նախագահական ընտրությունները պետք է պարտադիր տեղի ունենան նոյեմբեր ամսվա առաջին երեքշաբթի օրը։ 

Տեսականորեն օրը կարող է փոխել ԱՄՆ Կոնգրեսը, բայց միայն Ներկայացուցիչների պալատի, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, և Սենատի, որտեղ գերակշռում են հանրապետականները, համաձայնությամբ։ 

Կուսակցություններից և ոչ մեկը չի սատարում Թրամփի այս գաղափարին։ Հոգան Ջիդլին՝ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի մամուլի քարտուղարը, թվիթերյան գրառումից անմիջապես հետո՝ նախքան մամուլի ասուլիսը, հայտնեց, որ նախագահն ուղղակի բարձրաձայնում է հարցը այն քաոսի վերաբերյալ, որը ստեղծել են դեմոկրատները։ 

Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ ՄակՔոնըլը քանիցս նշել է, որ քվեարկության օրն անփոփոխ է, և դեմոկրատական կուսակցության ամենակարկառուն ներկայացուցչիները ևս դեմ են ընտրությունների օրը փոխելու գաղափարին։ 

Ներկայացուցիչների պալատի՝ Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետկան Ջերրի Նադլերը թվիթերում շտապեց հաստատել, որ Թրամփը ընտրությունների օրը փոխելու լիազորություն չունի․

«Եկեք հստակեցնենք․ Թրամփը չի կարող հետաձգել ընտրությունները։ Մեր ընտրությունները ամրագրված են Սահմանադրությամբ։ Սահմանադրությունը նաև ասում է, որ եթե ընտրությունների օրը պետք է փոխվի, ապա դա կարող է անել Կոնգրեսը»։

 

Լիլիթ Հարությունյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել