«Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորության թեկնածուները վաղվանից կլքեն պաշտոնները |aliq.ge|
18:02 - 31 հուլիսի, 2020

«Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորության թեկնածուները վաղվանից կլքեն պաշտոնները |aliq.ge|

aliq.ge: «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորության թեկնածուները օգոստոսի 1-ից կլքեն քաղաքական պաշտոնները: Այս մասին հայտարարություն է տարածել «Վրացական երազանք» կուսակցությունը: 

«Օգոսոտսի 1-ից պաշտոնները կլքեն մեծամասնական պատգամավորի թեկնածուներ առաջադրված Կախթեիի, Շիդա Քարթլիի և Մցխեթա Մթիանեթիի պետական լիազորները (նահանգապետերը) և Թբիլիսիի մունիցիպալիտետի Վակե շրջանի գամգեբելին (համայնքապետը)»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Պաշտոնից արդեն հեռացել է Աջարիայի Առողջապահության նախարարը, որը Քոբուլեթիի շրջանի մեծամասնական թեկնածու է առաջադրվել, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական լիազորը:

Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության՝ մնացած թեկնածուները, որոնք զբաղեցնում են տարբեր վարչական պաշտոններ, նույնպես կլքեն պաշտոնները մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը:

«Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու կուսակցությունն առաջադրեց գործող պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրված Սամվել Մանուկյանին:

Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել