Ոստիկանության համակարգում ստեղծվելու է ահազանգերի սպասարկման օպերատիվ կենտրոն
12:35 - 01 օգոստոսի, 2020

Ոստիկանության համակարգում ստեղծվելու է ահազանգերի սպասարկման օպերատիվ կենտրոն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օրինակով ոստիկանության համակարգում ստեղծվելու է ահազանգերի սպասարկման օպերատիվ կենտրոն: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ  Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ) էին այցելել ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ու փոխոստիկանապետ, գնդապետ Տիգրան Եսայանը՝ նոր ստեղծվելիք կառույցում աշխատողների համար ՃԿՊԱ-ում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հարցը քննարկելու նպատակով:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը եւ բուհի ղեկավարությունը հյուրերին ծանոթացրել է ՃԿՊԱ հնարավորություններին եւ տեղեկացրել, որ ՃԿՊԱ-ի կրթական եւ վերապատրաստման ծրագրերը ճկուն են, փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումների ծառայողների համար էլ վերապատրաստումներ կազմակերպվում են, պարզապես պետք է հաշվի առնել վերապատրաստվող լսարանի առանձնահատկությունները: Օրինակ, եթե 911-ի ստացած ահազանգերին պատասխանողը պետք է տեղյակ լինի, թե հրդեհի կամ փակ դուռը բացելու զանգի դեպքում ինչ ասի եւ ինչ հարց տա ահազանգողին, որ դեպքում ահազանգը որ կառույցին պետք է փոխանցել, ապա ոստիկանության ստացած ահազանգին պատասխանողն էլ պետք է իմանա ինչ ասել ընտանեկան բռնության կամ մարմնական վնասվածքի դեպքերում: Ակնհայտ է, որ ԱԻՆ փրկարար ծառտայության օրինակով ոստիկանության օպերատիվ կենտրոնում էլ պետք է հոգեբանների խումբ լինի:

Հանդիպման արդյունքում որոշվեց ձեւավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կմշակի վերապատրաստման ծրագրերը (թեմաներ, դասաժամեր, տեւողություն եւ այլն) եւ դրանց վերջնական հաստատումից հետո կմեկնարկեն դասերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել