media.am: Հայաստանի մասին տարածաշրջանային լուսաբանումների առանցքում հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանային էսկալացիան էր։ Բացի տեղեկատվական պատերազմից և քարոզչական թեզերից, տարածվեցին նաև ապատեղեկատվություններ ու նորից շրջանառվեց Հայաստանում հակառուսական տրամադրությունների թեզը։

Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը` ապատեղեկատվության նյութ

Eurasia Diary կայքը, որի հիմնադիրներից մեկն ադրբեջանցի է, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցություններին՝ երկու ապատեղեկատվություն տարածելով։

❌ Կայքը պնդել է` Ադրբեջանը և Մինսկի խմբի համանախագահները մերժել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու փորձերը։

Համանախագահների մասով պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, 2018-ին ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, – «Եթե կողմերը համաձայնության գան ինչ-որ փուլում, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված լինի բանակցությունների սեղանին, դա կլինի իրենց որոշումը, և մենք կհարգենք այն» (տեսանյութում 18:02 րոպեից):

❌ Կայքը նաև պնդել է՝ Փաշինյանի առաջարկը մերժվել է, քանի որ հակասում է 1992-ի մարտին սահմանված բանակցությունների հիմնարար սկզբունքներին։ Իբրև այն ժամանակ ԵԱՀԽ-ի (հիմա ԵԱՀԿ) հրապարակած փաստաթղթերում ասվում է, թե նախատեսված է Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների մասնակցությունը, եթե բանակցություններում առաջընթաց լինի։

1992-ի մարտի 24-ի փաստաթղթում նման կետ չկա։ Փոխարենը 9-րդ կետով սահմանվում է․ «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, հրավիրվելու են խորհրդակցություններին նրա նախագահի կողմից` դրան մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո»: 

Բանակցությունների ձևաչափի փոփոխությունների մասին կարդացեք այստեղ։

Փաստական անճշտություններ և ոչ փաստահեն պնդումներ

❌ Ռուսական Russia Today-ը սահմանային բախումներին անդրադառնալիս մի քանի նյութում տալիս է խորապատկերային երկիմաստ տեղեկություն։ Կայքը Արցախի մասին գրել է՝ «Ադրբեջանի ներսում հայաբնակ մեծ անկլավ, որը երեք տասնամյակ առաջ անկախություն հռչակեց Բաքվից»:

Լեռնային Ղարաբաղը՝ որպես ինքնավար միավոր, անկախություն հռչակել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից։ Այն երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ինչպես կարող է գրվածից տպավորություն ստեղծվել։ Այս թեմային առավել մանրամասն ծանոթանացեք media.am-ի անդրադարձում։

❌ News-front.info տեղադրել է ԱԱԾ նախկին տնօրեն էդուարդ Մարտիրոսյանի նկարը և մեջբերել EADaily կայքին, որը իր հերթին մեջբերել էր VERELQ-ին, որն էլ մեջբերել էր ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին։ «Տեղական ռադիոյում հայտարարեց, որ արտաքին ուժերի «հինգերորդ շարասյունը» աշխատում է Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության դեմ», – գրել է կայքը:

նյուսֆրոնտ

Սկզբնաղբյուրը նայելիս պարզվում է, որ բացի այլ անձի նկար տեղադրելուց, լուրում նաև սխալ է նշված լրատվամիջոցի տեսակը։ Խոսքը ոչ թե ռադիոյի, այլ 168․am կայքի մասին է։ 

❌ Պաշտոնական Թբիլիսին հերքել է ադրբեջանական մամուլում և Վրաստանի ընդդիմադիր շրջանակներից հնչող պնդումները, թե Ռուսաստանը Վրաստանի տարածքով պլանավորում է 300 ռազմական բեռնատար ուղարկել Հայաստան։

Զենքերի թեման էլ ավելի է զարգացրել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Նա մամուլի ասուլիսի ժամանակ առանց փաստական հիմքի ասել է, իբրև Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը ստեղծում է կեղծ ընկերություններ, որոնց միջոցով ցածր գնով զենք է գնում ու վաճառում երրորդ կողմի։ «Կա ուժեղ ապացույց, որ այդ զենքերը ընկնում են ահաբեկիչների ձեռքը»,- ասել է նա։

Պաշտոնական Բաքուն պատասխանում է հայկական առանձին հրապարակումների, իսկ ռուսական դաշտում դրանք դրվում են նույն հարթության վրա

Բացի մերկապարանոց մեղադրանքներից, պաշտոնական Բաքուն որսում էր առանձին մեդիա հրապարակումներ և պաշտոնապես արձագանքում դրանց։ Media.am-ն առանձնացրել է նման երկու դեպք։

Դրանցից մեկը Ադրբեջանի ՊՆ խոսնակի հայտարարությունն էր, թե Բաքուն ի զորու է «բարձր ճշգրտությամբ» հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։ Այն տեղական և միջազգային դաշտում մեծ արձագանք ստացավ։ Ըստ ադրբեջանական կողմի, այս սպառնալիքը պատասխան էր Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը խոցելու Հայաստանից հնչող հայտարարությունների։ 

Սակայն, Հայաստանի որևէ պաշտոնական աղբյուր նման հայտարարություն չի արել։ Փոխարենը, հիդրոէլեկտրակայանի խոցման տեխնիկական հնարավորության մասին մինչև Տավուշի սահմանային բախումներն ասել էր մոտ 20 տարի առաջ պաշտոնավարած Վաղարշակ Հարությունյանը։

Հետագայում Ադրբեջանում ՊՆ խոսնակի հայտարարությունը ներկայացվեց իբրև անձնական տեսակետ։ Իսկ ռուսական որոշ հարթակներում այս տարբեր մակարդակների հայտարարությունները նույն հարթության վրա դիտարկվեցին։ 

Շարունակությունը՝ media.am կայքում։