Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Նաիրուհի Ավետիսյան |armtimes.com|
21:20 - 02 օգոստոսի, 2020

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Նաիրուհի Ավետիսյան |armtimes.com|

armtimes.com: 2020 թ. հունվարի 1-ից Հայաստանի հարկային համակարգում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Այս գործիքը հարկային վարչարարության համար է եւ լայն տարածում ունի աշխարհում: Սրանով ՊԵԿ-ը կկարողանա իրար փոխկապակցված տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված գործարքների գինը որոշել։ 

Թե ինչ է կարգավորումն իրենից ենթադրում եւ ինչպես է այն գործում՝ մանրամասնել է ՀՀ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման եւ հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը։

 

- Տիկի՛ն Ավետիսյան, ի՞նչ է տրանսֆերային գնագոյացումը, ո՞րն է այդ կարգավորումը ներդնելու նպատակը։

- Տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության գործիք է։ Այսինքն՝ այն ավելի շատ հարկային վարչարարություն է եւ ոչ թե հարկային քաղաքականություն։ Գլոբալիզացիայի արդյունքում ստեղծվեցին բազմազգ կազմակերպություններ եւ նրանց գործունեության արդյունքում տնտեսական գործունեությունը սահմաններ չի ճանաչում։ Զարգացած երկրները հասկացան, որ իրենց շահույթը գնում է դուրս՝ դեպի այնպիսի երկրներ, որտեղ ռեսուրսներն ավելի էժան են, կան ֆինանսական օֆշորներ։ Օրինակ՝ «Ֆեյսբուք»-ի, «Ամազոն»-ի ֆինանսական կենտրոնները Իռլանդիայում են, ինչո՞ւ, որովհետեւ Իռլանդիայում հարկային դաշտը ֆինանսական ակտիվների հետ կապված ավելի բարենպաստ է։ Արտադրությունները գնում են Չինաստան, Եթովպիա, Քենիա, քանի որ այնտեղ թույլ հարկային վարչարարություն կա։ Որտեղ ցածր է շահութահարկը, գնում են այնտեղ։

Զարգացած երկրները որպեսզի դրա դեմն առնեն՝ մշակեցին գործիք, որի հիմնական նպատակն է պարզել՝ արդյո՞ք փոխկապացված անձինք այս գործարքը կանեին նույն պայմաններով, եթե չլինեին փոխկապակցված։

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների հիմքում ընկած է «պարզած ձեռքի» հեռավորության սկզբունքը: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջեւ կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջեւ կատարվող գործարքների պայմաններին:

- Ինչքանո՞վ է բիզնեսը տեղեկացված տրանսֆերային գնագոյացումից։

- 2016-ին, երբ Հարկային օրենսգիրքն ընդունվեց եւ 2018-ից արդեն պետք է ուժի մեջ մտներ՝ այդ խնդիրը կար, թե ինչպես է ներդրվելու, ինչպես է կիրառվելու, քանի որ այն բարդ կատեգորիա է վարչարարության մեջ։ Ընդ որում, սա թե՛ հարկ վճարողի, թե՛ հարկային մարմնի համար ժամանակատար է։ Դրա համար 2 տարի հետաձգվեց։ Վերջին 2 տարվա մեջ լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ են իրականացվել, թե՛ ոլորտային, թե՛ անհատական քննարկումներ են եղել հարկ վճարողների հետ։ Կառավարության ցանկացած որոշում մենք անպայման քննարկել ենք հարկ վճարողների հետ եւ փորձել ենք նրանց արձագանքը ստանալ։

Ինձ համար տրանսֆերային գնագոյացումը հարկային կարգապահության բարձր մակարդակ է։ Կարծում եմ, բոլոր հարկ վճարողները՝ հիմնականում խոշոր կազմակերպությունները, որոնք միջսահմանային գործարքներ շատ են անում, պատրաստ են սրան։

- Խոսքը ո՞ր տեսակի հարկ վճարողների մասին է։

- Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի եւ մետաղական օգտակար հանածոների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի՝ ռոյալթիի նկատմամբ։

Եկեք ֆիքսենք, որ սա վերաբերում է բացառապես փոխկապակցված կազմակերպություններին։ Փոխկապակցվածության չափանիշներն էլ Հարկային օրենսգրքով հստակ ամրագրված է։ Փոխկապակցված են այն հարկ վճարողները, որոնցից մեկը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը, կամ որոշակի ազդեցություն ունի գործարար որոշումների վրա:

Երբ փոխկապակցված կողմերի միջեւ գործարքները կգերազանցեն տարվա կտրվածքով 200 մլն դրամը՝ նրանց նկատմամբ կկիրառվի տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։

Դրանից հետո հարկատուն մինչեւ հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված «Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձեւ»-ով հարկային մարմին է ներկայացնում գործարքների մանրամասները։

- Մի քանի ամիս է՝ համակարգը ներդրվել է Հայաստանում. ինչպիսի՞ն է ընթացքը։

- Հունվարի 1-ին ներդրվել է, բայց առաջին ծանուցման ձեւը մենք ստանալու ենք 2021 թ. մինչեւ ապրիլի 20-ը ներառյալ։ Այսինքն՝ միգուցե անգամ մյուս տարի վաղ լինի կոնկրետ գնահատական տալ։ Բայց կարող եմ ասել, որ շատ են հարցադրումները, հանդիպումների առաջարկները, երբ մեր ուսումնական կենտրոնում դասընթացներ են լինում՝ հարկ վճարողներն ակտիվ մասնակցում են։ Բոլոր երկրները, որոնք հաջողության են հասել՝ ճիշտ համագործակցության շնորհիվ է եղել եւ հույս ունեմ, որ մեզ մոտ էլ այդպես կստացվի։

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել