Հայաստանի դեմ այդ անհաջող ագրեսիա սկսելուց և Ադրբեջանի ռազմական դիրքերը բարելավելու լիակատար ձախողումից հետո այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հուսահատվեց․ դեսպան Մկրտչյանի հոդվածը |armenpress.am|
13:55 - 03 օգոստոսի, 2020

Հայաստանի դեմ այդ անհաջող ագրեսիա սկսելուց և Ադրբեջանի ռազմական դիրքերը բարելավելու լիակատար ձախողումից հետո այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հուսահատվեց․ դեսպան Մկրտչյանի հոդվածը |armenpress.am|

armenpress.am: Լատվիական խոշորագույն delfi.lv էլեկտրոնային պարբերականում հրապարակվել է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը։ Ներկայացնում է դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը։

«Զոհին մեղադրելը կամ հանցագործության պատասխանատվությունը զոհի վրա դնելը սովորական պրակտիկա է: Դա բռնաճնշման բաղադրիչներից է ու օգտագործվել է միջազգային պրակտիկայում: Հոլոքոստի ժամանակ կային նացիստներ, որոնք օգտագործում էին բոլոր հնարավոր միջոցները՝ սարսափելի ցեղասպանության մեղքը հենց իրենց՝ հրեաների վրա բարդելու համար: Հոլոքոստը ժխտողները նույնպես հայտնի են իրենց այդ գործելաոճով։ Զոհին մեղադրելը լայնորեն օգտագործվել է երիտթուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունը ծրագրելիս և իրականացնելիս: Զոհին մեղադրելը դեռևս օգտագործվում է`այսօր և հիմա:

Հուլիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքը հանդիսացող Տավուշի մարզում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղից 150 կմ հեռավորության վրա, ագրեսիայի գործողություն սանձազերծեց։ Դա նպատակ էր հետապնդում հայ ժողովրդի տարածքի հաշվին բարելավելու ադրբեջանական ռազմական դիրքերը` այն վայրերում, որտեղ ագրեսիան ամենաքիչն էր սպասելի: Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակով և անօդաչու թռչող սարքերով նաև թիրախավորեցին ՀՀ Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը՝ էական վնաս հասցնելով ինչպես քաղաքացիական ենթակառուցվածքներին, այնպես էլ բնակելի շինություններին:

Ապացույցներ կան, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանին և զրահատեխնիկան են տեղակայել են բակերում և Աղդամ գյուղում գտնվող բնակելի տների միջև, որի դիմաց Հայաստանի Չինարի գյուղն է: Այդ դիրքերից է, որ ադրբեջանցիները թիրախավորել են հայկական գյուղերը, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե Հայաստանը նշանառության տակ է առել Ադրբեջանի քաղաքացիական օբյեկտները: Հայաստանի զինված ուժերն արեցին այն, ինչ պետք է անի ցանկացած այլ պետություն նման իրավիճակներում. պաշտպանել հայրենիքի ինքնիշխան տարածքը: Եվ նրանք դա հաջողությամբ արեցին՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ փողը չի կարող միշտ և ամենուր գնել արդյունավետ բանակ․ աքսիոմ, որը  XIX դարի սկզբին խորհուրդ կտար ժամանակակից դարաշրջանի մեծագույն ռազմավարական մտածող Կառլ ֆոն Կլաուզևիցը:

Հայաստանի դեմ այդ անհաջող ագրեսիա սկսելուց և Ադրբեջանի ռազմական դիրքերը բարելավելու լիակատար ձախողումից հետո, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հուսահատվեց: Ջեյհուն Բայրամովին նոր արտաքին գործերի նախարար նշանակելուց կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահն ապշեցուցիչ հայտարարություն արեց.

«(...) որոշ դիվանագետներ մատնել են պետությանը, դավաճանություն են գործել և չեն թաքցնում դա: Դրանք վերահսկվում են այն երկրների գաղտնի ծառայությունների կողմից, որտեղ նրանք ապրում են: Մենք ունենք բավարար տեղեկատվություն»:

Ըստ ամենայնի, Բաքվում տրամադրության այդ փոփոխությունը արտերկրում աշխատող այդ երկրի դիվանագետներից ոմանց շատ է նյարդայնացրել և նույնիսկ դրդել է նրանց սադրիչ գործողությունների:

Սադրանքները նպատակ ունեն «ապացուցելու իրենց հայրենասիրությունը» իրենց մայրաքաղաքին, որտեղ զոհին մեղադրելը արդեն վաղուց է հանդիսանում է իրենց «հայկական քարոզչության» գլխավոր առանձնահատկությունը: Որոշ մայրաքաղաքներում, այդ թվում` Ռիգայում, տեղական օրենքների հստակ ոտնահարմամբ, կազմակերպվեցին սադրիչ հայտարարություններով համեմված հակահայկական ակցիաներ: Այդ ագրեսիվ պահվածքը հանգեցրեց Մոսկվայի, Բրյուսելի, Վարշավայի, Լոնդոնի, ԱՄՆ-ի և այլ վայրերում ադրբեջանական և հայկական համայնքների միջև բախումների: Դրանք հանգեցրին նաև սփյուռքում հայկական ունեցվածքի պղծմանն ու դիտավորյալ վնասմանը:

Ադրբեջանի կողմից իր սահմանների ներսում հայերին և Հայաստանը երեք տասնամյակ շարունակ որպես թշնամի ներկայացնելը (դեհումանիզացիան) հանգեցրել է տրամաբանությունից զուրկ ատելությանը, որն այժմ արտահանվում է և զարմանք առաջացնում ամենուր։ Հուլիսի 14-ին պատերազմ սկսելու պահանջով Բաքվում տեղի ունեցած հանրահավաքը, իր «մա՛հ հայերին» վանկարկումներով, ցավոք, հիշեցրեց 1988թ․ Սումգայիթ և 1990թ․ Բաքվում հայերի դեմ իրագործված դաժան ջարդերի մասին:

Երբ անգլիացի մտածող Թոմաս Հոբսն իր տեսությամբ խոսում էր, որ մարդկությունը գտնվում է «բոլորը բոլորի դեմ պատերազմի» վիճակում, նա նկարագրում էր մարդկային կյանքը, ինչպես այն գոյություն ուներ մինչեւ քաղաքացիական հասարակությունը։ Երբ գերմանացի քաղաքական տեսաբան Կարլ Շմիթը պնդում էր, որ «այլոց սպանելու պատրաստակամությունն այն պարզ պատճառով, որ նրանք թշնամական խմբի անդամ են», քաղաքականության մեջ «ամենաթողության բարձրագույն աստիճանն» է, նա առաջին ձեռքից գիտեր, թե ինչի մասին է խոսքը: Նա վերապրել է Առաջին աշխարհամարտը։

Եթե ցանկանում ենք կարճ հայացք նետել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ վաղ պատմությանը, պետք է շեշտենք, որ այդ տարածաշրջանը երբևէ չի եղել Ադրբեջանի Հանրապետության մաս: Այն չի եղել Ադրբեջանի կազմում, երբ 1991 թվականին վերջինս հռչակեց իր անկախությունը: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասը չէր նաև երբ այն առաջին անգամ ստեղծվեց 1918 թվականին:

Ինչպե՞ս է դա հնարավոր, գուցե դուք զարմանաք: Պատասխանը բավականին պարզ է: 1920թ.-ին տարածաշրջանի խորհրդայնացումից հետո Լեռնային Ղարաբաղը, իր ժողովրդի կամքին հակառակ, մտցվեց բոլշևիկյան Ադրբեջանի կազմ՝ որպես ինքնավար մարզ, համաձայն Ռուսաստանի Կոմկուսի Կովկասի բյուրոյի 1921 թվականի որոշման, որն այդ ժամանակ գլխավորում էր Իոսիֆ Ստալինը: Ավելին, ոչ վերը նշված Բյուրոն, ոչ Ստալինը իրավասու չեն եղել նման որոշում կայացնելու: Հետևաբար, կան բոլոր հիմքերը պնդելու, որ 70 տարի շարունակ Ղարաբաղը բռնակցված է եղել Խորհրդային Ադրբեջանին: Հարկ է նշել, որ 1988-ին, հոկտեմբերին, Լատվիայի ժողովրդական ճակատի 1-ին համագումարի ժամանակ, նշանավոր հայ գրող Սիլվա Կապուտիկյանն ասել է, որ հայկական ժողովրդական շարժման նպատակը Ղարաբաղն Ադրբեջանի վարչական ենթակայությանից ազատելն է: Համագումարի պատվիրակները միաձայն ծափահարություններով իրենց աջակցությունն են հայտել:

Այժմ ես կցանկանայի ընթերցողի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից բարձրացված և օգտագործված մի քանի ապակողմնորոշիչ կետերի վրա: Ադրբեջանի ներկայացուցիչները հոգնեցուցիչ կերպով կրկնում են, որ հենց Հայաստանն էր «նախաձեռնել գրոհները», որպեսզի «սպառնա էներգետիկ և տրանսպորտային գծերի բնականոն գործունեությանը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը» և այլն՝ ակնարկելով, որ Հայաստանը «սպառնում է Եվրոպայի էներգետիկ անկախությանը»:

Հասկանալի է, որ նման պնդումների ընթերցողները կարիք չունեն տեղեկացված լինելու ռազմական գործերում հեղափոխության մասին, բառակապակցություն, որ ամփոփում է ռազմարվեստի բնագավառում այն փոփոխությունները, որոնք բերվել են նոր տեխնոլոգիաների նորարար կիրառմամբ։ Նրանց հարկավոր չէ նաև հիշեցնել, որ այսօրվա աշխարհում առաջադեմ զինված ուժերին հարկավոր չէ ֆիզիկապես տեսնել թիրախն այն ոչնչացնելու համար: Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանը՝ յուրաքանչյուրը կարող են թիրախավորել միմյանց տարածների առանցքային ենթակառուցվածքները: Այս երկրներից  և ոչ մեկը կարիք չունի հարևան երկիրը գրավելու կամ ցամաքային զորքեր օգտագործելու, որպեսզի ոչնչացնի որոշակի թիրախը:

Մենք պետք է կենտրոնանք կարողությունների և նպատակների տարբերության վրա։ Հայաստանի հիմնական խնդիրն է ապահովել մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը և խթանել գլոբալ անվտանգությունը: Հայաստանի պաշտոնյաները չեն մտածում, առավել ևս՝ չեն արտահայտվում Ադրբեջանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքները հարձակման ենթարկելու մասին: Մինչդեռ վերջերս աշխարհը ցնցվեց, երբ տեղեկացավ, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի բացառում, որ իր երկիրը հրթիռային հարձակում կգործի ՀՀ Մեծամորի ատոմակայանի վրա: Այդ աննախադեպ հայտարարությունը հստակ ցույց է տալիս ցեղասպան և պետության կողմից հովանավորվող միջուկային ահաբեկչության մտադրությունների մասին:

Ադրբեջանի նախագահը քարոզում է, որ Հայաստանի ղեկավարությունն այդ հակամարտությամբ ցանկանում է «ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից»: Ես կարծում եմ, որ մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաառանցքային տարբերություններից մեկն այն է, որ առաջինը կառուցում է ժողովրդավարական պետություն, իսկ վերջինս էլ ավելի է խրվում ավտորիտարիզմի մեջ: Հայաստանում ընդդիմադիր ուժերը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ կանգնեցին հայկական բանակի կողքին, որը պաշտպանում էր մեր երկիրը: Ադրբեջանում, այնուամենայնիվ,  ոստիկանության հետ ցուցարարների բախումն օգտագործվեց որպես  «ներքին թշնամուն» լռեցնելու մեկ այլ պատրվակ: Washington Post-ի եզրակացությունն այս առումով շատ տեղին էր․ «Պրն. Ալիևի երկաթե բռունցքի օգտագործումն իր քննադատներին ոչնչացնելու համար հակառակ է ժողովրդավարությանը, ինչի պատճառով բոլորն էլ պետք է անհանգստանան այդ անկառավարելի բռնակալի համար»: 

Այստեղ մենք հանգում են ամենակարևոր հարցին։ Ի՞նչ կարելի է անել այս պահից սկսած իրավիճակը կարճաժամկետ արդյունավետ քայլերով լիցքաթափելու համար։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա) առաջարկել են հաստատել հրադադարի վերահսկման միջազգային վստահելի մեխանիզմ ոչ միայն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև: Միջնորդները նշել են, որ «առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն մեղադրել միմյանց շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին մահացու գրոհներ նախաձեռնելու համար»: Հայկական կողմերն ընդունել են այս առաջարկը և շարունակում են աջակցություն հայտնել դրա հրատապ ներդրման համար: Ավելին, հուլիսի 16-ին հրադադարի հաստատումից ի վեր, ադրբեջանցիները մի շարք դեպքերում խախտել են ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունները: Եվ, ինչպես արեցին 1990-ականներին, նրանք հակված են հարձակվելու և հակառակ կողմին մեղադրելու։

 

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել