Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են |armtimes.com|
14:02 - 03 օգոստոսի, 2020

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են |armtimes.com|

armtimes.com: Համավարակի ու դրա հետեւանքով փակ սահմանների պատճառով արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից զրկված հայաստանցիներին Կառավարությունը մեկ այլ ուղի էր առաջարկել՝ ընդգրկվել տեղի շինարարական աշխատանքներում։

Հենց այդ նպատակով էլ ՀՀ բոլոր մարզպետարաններին հրահանգվել էր հաշվառել առկա աշխատուժը, այն, թե որքան մարդ չի կարողացել մեկնել արտագնա աշխատանքի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ մարզերին խոստացել են 100 նոր նախագիծ ներկայացնել կապիտալ շինարարության ոլորտում: Նախատեսվում էր, որ կկառուցվեն կամ կհիմնանորոգվեն այդքան կրթական-մշակութային ու առողջապահական հաստատություններ: Վարչապետը հույս էր հայտնել, որ այդ գործընթացը կիրականացվի անհրաժեշտ էֆեկտիվությամբ, եւ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները տեղում աշխատելու հնարավորություն կունենան:

Հարցումներ ենք արել մարզպետարաններ՝ հասկանալու, թե հաշվառե՞լ են արտագնա աշխատանքի մեկնել չկարողացող անձանց, եւ քանի՞սն են նրանք: Վերը նշված 100 ծրագրից բացի, որոնց մեկնարկին, ամեն դեպքում, պետք է նախորդեր որոշակի ժամանակ պահանջող նախապատրաստական աշխատանք, մարզերում իրականացվում են նաեւ տարբեր սուբվենցիոն ծրագրեր: Երկրից դուրս գալու հնարավորությունից զրկված մարդկանց մի փոքր մասը ներգրավվել է այդ ծրագրերում:

Շիրակի մարզպետարանից մեզ հայտնեցին, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանձնարարականով Շիրակի մարզպետարանում աշխատանքներ են իրականացվել COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման ուղղությամբ: Կազմվել է տվյալների բազա, ստեղծվել օնլայն հարթակ, որտեղ գրանցվելու հնարավորություն են ունեցել մարզում ապրող շինարարները։

Շինարարական աշխատանքներ կատարելու հմտություն, փորձառություն ունեցող եւ մեկնել չկարողացող շուրջ 2 հազար 700 քաղաքացի է գրանցվել հարթակում։ Հավաքված տվյալները մարզպետարանի պատասխանատուներն ամբողջացրել ու ներկայացրել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ինչպես նաեւ 11 տարբեր շինարարական ընկերությունների։

Շիրակի մարզում ներկայացված եւ հավանության արժանացած 63 սուբվենցիոն ծրագրերից 53-ը շինարարական է: «Տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շնորհիվ մարզում ստեղծվելու է 580-780 ժամանակավոր եւ մինչեւ 130 հիմնական աշխատատեղ»,- նկատում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Միաժամանակ նաեւ հայտնում՝ հանդիպում է կազմակերպվել շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ, քննարկվել են առաջիկա կառուցապատման աշխատանքներում գրանցված մասնագետներին ներգրավելուն վերաբերող հարցեր։

Վայոց ձորի մարզպետարանի լրատվականից էլ հայտնում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների հավաքագրման նպատակով մարզպետարանի կայքում հղումով տեղադրված (2020 թվականի մայիսի 7-ից) հայտարարությանը էլեկտրոնային եղանակով ոչ ոք չի արձագանքել:

Արտագնա աշխատանքի չմեկնած անձանցից թղթային տարբերակով են ստացել դիմումներ: Ընդամենը 49 դիմում՝ աշխատանքի տեղավորման խնդրանքով:

«Դիմումատուներին ուղղորդել ենք մարզի զբաղվածության տարածքային կենտրոններ՝ ծանոթանալու առկա թափուր աշխատատեղերին, ինչպես նաեւ տեղեկացրել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրի մասին»,- հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից, նաեւ նշում, որ ներկայումս մարզում կապիտալ շինարարության ոլորտում ընթանում են Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որտեղ ներգրավվել են մարզպետարանի ուղղորդած՝ վերոնշյալ անձանցից երկուսը:

Իսկ ահա Լոռու մարզից այս տարի առնվազն 1496 քաղաքացի չի կարողացել գնալ արտագնա աշխատանքի: Մարզպետարանի տրանսպորի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ արտերկիր չմեկնած անձանցից մոտ 150 հոգին արդեն աշխատում է իրենց մարզում, բայց քանի որ հիմնական շինարարական աշխատանքների մեկնարկը նոր է եղել, սա վերջնական թիվ համարել չի կարելի: Մարզում այլ անձանց էլ տարբեր շինկազմակերպություններ աշխատանք են առաջարկել:

«Կապիտալ շինարարություն է իրականացվում, մոտ 11 միլիարդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանք է սկսվել, ճանապարհի հիմնանորոգում եւ այլն»,- ասաց Ղարսայանը:

Նրա խոսքով՝ շեշտը դրվել է կապիտալ շինարարության վրա, իսկ դա իրականացնող կազմակերպություններն արդեն իրենց աշխատողներն ունեն. «Շատ դեպքերում նույնիսկ այլ շրջաններից ֆիքսված աշխատողներ ունեն, նեղ մասնագիտացված եւ այլն: Նրանք հիմանականում օգտվում են իրենց բազայից, ունեն մեծ բազա: Այդ կազմակերպություններն էլ ամբողջական ծավալով դեռ չեն աշխատում: Երբ ծավալները մեծանան, աշխատողների թիվն էլ շեշտակի կավելանա: Մեր մարզի ազգաբնակչությունն էլ կներգրավվի, բայց շատ քիչ քանակությամբ»:

Լոռու մարզում 2020 թվականին 98 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել, ընդհանուր գումարը 4 միլիարդ 700 միլիոն դրամ է կազմում: Ծրագրերից 68-ն արդեն ընթացքի մեջ է: Նախագծերի քննարկման փուլն արդեն հաղթահարվել է, մի մասի մրցույթները՝ արդեն կայացել, իսկ աշխատանքների մեկնարկը տրված է:

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել