Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու ֆինանսավորման խնդիր կա․ այս տարի միայն մեկն է իրականացվել
22:30 - 04 օգոստոսի, 2020

Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու ֆինանսավորման խնդիր կա․ այս տարի միայն մեկն է իրականացվել

2020 թվականի հուլիսին «Դե Ժպտա» բարեգործական կազմակերպության, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի և Պատանեկության ստեղծագործական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ «Քոքո լաբ» ժամանակակից պարագրության լաբը եւ Արտ թերապիայի կենտրոնը իրականացրել են «Քոքո քեմփ» ամառային ճամբարը, որին մասնակցել է զարգացման առանձնահատկություններ ունեցող ավելի քան 70 երեխա։

Նախաձեռնության համահեղինակ Հասմիկ Թանգյանը, որը նաեւ այդ երկու կազմակերպությունների համահիմնադիրն է, Infocom.am-ի հետ զրույցում ասաց, որ «Քոքո լաբ»-ն իր բնույթով ներառական է, այստեղ դեռահասների եւ մեծերի խմբեր կան, որոնք գալիս են ոչ միայն պարելու։

Մյուս՝ Արտ թերապիայի կենտրոնում, բացի պարուհի եւ պարագիր լինելը՝ Թանգյանը նաեւ պարային թերապեւտ է․ 10 տարուց ավելի է՝ աշխատում է աուտիզմ եւ զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների, դեռահասների, մեծերի հետ։ Այս կենտրոնի համահիմնադիրներն են Աննա Հարությունյանը, Արմինե Առաքելյանը, իսկ «Քոքո լաբի» մյուս հիմնադիրը Հարություն Ալպետյանն է։

Մասնագիտական այս խումբը երկար տարիներ աշխատում է երեխաների հետ, սակայն կորոնավիրուսի համավարակի ընթացքում այնպես է ստացվել, որ նրանց դասերը, պարապմունքները դադարեցվել են, արդյունքում տարիների ընթացքում վերջիններիս ձեռք բերած բազմաթիվ հմտություններ հետ են մղվել․

«Ես օնլայն աշխատում էի երեխաների հետ, բայց դա քիչ արդյունավետ է, եւ ոչ բոլորն ունեն հնարավորություն՝ օնլայն հարթակից օգտվելու։ Մենք որոշեցինք ճամբար իրականացնել քաղաքից դուրս, բայց վիրուսի պատճառով հնարավոր չէր լինում կազմակերպել, ունեինք նաեւ ֆինանսավորման խնդիր, բայց հետո առաջարկ ստացանք «Դե ժպտա» բարեգործական կազմակերպությունից, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնից և Պատանեկության ստեղծագործական կենտրոնից, միասին իրականացնել ճամբարը Երեւանում»,- նշեց Թանգյանը։ 

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ պարագիրը նշեց, որ Հայաստանում նախ շատ քիչ ծրագրեր կան դեռահասների ու մեծերի համար, հիմնականում երեխաների համար են, իսկ պատանինների եւ մեծերի համար գրեթե չկա, այսինքն՝ չկան ծրագրեր, որոնք կխթանեն այդ մարդկանց զբաղվածությունը, մասնագիտացումը, սոցիալիզացիան։

«Կա նման բացթողում, որի շուրջ մտածում ենք, դրա համար ստեղծել ենք «Քոքո Քլաբ»-ը, որը նման մի բան է իրենց համար։ Մյուս խնդիրը ֆինանսավորում ու աջակցությունն է, որովհետեւ մենք կարող ենք բազմաթիվ ծրագրեր մտածել, բայց շատ դժվար է ֆինանսական աջակցություն գտնելը։ Մենք պարբերաբար դիմում ենք մեր ծրագրերի համար, ու առաջին անգամ հաջողեց գտնել հրաշալի գարծընկերներ, ովքեր ևս կարևորում են զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար արվող ծրագրերը, ինչը մեծ արձագանք ստացավ ծնողների կողմից։ Նրանք ասում էին, որ նման կազմակերպվածությամբ, նման մեծ ճամբար չի եղել։ Խնդիր է նաեւ այն, որ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ճամբարներ չկան, կամ կան հաշմանդամություն ունցող երեխաների ճամբարներ, բայց դրանք սպեցիֆիկ են եւ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար հարմարեցված չեն»։

Մինչեւ ճամբար սկսելը՝ կազմակերպիչները լայն հարցում են իրականացարել ծնողների շրջանում՝ ճշտելու՝ արդյոք նրանք մասնակցե՞լ են նմանատիպ ճամբարների, թե՞ ոչ, մեծամասնությունը նշել է, որ չի մասնակցել։ Թանգյանը մեր զրույցում նկատեց՝ մյուս դեպքերում, եթե նույնիսկ մասնակցել էին հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված ճամբարների, իրենց երեխաները դուրս էին մնում զբաղմունքներից, քանի որ դրանք հարմարեցված չեն եղել այդ երեխաների համար։

«Ճամբարների մասով այդ բացը կա, մյուս բացթողումն այն է, որ մենք իրականում լրիվ նոր մոդել առաջարկեցինք՝ ստեղծագործական թերապիաների միջոցով իրականացնել այդ վերականգնողական աշխատանքը։ Հայաստանյան կենտրոններում հիմնականում քիչ ուշադրություն են դարձնում արտ թերապիաներին, հիմանակնում այլ բաների են ուշադրություն դարձնում։ Մենք շեշտը դրեցինք ստեղծագործական թերապիաների վրա՝ նկարչություն, պար, երաժշտություն, ներառեցինք նաեւ սպորտը՝ որպես վերականգնողական մի միջոց։ Կա նաեւ պետական աջակցության խնդիրը․ հայտարարվում է դրամաշնորհ, պետք է դիմես՝ շահես կամ ոչ։ Կենտրոնները շատ են Հայաստանում, մրցակցությունը դժվար է, եւ հիմնականում մի քանի խոշոր կենտրոններ են ստանում այդ դրամաշնորհը»,- ասաց ճամբարի կազմակերպիչը։

(Ճամբարի ընթացքում՝ զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների կողմից արված աշխատանքները )

(Արտ թերապիայի ընթացքում՝ երեխաների կողմից արված աշխատանքները)

Կորոնավիրուսային համավարակի պայմաններից ելնելով՝ ճամբարում ներգրավվել են 9 տարեկանից բարձր երեխաներ։ Մասնագիտական խումբը փորձել է ամեն ինչ անել, որպեսզի երեխաների հետ ֆիզիկական շփում  չլինի։ Ճամբարում եղել է 9-12 տարեկանների խումբ, 13 -16, 17-20 եւ 20-ից բարձր տարիքային խմբեր։ Ամեն շաբաթ ճամբար է այցելել մոտ 24 երեխա։ Ամենամեծ մասնակիցը եղել է 33 տարեկան։ Կազմակերպիչները ծնողներից ստացել են դրական կարծիքներ, հետադարձ կապի ժամանակ նրանք նշել են, որ այս դժվար պահին վստահել են թիմին։

«Նշում էին, որ վստահել են, քանի որ մեր ամեն քայլը մանրամասն մշակված եւ կազմակերպված էր, բացի այդ՝ այնպես ստացվեց, որ մեկ շաբաթվա ընթացքում մենք կարողացանք երեխաներին մի քիչ «խելքի բերել»։ Մենք ունեինք նաեւ ծնողների ինքնօգնության խումբ, այն ընթացքում, երբ երեխաներն աշխատում էին, մենք միաժամանակ աշխատում էինք ծնողների հետ։ Նրանց համար էլ էր դա նոր բան, ասում էին, որ չեն մասնակցել իրենց համար նախատեսված ծրագրերի։ Այն մեթոդները, որոնք ընտրել էինք, իսկապես աշխատեցին՝ անգամ մեկ շաբաթվա համար։ Ունեինք ե՛ւ շատ ծանր վարքային խնդիրներ ունեցող երեխաներ, ե՛ւ ավելի թեթեւ։ Վերջին ճամբարին մասնակցեց նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող մի երեխա»,- նշեց Թանգյանը։

Խոսելով հետագա պլանների մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ անընդհատ նամակներ են ստանում, որ երեխաները էլի են ուզում ճամբարներ, բայց կազմակերպությունը ֆինանսավորում չունի, իսկ նման մասնագիտական լուրջ աշխատանքները կամավորական սկզբունքով իրականացնելը դժվար է։ Երեխաների հետ աշխատում է մասնագիտական խումբ՝ 5 վարող մասնագետ եւ 13 ուղեկցող մասնագետ, որոնք վերապատրաստված են, իրենց գործում բանիմաց մարդիկ են։ Ֆինանսավորում ունենալու դեպքում խումբը նախատեսում է նմանատիպ ճամբարներ իրականցնել օգոստոսին կամ աշնանը՝ այս անգամ քաղաքից դուրս։ Կազմակերպչի խոսքով՝ ցանկացողները շատ-շատ են։
«Այս ճամբարի արտ թերապիայի ընթացքում երեխաները շատ գործեր են ստեղծել, եւ մտածում ենք, օրինակ, բացօթյա ցուցահանդես- վաճառք իրականացնել։ Փորձենք էլի գումար հայթհայթել, ուզում ենք շարունակել այս ճամբարները, որովհետեւ ոչ միայն զարգացման խնդիրներ ունեցող, այլեւ խնդիրներ չունեցող երեխաների համար ենք պատրաստվում ճամբարներ կազմակերպել, պարզապես սա ավելի հրատապ էր»,- եզրափակեց Հասմիկ Թանգյանը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել