Մաշտոցի պուրակում շինթույլտվությունից շեղումներ են եղել, վարույթներ են կազմվել․ կառուցապատման աշխատանքներն այսօրվանից դադարեցված են․ Հայկ Մարության
14:13 - 04 օգոստոսի, 2020

Մաշտոցի պուրակում շինթույլտվությունից շեղումներ են եղել, վարույթներ են կազմվել․ կառուցապատման աշխատանքներն այսօրվանից դադարեցված են․ Հայկ Մարության

Քաղաքապետ դառնալուց հետո իմ ամեն քայլն ուղղված է եղել մեր քաղաքը տարբեր տիպի անօրինական շինարարություններից ազատելուն եւ ավելի կանաչ դարձնելուն։ Այդպես հիմա է եւ այդպես եղել է մինչեւ այս պահը եւ լինելու է մինչեւ վերջ, որովհետեւ ես ինքս այդպես եմ մտածում․ ես ինքս կարծում եմ, որ Երեւանը շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ այսօրվա իրավիճակն իրենց ժառանգություն է տրվել․

«Անցել է մեկուկես տարուց մի փոքր ավելի, եւ այդ ընթացքում շատ մեծ քայլեր են արվել, եւ այդ քայլերի մասին դուք պարբերաբար տեղեկանում եք։ Եթե իմ ցանկությամբ լիներ, ես շատ հարցեր ավելի արագ կանեի, բայց շատ հաճախ իմ ցանկությունը գալիս-բախվում է օրենքների պատնեշներին։ Մենք հայտարարել ենք, որ մեր երկիրը պետք է լինի օրենքի երկիր, մենք բոլորս պետք է օրենքով շարժվենք, անգամ, եթե գիտենք, որ լավ որոշում է, բայց օրենքը թույլ չի տալիս, մենք էլ մեզ թույլ չենք տալիս այդպես գործել»,- ասաց քաղաքապետը։

Խոսելով Մաշտոցի պուրակի ծառահատումների մասին՝ Մարությանը շեշտեց, որ ինքը ինչպես նախկինում, այսօր էլ պայքարում է Մաշտոցի պուրակի եւ քաղաքի այլ պուրակների համար։ Քաղաքապետը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է Մաշտոցի պուրակում․

«Ամենակարեւորը՝ մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակ, եւ այդ հաղթանակները, ես ինչ դարձել եմ քաղաքապետ, առաջ եմ տանում ու ամրագրում եմ։ Դուք շատ լավ գիտեք, որ այն տաղավարները, որոնք պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ ուղղակի չթողեցին, որ Տարոն Մարգարյանը թույլ տար, որ կառուցվեն։ Եվ ունեցանք Մաշտոցի պուրակը։ Բայց կա մի սրճարան, որն այնտեղ միշտ կար, որն ուներ 277 քմ սեփականություն՝ Կադաստրում գրանցված։ Այսինքն՝ դա անձեռնմխելի էր, եւ ուներ 17 քմ սեփականություն՝ որպես տաղավար։ Մենք ոչ մի բան չէինք կարող անել դրա հետ։ Այդ նույն խնդիրը մենք ունենք նաեւ Օպերայում։ 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանը ստորագրել է մի որոշում, որով մինչեւ այդ 300 եւ ավելի քմ վարձակալությունը դառնում է 1048 քմ վարձակալություն, այդ վարձակալության հողի մեջ մտնում է նաեւ այդ 277 քմ սեփականությունը, մտնում է այդ 17 քմ սեփականությունը՝ որպես այդ տարածքում սեփական գույք։ Եվ այդ վարձակալությունը մինչեւ 2040 թվականի դեկտեմբերն է»։

Մարությանն ընդգծեց, որ նման դեպքեր գրանցվել են նաեւ անցած տարի՝ Օպերայի տարածքում գտնվող սրճարանների պարագայում։ Քաղաքապետի խոսքով, ինքը կարողացել է կանգնեցնել Սամվել Ալեքսանյանի հետ առնչվող սրճարանի գրանցման գործընթացը, եւ տարածքը վերադարձվել է համայնքին։ Քաղաքապետը նշեց, որ նույն բանն արել է Մաշտոցի պուրակի դեպքում․

«Ես այս որոշումը չեղյալ եմ համարել։ Ասեմ ավելին՝ պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ այդ 277 քառակուսի մետր սեփական գույքը եւ 17 քառակուսի մետր սեփական գույքը քանդում ենք, վերացնում ենք սեփականությունը։ Դրա փոխարեն այդ նույն տարածքում 1048 քառակուսի մետրը դարձրել ենք 300-ից մի փոքր ավելի, տալիս ենք իրեն եւ այն, ինչ կառուցվում է այդ տարածքում, համայնքային գույք է։ Վարձակալության համար նախատեսված տարիների ընթացքում ինքը կօգտագործի դա, իսկ դրանից անմիջապես հետո կդառնա համայնքի գույքը։ Մենք այդ ժամանակ կորոշենք՝ ինչ ենք անում դրա հետ, քանդում ենք, կանաչապատում ենք, բարձր գնով վարձով ենք տալիս եւ այդ գումարները ուղղում այլ ծրագրերի։ Իմ որոշմամբ ես 1048 քառակուսի մետրը դարձրել եմ 300 քանի քառակուսի մետր, վերացրել եմ սեփականության իրավունքը՝ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ թղթերով, քանդել ենք ֆիզիկապես, որի փոխարեն կառուցվող գույքը լինելու է համայնքի գույքը։ Սրանից լավ լուծում համայնքի համար անհնար է գտնել, եթե մենք խոսում ենք օրենքներով»,- ասաց Մարությանը։ 

Քաղաքապետն ընդգծեց իր մոտեցումները Երեւանի կանաչապատման եւ ծառերի հատման վերաբերյալ՝ ասելով, որ նախորդ տարի մասնագիտական խումբ է հրավիրել, որը գույքագրել է քաղաքի ոչ կենսունակ ծառերը, որոնք ամեն պահի կարող են ընկնել եւ վնասներ պատճառել․ դրանց թիվը 437-ն է եղել, սակայն այս տարի ավելի քան 500 ծառ է հաշվառվել։ 

«Կարծում եմ՝ Օպերայի դեպքերը նույնպես վառ ապացույց էին եւ ցույց էին տալիս իմ վերաբերմունքը, հաճելի չէ արդեն կաուցված, կատարած աշխատանքը քանդելը, վատամարդ դառնալը։ Իմ յուրաքանչյուր որոշման մեջ գերակա շահն է, եթե մի միլիոն մարդու համար ավելի լավ է, կարող եմ դեմ գնալ մի քանիսին։ Այն, ինչ քադեցինք Օպերայում, դրա թույլտվությունն ունեինք, մյուսների դեպքում չունեինք, դատարաններում ենք հիմա, նույնիսկ մեկը պարտվել ենք։ Ես ամեն ինչ անում եմ եղած օրենքների սահմանում, եթե կփոխվեն օրենքները, եթե ինչ-որ փոփոխություններ կլինեն մոտեցումների մեջ, առաջինը ես կնստեմ բուլդոզեր։ Երեւանը ամենափոշոտ քաղաքն է, մենք շատ հեռու ենք նորմայից ու պետք է ամեն ինչ անենք, որ գոնե մեր երեխաները նորմալ օդ շնչեն, եւ այդ հարցը միայն ծառ տնկելով չի լուծվում»,- ասաց քաղաքապետը։

Մարությանը տեղեկացրեց, որ շինթույլտվություն ունեցող շատ կազմակերպություններ շեղվում են իրենց տրված շինթույլտվությունից, նույնը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի կառուցապատողի հետ։ Ինչպես հայտնեց քաղաքապետը՝ մինչեւ երեկ այս տարածքում 4 արձանագրություն է կազմվել՝ թույլ տված շեղումների վերաբերյալ։ Բացվել է ուսումնասիրություն, թե որքան են այդ շեղումները, եւ այսօրվանից կառուցապատման աշխատանքները դադարեցված են՝ հուլիսի 23-ի արձանագրության արդյունքում։ Քաղաքապետը նշեց, որ եթե շեղումների քանակը անցնի օրենքով սահմանաված որոշակի տոկոսը, ապա պրոցեսը կարող է գնալ մինչեւ շինթույլտվության չեղարկման։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել