Մարդասիրական մոտեցմամբ թեղիներին ազատել են տանջանքից. Մաշտոցի պուրակի կառուցապատման պատմությունը |hetq.am|
10:24 - 05 օգոստոսի, 2020

Մարդասիրական մոտեցմամբ թեղիներին ազատել են տանջանքից. Մաշտոցի պուրակի կառուցապատման պատմությունը |hetq.am|

hetq.am: Մաշտոցի պուրակում իրականացվող կառուցապատումն օգոստոսի 4-ից  կդադարեցվի, որովհետև փետրվարից սկսած արդեն չորս արձանագրություն է կազմվել շինթույլտվությամբ ամրագրված նորմերի խախտումների պատճառով:

Վերջին արձանագրությունը կազմվել է հուլիսի 23-ին, և այժմ գնահատվում է շինթույլտվությամբ արձանագրված նորմերից շեղումների չափը: Եթե պարզվի, որ դրանք օրենքով սահմանված շեղումների թույլատրելի տոկոսից ավելի են, ապա շինթույլտվությունը կկասեցվի:

Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այժմ շինարարության դադարեցման վարչարարություն է ընթանում:

 

 

Ո՞վ է իրականացնում Մաշտոցի պուրակի կառուցապատումը

Մաշտոցի պուրակի սկզբնամասում` փողոցին հարող անմիջական հատվածում, համաձայն Երևանի քաղաքապետարանի շինթույլտվությունների քարտեզի՝ հասարակական շինության կառուցման թույլտվություն ունի «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ն: Այն տրվել է 2019թ. վերջին աշխատանքային օրը` դեկտեմբերի 30-ին և ավարտվելու է ուղիղ երկու տարի անց:

 

 

«Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ն հին ընկերություն է: Ստեղծվել է 1996թ.-ին: Ընկերության մասնակիցների ցանկում այժմ 5  բաժնետեր կա, 3-ը ազգականներ են` Արսեն Լևոնի Կարապետյանը, Կարինե Պարունակի Կարապետյանը և Ռուդիկ Հենրիկի Կարապետյանը: Վերջինս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է եղել և 2016թ. փաստաթղթերից մեկում երևում է, որ որպես առաջին կարգի մասնագետ, այդ տարվա դեկտեմբերին, 219 hազար պարգևավճար է ստացել:  

 

 

Մնացած երկուսը` Հրայր Միրզաջանյանն ու Ռուբեն Մարգարյանն են, որոնք 10-ական տոկոս բաժնեմաս ունեն:

Սակայն այս ընկերությունում 2015թ.-ից ևս մեկ բաժնետեր է եղել` «Պլենիում» ՍՊԸ-ն, որը դուրս է եկել մասնակիցների ցանկից 2019թ. հոկտեմբերին: Այս ընկերությունը մամուլի հրապարակումներում հիշատակվում է որպես ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության արդեն նախկին պետ Կարեն Կարապետյանինը, որի վերաբերյալ ծառայողական քննություն էր ընթանում:

Ինչպես երևում է պետռեգիստրում` «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի բաժնեմասի առյուծի բաժինը հենց Կարապետյանների ձեռքում է:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 2018թ. մայիսի 16-ի որոշումից տեղեկանում ենք, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում նշված ընկերության կողմից զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմել է 1048 քմ՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.03.2006թ. վկայականում ամրագրված 350 քմ մակերեսի փոխարեն:

 

 

«Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի կողմից ավել տնօրինվող 698 քմ մակերեսով հողամասը գտնվել է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին տրամադրված հողամասի սահմաններում։ Տարոն Մարգարյանը որոշել է 698 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել ՍՊԸ-ին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։ Սակայն հողամասի նկատմամբ իրավունքները պետական գրանցում չեն ստացել: Ուստի, Հայկ Մարությանի 2019թ. հուլիսի 19-ի որոշմամբ, կրկին վերաճշտումներ են եղել, քանի որ անհրաժեշտություն է առաջացել արդիականացնել ընկերությանը պատկանող սրճարանը:

 

 

Համաձայն ընկերության կողմից ներկայացված էսքիզային առաջարկի՝ վերակառուցվող սրճարանի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 392 քմ: Որոշ հատվածից ընկերությունը հրաժարվել է, սակայն անհրաժեշտություն է առաջացել այլ հատված ներգրավել: Այդպիսով, նոր որոշման հիման վրա «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր՝ 392 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:

Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօրվա ասուլիսին պատմեց, որ ընկերությունը նշված տարածքում դեռևս 2002 թվականից նաև երկու տարածք ուներ սեփականության իրավունքով` 277 քմ և 17 քմ (տաղավար): Մինչդեռ ինքը բանակցությունների արդյունքում վերացրել է այդ ընկերության սեփականության իրավունքը և դրա փոխարեն ընկերությանը տրամադրվել է 392 քմ վարձակալություն` կառուցապատման իրավունքով: Եվ այժմ այդ գույքը դարձել է համայնքային, իսկ պուրակում` հողի վրա կառուցվող գույքը նույնպես համայնքինն է:

«Այս տարիներին ինքը կօգտագործի դա, բայց դրանից հետո դա կդառնա համայնքի գույքը: Դրանից հետո քաղաքապետարանը կորոշի` քանդում է, թե այլ մեկին է տալիս վարձակալության: Սրանից լավ լուծում համայնքի համար անհնար է անելը»,- ասում է Հայկ Մարությանը:

Կառուցապատողին պայման է դրվել, որ կառույցը պետք է լինի թեթև կոնստրուկցիաներով և ոչ մի ծառ կամ թուփ չպետք է տուժի կառուցապատման պատճառով:

Մասնագետները պարզել են, որ արմատախիլ թեղիները տառապել են

Մաշտոցի պուրակի կառուցապատողներն արդեն հատել են վարձակալած տարածքի ծառերը, մի քանիսը՝ հասցրել արմատախիլ անել և հեռացնել կառուցապատման հրապարակից: Այդ մասին քաղաքապետարանը տեղյակ է և ծառերի հեռացման թույլտվություն տրամադրել է հենց քաղաքապետարանը: Հայկ Մարությանը վստահեցնում է, որ այդ որոշումը կայացնելիս մասնագետների կարծիքներն ու եզրակացություններն են հաշվի առել:

 

 

Մասնագետներին առաջադրվել է գնահատել ծառերի կենսունակությունը և քաղաքային միջավայրին համահունչ լինելու հարցը: Մասնագետները նշել են, որ ծառերը կարող են փոխարինվել, որն ավելի օգտակար կլինի թե պուրակի, թե բնապահպանության համար:

Հայկ Մարությանի ասելով` ծառերը 2002 թվականից փչանում էին այդ շինությունից, քանի որ մի մասը ներսում էր, որտեղ տաք էր, իսկ մի մասը դրսում, որտեղ ցուրտ էր: 18 տարի ծառերն այդ շինության մեջ քիչ-քիչ մահացել են և հասել այդ վիճակին:

«Ես քաղաքի ամեն ծառի համար և պատասխանատու եմ, և կռիվ եմ տալու»,- վստահեցնում է Երևանի քաղաքապետը:

Վերջինս պատմեց, որ իր պաշտոնավարման սկզբում հանձնարարել է գույքագրել վնասված կամ հիվանդ ու հատման ենթակա ծառերը, դրանք 437 են եղել, սակայն արդեն 500-ից ավելի ծառեր կան, որոնք խնդրահարույց են և պոտենցիալ վտանգավոր:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել