Վերջին 40 տարում սա Լիբանանի հայ համայնքի ստացած ամենամեծ ցնցումն էր` աննախադեպ նյութական վնասով. հավատում ենք՝ կստանանք համահայկական աջակցություն. Հակոբ Հավաթյան |tert.am|
14:50 - 05 օգոստոսի, 2020

Վերջին 40 տարում սա Լիբանանի հայ համայնքի ստացած ամենամեծ ցնցումն էր` աննախադեպ նյութական վնասով. հավատում ենք՝ կստանանք համահայկական աջակցություն. Հակոբ Հավաթյան |tert.am|

tert.am: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից ամենամեծ վնասները կրել են Բուրջ Համուդի հայաշատ շրջանը, Բեյրութի մի շարք այլ շրջաններ, ներառյալ հայկական շրջանները: Այս մասին ասաց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը:

Նա նշեց, որ հիմա վիրավորների և մահացածների ճշգրիտ թիվ չի կարող ասել, քանի որ դեռ բուժման, օգնություն ցուցաբերելու աշխատանքները շարունակվում են: «Ամբողջական զորաշարժ է համայնքի մեջ: Մեծ վնասներ են կրել եկեղեցական, ազգային, կուսակցական, բարեգործական, միութենական, կրթական դպրոցներ և հաստատություններ: Բուրջ Համուդի շրջանի բնակիչների բոլոր տները վնասվել են, իհարկե, վնասների չափը տարբեր է, կան, որ պարզապես ապակիներն են կոտրվել: Վնասվածքների զգալի մասը ապակիների պատճառով են մարդիկ ստացել, իհարկե, կան նաև ծանր վնասվածքներ ու կոտրվածքներ ունեցողներ»,- պատմեց նա:

Հակոբ Հավաթյանի փոխանցմամբ՝ այս պահին արդեն իսկ Բուրջ Համուդի քաղաքապետարանը և հայկական ակումբներն սկսել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որ երթևեկությունը կարգավորվի: Նա նշեց, որ շենքերի դարպասներն են մաքրում, ամեն մարդ աշխատանքի մեջ է:

«Մենք փորձառություն ունենք և հավաքական ջանքերով այս աղետը կհաղթահարենք: Ամբողջ ժողովուրդը զորաշարժի մեջ է և դա իրենց համար ոչ թե պարտականություն է, այլ իր տան պես է զգում ամբողջ Բուրջ Համուդը: Բուրջ Համուդը վայելում է համայն հայության զորակցությունը: Երեկ գիշերվանից արդեն արտասահմանյան տարբեր գաղութներից զորակցական հայտարարություններ եղան: Արամ Առաջին վեհափառը պայթյունից կարճ ժամանակ անց անձամբ եկավ Բուրջ Համուդ՝ տեղում ծանոթացավ ավերվածությանը և ամբողջ լիաբանանահայությանն իր զորակցությունը հայտնեց: Ցնցումը համատարած է, մեծ է, սգում ենք նաև զոհերի կորուստը, հույս ունենք, որ այդ թիվը չի ավելանա և այս ցնցումից ևս լիբանանահայությունը պատվով դուրս կգա»,- նշեց նա:

Հավաթյանի խոսքով՝ նյութական վնասներն աննախադեպ են: «Անցնող 40 տարվա ցնցումներից, որ համայնքը ստացել էր, այս մեկն ամենամեծն է, նաև պետք է հաշվի առնել, որ Լիբանանը հիմա ապրում է թե՛ տնտեսական  ճգնաժամ, և թե՛ համավարակով պայմանավորված դրություն և սա եկավ էլ ավելի ծանրացնելու իրավիճակը»,- ասաց Հավաթյանը:

Հարցին՝ դեռ պաշտոնական վարկած չկա՞, թե ինչից է եղել պայթյունը, Հավաթյանը նշեց, որ այս պահի դրությամբ հետաքննությունը շարունակվում է, պետական մարմիններն աշխատանքի մեջ են: «Բեյրութի նավահանգիստը գրեթե ամբողջությամբ քանդված է և դա տնտեսական իմաստով էլ իր վատ անդրադարձը պետք է ունենա առաջիկա ամիսներին, որովհետև մայր երակն է ապրանքատար աշխատանքի»,- շեշտեց նա: 

Ինչ վերաբերում է վարկածին, թե Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել Է պահեստում պահվող ամոնիումի նիտրատը, Հավաթյանը նշեց, որ նման որոշ ուսումնասիրություններ կատարվում են, բայց դատական մարմինները աշխատանքի մեջ են՝ պարզելու համար պատասխանատուներին և հիմնական պատճառները: Նա հավելեց, որ մինչև հիմա վերլուծությունները մասնագիտական հենք չունեն, պետք է ամբողջական մասնագիտական աշխատանքն ավարտվի և այդ մեկն իբրև պաշտոնական եզրակացություն տրամադրվի:

Հարցին՝ անտուն մնացած հայեր կա՞ն, նա պատասխանեց. «Անտուն մնացած հայեր չունենք, որովհետև այն բնակարաններում, որոնք շատ մեծ վնասներ են կրել, մեր ակումբները վերականգնման աշխատանքներ են կատարել, դասավորումներն արվել են և մինչև երեկո ամեն մարդ իր տան մեջ կարող է մնա, սա հստակ է»:  

Ինչ վերաբերում է Հայաստանից արձագանքին, Հավաթյանը նշեց, որ զորակցական խոսք ստացել են  և´ Հայաստանից, և´ Արցախից: «Դա բնական է, որ Հայաստանն ու Արցախն այս հանգրվանին իրենց զորակցությունը հայտնեցին: Վստահ ենք, որ Բուրջ Համուդը՝ իբրև սփյուռքահայության միջնաբերդ, շատ շուտով պետք է ստանա համահայկական ամբողջական զորակցություն՝ իրեն վերագտնելու, իր երթը վերանորոգ հանձնառությամբ շարունակելու առումով»,- ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել