Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի պահեստը. երկրում առկա հացահատիկի պաշարը մեկ ամիս էլ չի բավարարի |tert.am|
15:44 - 05 օգոստոսի, 2020

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի պահեստը. երկրում առկա հացահատիկի պաշարը մեկ ամիս էլ չի բավարարի |tert.am|

tert.am: Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն հայտարարել է, որ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ոչնչացել է նավահանգստում գտնվող ցորենով լցված երկրի գլխավոր հացահատիկի պահեստը, ինչի հետևանքով երկրում մնացել է մեկ ամսից պակաս ժամանակահատվածի համար նախատեսված հացահատիկ, սակայն մատակարարող նավերն այժմ ճանապարհին են: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Նախարար Ռաուլ Նեհմեն գործակալությանն ասել է, որ Լիբանանին ամենաքիչը երեք ամսվա հացահատիկի պաշար է պետք` ապահովելու համար պարենային անվտանգությունը, և նա այժմ նոր պահեստների համար տարածքներ է փնտրում:

Նրա խոսքով` պաշարներն այժմ կբավարարեն «մի ամսից էլ քիչ ժամանակահատվածի համար»:

Լիբանանի երկրորդ խոշորագույն քաղաքի` Տրիպոլիի նավահանգստի տնօրեն Ահմեդ Թամերի խոսքով՝ Բեյրութի պահեստը 120 000 տոննա հացահատիկի տարողություն ուներ:

Նա տեղեկացրել է նաև, որ Տրիպոլիի նավահանգիստը հացահատիկի պահեստ չունի, սակայն ցորենը կարելի է տեղափոխել 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող պահեստներ:

Պայթյունի պահին Բեյրութի պահեստում պահվում էր 15 000 տոննայից ոչ ավելի ցորեն:

Ներմուծողների միության ղեկավար Ահմեդ Հաթիթը «Ալ-Ախբար» թերթին տեղեկացրել է, որ պայթյունի պահին պահեստում գտնվող պաշարները բավարար էին ներքին շուկայի մեկուկես ամսվա կարիքները հոգալու համար, կան նաև 4 նավեր 28 000 տոննա հացահատիկով, որոնք դեռևս չեն ժամանել նավահանգիստ:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել