ՀՀ նախագահը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքները
17:53 - 05 օգոստոսի, 2020

ՀՀ նախագահը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքները

«Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթները (այսուհետ՝ Օրենքներ) Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020 թվականի հուլիսի 20-ին: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը:

Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքները, քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովի, տվյալ ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց հետ, և համապատասխան վերլուծություն ներկայացրել Հանրապետության նախագահին:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նպատակաուղղված է՝ ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը, տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների անկախությունը, ինչպես նաև նպաստել տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներով նախատեսված փոփոխություններն ի թիվս այլ հարցերի կարգավորում են նաև ընդերք-օգտագործման ոլորտում պոչամբարների անվտանգ կառուցման, ջրերի ռացիոնալ և շրջանառու համակարգերի ներդրման կիրառման օրենսդրական հիմքերը, որոնք նվազեցնում են շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերը նոր նախաձեռնությունների դեպքում:

Օրենքների լիարժեք կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դրանց անցումային դրույթներով նախատեսված միջոցառումներն (համապատասխան միջկառավարական պայմանագրերի կնքում, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում) իրականացնել նախանշված ժամկետներում՝ ինչը բխում է և՛ գործարար միջավայրի, և՛ պետական, և՛ կառավարության կողմից վարվող քաղաքականության շահերից:

Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների իրացման և պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնց համաձայն տնտեսվարողները շահագրգռված կլինեն կամավորական սկզբունքով հետևել առաջարկվող կարգավորումներին:

Ըստ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և վերլուծությունների՝ Օրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն:

Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքները:

Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել