Բեյրութի հյուրանոցների 90%-ը վնասվել է պայթյունից, չկա մի բիզնես, որը տուժած չլինի. էկոնոմիկայի նախարար
 |tert.am|
21:44 - 05 օգոստոսի, 2020

Բեյրութի հյուրանոցների 90%-ը վնասվել է պայթյունից, չկա մի բիզնես, որը տուժած չլինի. էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Բեյրութում գործող յուրաքանչյուր բիզնես տուժել է նախօրեին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել երկրի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն:

«Չկա նույնիսկ մեկ բնակարան Բեյրութում, որը տուժած չլինի, ոչ մի բիզնես և ոչ էլ ապրանքի որևէ պահեստ: Սա հսկայական հարված է տնտեսությանը, նավահագիստը նույնպես մասնակիորեն ջնջվել է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դեռ շատ վաղ է լիակատար գնահատական տալու տնտեսությանը հասցված վնասին:

«Ոչ ոք ներկա պահին չի կարող իմանալ ճիշտ թիվը՝ մեկ մլրդ դոլար, երկու, երեք, հինգ, տաս. մենք չգիտենք: Դեռ չափազանց շուտ է: Սակայն այն շատ բարձր է»,- շեշտել է պաշտոնյան:

Վերջինիս խոսքով՝ կառավարության առաջնահերթությունը ներկա պահին մարդկանց հիմնական կարիքները հոգալն է, հիմնականում սննդի հարցը, ինչպես նաև ավերված տները վերականգնելու համար անհրաժեշտ նյութերի մատակարարումը: Լիբանանյան պետական լրատվամիջոցը հայտնել է նաև, որ վնասվել է լիբանանյան մայրաքաղաքի հյուրանոցների 90 տոկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել