ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ կառավարական և համայնքային մակարդակով․ Նիկոլ Փաշինյան
11:23 - 06 օգոստոսի, 2020

ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ կառավարական և համայնքային մակարդակով․ Նիկոլ Փաշինյան

Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել Լիբանանի եղբայրական ժողովրդին և նրա կառավարությանը սփոփանքի և զորակցության խոսքերով՝ Բեյրությում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանւոմ եմ ցավակցություն հայտվել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին։ Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս մասնավորապես հավելեց․

«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով։ Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը, տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և  մշակութային կյանքի էպիկենտրոնը, այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը՝ որպես մերձավոր արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն։

Այս դժարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամաբ։ ՀՀ-ն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում։ Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին։ ՀՀ կառավարությունը՝ ԱԳՆ-ի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ։

Հստակեցվում են հիմնական կարիքները, որոնց շրջանակներում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ, ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով։ Միաժամանակ, ովքեր ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում։

Եզրափակելով խոսքս ցանկանում եմ նշել, որ ՀՀ-ն կանգնած է Բեյրութի մեր հայրենակից քույրերի և եղբայրների կողքին, ամեն ջանք կգործադրվի նրանց օգնություն հասցնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար։ Այսօր քննարկեցինք, և որոշեցինք, որ Սփյուռքի գործերի գլխավոր  հանձնակատար Զարեհ Սինանյանը, առաջիկայում սպասվելիք մեր ինքնաթիռի հետ կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու  և մեզ ներկայացնելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել