Շաբաթ օրը մեկնում եմ Բեյրութ, տեղում կծանոթանամ իրավիճակին. Հայաստան եկող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա. Զարեհ Սինանյանը՝ Հայաստան գալ ցանկացող լիբանանահայերի մասին |tert.am|
12:41 - 06 օգոստոսի, 2020

Շաբաթ օրը մեկնում եմ Բեյրութ, տեղում կծանոթանամ իրավիճակին. Հայաստան եկող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա. Զարեհ Սինանյանը՝ Հայաստան գալ ցանկացող լիբանանահայերի մասին |tert.am|

tert.am: Ես շաբաթ օրը մեկնում եմ Լիբանան, Բեյրութ, և տեղում շատ ավելի իրատեսորեն կծանոթանամ իրավիճակին: Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստան գալ ցանկացող հայերի մասին հարցին:

«Այս պահին թվում է, Հայաստան գալ ցանկացողների թիվը իրոք շատ մեծ է, բայց չկա այդ անձանց որևէ առարկայական, թվային հաշվարկ, ինչից մեր գործը մի քիչ դժվարանում է»,-նշեց Սինանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան ֆիզիկապես գալու խնդիր կա այն մարդկանց համար, որոնք քաղաքացիություն չունեն կամ կացության կարգավիճակ չունեն. «Իրենց համար էլ պետք է միջոց գտնենք, որ կարողանան հայրենիք գալ: Դա բացարձակ օրինական իրավունք չի, բայց ցանկացած հայի համար բացարձակ բարոյական իրավունք է»,-նշեց Սինանյանը:

Հարցին՝ եթե այդ խնդիրները լուծվեն, ու հայերը վերադառնան Հայաստան, ինչպե՞ս են լուծվելու կեցության հարցերը, Սինանյանը արձագանքեց. «Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, երևի ամենաբարդ հարցն է, և բնական է՝ տրամադրված ենք այդ հարցին լուծում տալ: Հայաստան եկող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա, հետևաբար աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց Զարեհ Սինանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել