armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց վերջ տալ այն հին տրամաբանությանը, որ որևէ նոր ստեղծվող կառույցում կարելի է օգտագործել հին և օգտագործված գույքը: Օգոստոսի 6-ի կառավարության նիստում Փաշինյանը նշեց, որ Ոստիկանությունում ստեղծվող նոր Պարեկային ծառայությունում պետք է որևէ հին բան չլինի:
«Քննարկումների արդյունքում կարծիք հնչեց, որ տարբեր տեղերում պետական մեքենաներ ենք կրճատում, կարելի է դրանք տրամադրել պարեկային ծառայությանը: Ոչ, Պարեկային ծառայությունում որևէ հին, օգտագործված բան պետք է չլինի, սկսած ատրճանակից, շարունակած՝ հագուստով, վերջացրած՝ մեքենաներով, կապի միջոցներով: Ամեն ինչը պետք է լինի նոր, զրոյից ստեղծված»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ հին տրամաբանությամբ ծախսված ամեն կոպեկը համարում է վնասակար, որովհետև այդ գումարի ծախսման արդյունքում ոչինչ չի փոխվում:
«Չի կարելի նոր դպրոց կառուցելիս հին դպրոցի գույքը դնել այդտեղ: Դա շատ վատ բան է բոլոր առումներով: Կարելի է մի տեղ մի բան ավելի պակաս կառուցել, բայց նորը դարձնել լիարժեք նոր»,- նշեց վարչապետը:
comment.count (0)