24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ. անհրաժեշտ սարքերի հերթական խմբաքանակը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ
20:47 - 06 օգոստոսի, 2020

24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ. անհրաժեշտ սարքերի հերթական խմբաքանակը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրեյթենը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը վերահաստատել են Կորոնավիրուսի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունն ու քննարկել հետագա համատեղ ծրագրերը, տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ առողջապահության նախարարությանն է փոխանցվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ իրերի հերթական խմբաքանակը. 24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ, որոնք կհատկացվեն կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններին։

Կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը` առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծել է, որ իրականացվող համալիր միջոցառումները կօգնեն ցանկալի արդյունք ապահովել COVID-19-ի դեմ պայքարում:

«Շնորհակալ ենք մեր գործընկերերին համաճարակի ժամանակ ցուցաբերվող աջակցության համար` ոչ միայն բժշկական սարքավորումների տրամադրման առումով, այլև տեխնիկական հարցերով մասնագիտական աջակցության համար, ինչը ի սպաս է դրվում կորոնավիրուսային հիվանդության համաճարակին արդյունավետ հակազդելու հարցում», – ասել է փոխնախարարը:

Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ համատեղ ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն իսկ գնել և առողջապահության նախարարության է տրամադրել COVID-19 համավարակի ախտորոշման 10.000 թեստ։ ՀՀ առողջապահության համակարգին օժանդակությունը լինելու է շարունակական: Այն իրականացվում է ոչ միայն անհրաժեշտ սարքավորումների և  պարագաների տրամադրմամբ, այլ նաև բուժաշխատողների վերապատրաստումների,  հանրային իրազեկման աշխատանքների միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել