armenpress.am: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ձեռնպահ է մնում Ամուլսարի շահագործման հարցի մեկնաբանությունից՝ ելնելով իր կարգավիճակից, նաև հաշվի առնելով հարցի սրությունը, եւ կոնկրետ այն քաղաքական ենթատեքստը, որ դրված է այդ հարցի տակ։ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում այդ մասին Հակոբյանը նշեց՝ պատասխանելով հարցին՝ կո՞ղմ է, թե դեմ Ամուլսարի շահագործմանը: 

«Վարչապետի՝ իմ ամուսնու մեկ տարի առաջվա լայվից հետո, ես չգիտեմ՝ ինչ փոխվեց, ինչու հանկարծ այս բռնկումը տեղի ունեցավ, եթե մեկ տարի ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի պրոցես չի ընթացել, ի՞նչ տեղի ունեցավ, որ նորից սկսվեց։ Դա հարց է, որի պատասխանը ես չկարողացա գտնել, հետևելով իրադարձություններին, լսելով հարցազրույցներ, հատկապես այն մարդկանց, որոնք այնտեղ գործողություններ են անում»,- ասաց տիկին Հակոբյանը։

Մեկնաբանը հիշեցրեց, որ ցույցերը սկսվեցին, երբ «Լիդիան Արմենիա»-ն ապամոնտաժեց հանքի հարևանությամբ տեղադրված բնապահպանների տնակը, պատճառաբանելով, թե այն իր տարածքում է: Ի պատասխան՝ Աննա Հակոբյանը հակադարձեց`  ընդգծելով, որ բուն խնդրի էության մեջ ոչինչ չի փոխվել, այսինքն՝ շահագործվելո՞ւ է, հանքը, թե՞ ոչ: