«Շինարարությունից մեր տները դղրդում են». Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան բնակելի համալիր է կառուցում Նազարբեկյան փողոցում |hetq.am|
10:32 - 07 օգոստոսի, 2020

«Շինարարությունից մեր տները դղրդում են». Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան բնակելի համալիր է կառուցում Նազարբեկյան փողոցում |hetq.am|

hetq.am: Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան փողոցի բնակելի տների բնակիչներն արդեն երեք ամիս է՝ պայքարում են իրենց հարևանությամբ կատարվող շինարարության դեմ։ Նրանք պնդում են, որ շինարարական աշխատանքների պատճառով մշտապես վախի մեջ են, և որ մի օր իրենց տները փլվելու են։

«Անընդհատ վախի մեջ ես՝ վայ, դղրդում է, բա որ հիմա մի բան փլվի։ Անընդհատ սթրես ենք տանում։ Անգամ օրվա վերջում, երբ շինարարական աշխատանքներն ավարտվում են, այդ դղրդոցը մեջներիցս դուրս չի գալիս»,- ասում է Աննա Եղիազարյանը։

Աննան բնակվում է Նազարբեկյան փողոցում, որից մի քանի մետր այն կողմ ընթանում են 14, 16, 21 հարկանի շենքերի կառուցման աշխատանքները։

Աննան ցույց է տալիս տան երկրորդ հարկի ննջասենյակների պատերն ու ասում՝ շինարարական աշխատանքների պատճառով պատերին նոր ճաքեր են առաջացել։

 

Բնակիչներն ավելի են անհանգստացել, երբ նախորդ շաբաթ հատուկ տեխնիկայով սկսել են փորել շենքերի հիմքերը։

Նազարբեկյան 41/1 և 41/8 հասցեներում կառուցվում է երեք բնակելի շենք՝ 21, 16, 14 հարկերով։ Կառուցապատողը «Շինարտ գրուպ» ընկերությունն է, որի սեփականատերը Սամվել Մկրտչյանն է։ Նա եղել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի հաշվառման վարչության պետ, Երեւանի ստորաբաժանման պետ, այնուհետև՝ գեոդեզիայի և հողային պետական տեսչության պետ։ 

Նախորդ շաբաթ տարածքի բնակիչները գրությամբ դիմել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին՝ ներկայացնելով իրավիճակն ու իրենց մտահոգությունները։ Աննան նաև կցել է իրենց տան պատերի ճաքերի լուսանկարները։ Քաղաքային իշխանությունից նրանք դեռ պատասխան չեն ստացել։ 

Բնակիչների բողոքներից հետո կառուցապատող ընկերությունը կտորե ցանց է անցկացրել՝ շինհրապարակի և տների միջև։

«Շինարտ գրուպ» ընկերությանը շինթույլտվություն տրվել է այս տարվա հունիսի 8-ին։ Ըստ տարածքում փակցված ցուցանակի՝ շինարարական աշխատանքներն իրականացվելու են 36 ամսվա ընթացքում։

Նազարբեկյան փողոցի բնակիչ Լևոն Հարությունյանը պատմեց, որ նախորդ շաբաթ այնքան ակտիվ շինարարություն է ընթացել, և տներն այնքան ուժգին են շարժվել, որ պարտադրված են եղել զանգահարել ոստիկանություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն և քաղաքապետարան։ Սակայն պետական կառույցներից որևէ ներկայացուցիչ տարածք չի եկել, իսկ ոստիկանությունից հայտնել են, որ շինարարությունն օրինական է։

 

Բնակիչները կառուցվող շենքերի մասին տեղեկացել են պատահաբար, երբ սոցիալական ցանցերում հայտարարություն են տեսել, որ այդ հասցեում բնակարաններ են վաճառվում։ Նրանք հանրային որևէ լսման չեն մասնակցել, քանի որ իրազեկված չեն եղել։

«Հանրային լսումները արվել են ձևական, այսինքն՝ արվել են, բայց ոչ մի բնակիչ տեղյակ չի եղել այդ լսումներից։ Ես խոսել եմ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ինքն ասել է, որ եթե Գուգլով ման գաք, կգտնեք, որ հանրային լսումներ եղել են։ Այսինքն՝ ձևական բնույթ է կրում, չէին կարող նամակներով ուղարկել, մարդիկ նորմալ գնային այդ լսումներին, քննարկեին։ Իրենց երևի պետք էր, որ ուղղակի նշեին, որ հանրային լսումներ են արել»,- ասում է Լևոն Հարությունյանը։

 

«Մեր պահանջն այն է, որ ամեն ինչ օրենքով կազմակերպվի։ Թող հանրային լսումներ անցկացվեին, մեր կարծիքը լսեին, միգուցե մենք չէինք ուզում մեր գլխի վերևը էսպիսի շենք լինի։ Հետո այս տներից 10 մետրի վրա է լինելու այդ շենքը, պատկերացրեք 16, 21, 14 հարկանի շենք»,- ասում է Լևոն Հարությունյանը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել