Մենք գնում ենք, որպեսզի Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք լիբանանյան ժողովրդին |lragir.am|
15:19 - 07 օգոստոսի, 2020

Մենք գնում ենք, որպեսզի Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք լիբանանյան ժողովրդին |lragir.am|

lragir.am: Լիբանանում կա հայության մի զանգված, որը ցանկություն ունի Հայաստան գալ։ Եվ հայկական կողմը պետք է նուրբ մոտեցում ցուցաբերի այս հարցին։ Այս մասին այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանից երեք օդանավ է մեկնելու Լիբանան՝ մարդասիրական օգնության կարգով։ Երեք թռիչք է լինելու, առաջինը հավանաբար կլինի վաղը երեկոյան։ Նաև հայկական պատվիրակություն է մեկնելու Լիբանան։

«Օգնության ցանկը կազմվել է՝ հիմնվելով այն ցուցակի վրա, որը մեզ ներկայացրել են լիբանանյան գործընկերները։ Այստեղ մի նուրբ հարց կա՝ մենք որպես պետություն չենք ուզում, որ տպավորություն ստեղծվի, որ մենք եկել ենք Լիբանան, որպեսզի օգնենք հայերին։ Կարծում եմ՝ դրա մեսիջը շատ սխալ կընկալվի Լիբանանի ժողովրդի կողմից։ Նրանք արժանի են, որ մենք ավելի լավ վերաբերվենք իրենց։ Հետևաբար, մենք գնում ենք, որպեսզի Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք լիբանանյան ժողովրդին, որի մեջ մտնում է նաև հայկական համայնքը»,- ասաց Սինանյանը։ Նա նշեց, որ Լիբանան են գնում՝ փաստահավաք գործունեություն իրականացնելու առաքելությամբ։

«Մեր նպատակը տեղում ծանոթանալն է այն բոլոր վնասներին ու արհավիրքին, մեր հայրենակիցների տրամադրություններին, որպեսզի մենք էլ ավելի խորը հասկանանք, թե երկարաժամկետ հատվածում ինչ կարող ենք մենք անել։ Այնտեղ ոչ միայն տեղի ավերածության խնդիրն է, այլև մարդկանց հոգեբանական խնդիրն է։ Մենք մինչև համավարակն արդեն տեղեկացված էինք, թե որքան լուրջ է տնտեսական իրավիճակը Լիբանանում, և հասկանում էինք, որ կա լիբանանահայության մի զանգված, որը ցանկություն ունի Հայաստան գալ։ Սա էլ մի խնդիր է, որի հետ ուզում ենք տեղում ծանոթանալ, բայց ավելի նուրբ ձևով, որովհետև չենք ուզում, որ սա դառնա հիմնական թեմա»,- հավելեց Սինանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Լիբանանում որոշ շինությունների վերականգնման աշխատանքները պատրաստ է իրականացնել Հայաստանի կառավարությունը։ Այս հարցին ևս պետք է նուրբ մոտենալ, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայաստանի կառավարությունն ուզում է միայն հայկական մշակութային կենտրոնները վերականգնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել