Հայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահ |armenpress.am|
18:38 - 07 օգոստոսի, 2020

Հայաստանի վերելքը կլինի վստահ ու հաստատուն. առկա են անհրաժեշտ հենակետերը. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ունի մի քանի ճգնաժամերին դիմակայելու փորձ, բազում քաղաքական ու անգամ ռազմական ցնցումների պայմաններում կայուն մնալու փորձ, և այդ փորձը, ինչպես նաև ողջ գործիքակազմն ու կարողությունները ծառայում են երկրի ֆինանսական  կայունության ու կանխատեսելի ցածր գնաճի ապահովմանը: Այս մասին նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ընդգծելով, որ դրանք հենց այն հենակետերն են, որոնք մեղմում են ներկայի ճգնաժամի հարվածները, և որոնց շնորհիվ երկրի վաղվա վերելքը կլինի վստահ ու հաստատուն: 

-Հարգելի պարոն Գալստյան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր ելույթներում նշել եք, որ Կենտրոնական բանկը հետևողական է լինելու իր երկու հիմնական նպատակների՝ գների կայունության ու  ֆինանսական կայունության ապահովման հարցում: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2020թ. հունիսին, 2019թ. հունիսի համեմատ, կազմել է 1,7%՝ նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։ Գների կայունության առումով թվերն ինքնին խոսուն են, իսկ ի՞նչ կասեք ֆինանսական կայունության մասով՝ հատկապես վերջերս շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ վարկերը չեն կարողանում մարել, գործ չկա, կորոնավիրուսով պայմանավորված շատերը չեն աշխատում, շատ է հնչում վարկային արձակուրդ տրամադրելու քաղաքացիների և տարբեր խմբերի պահանջը, այս մասին ի՞նչ կասեք։


-Շնորհակալություն։ Նախ եկեք  հասկանանք թե ինչ է  այս պահի դրությամբ արդեն արվել: Վեջին մի քանի ամիսների ընթացքում  Հայաստանի  ֆինանասական կազմակերպությունների կողմից վերանայվել է գրեթե 1 միլիոն, ավելի ստույգ՝ շուրջ 980 հազար հատ վարկային պայմանագիր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.3 տրիլիոն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական ու 17.5 հազար իրավաբանական անձիք են: Վարկերի նման մեծածավալ ու ընդգկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության  լավագուն դրսևորումներից  է: Ես կխուսափեմ վերամբարձ գնահատականներից և գուցե չկոչեմ սա փրկօղակ, բայց դա միանշանակ հստակ ու շոշափելի օգնություն էր բազմաթիվ ընտանիքների ու գործարարների համար: Մյուս կողմից եկեք չմոռանանք, որ բանկը միջնորդ է ավանդատուների և վարկառուների միջև:

Բանկերը ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Սա շատ պարզ մեխանիզմ է՝ վարկերի դիմաց ստացված տոկոսագումարներից  բանկը պետք է կատարի ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները ։ Ընդ որում, բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսավճարների տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը:  Այսպիսով, երբ տեսնում ես պատկերն ամբողջությամբ, ոչ թե միայն մեկ կողմի դիտանկյունից, ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները   չեն կարող տևել անվերջ:   

 

-Թույլ տվեք, այնուամենայնիվ, նկատել, որ կան խնդիրներ և բողոքներ:

 

-Միանշանակ կան: Այդ խնդիրները բազմաբնույթ են և ունեն բազմապիսի ծագումնաբանություն: Եկեք հիմա հասկանանք  այդ խնդիների առաջացման պատճառները և փորձենք գնահատել դրանց լուծման հնարավորությունները:

Նախ և առաջ պետք է ընդունենք, որ ցանկացած խնդրից խուսափելու համար առավել անհրաժեշտ նախապայմանը լիարժեք տեղեկացված լինելն է: Այստեղ Կենրոնական բանկն ունի թե ազդեցության լծակներ և թե գործելու անհրաժեշտ վճռականություն: 

Լինելով ֆինանսական հատվածի կարգավորող և վերահսկող մարմին, ԿԲ-ը քաղաքացիների շահերի պաշտպանության համար ստեղծում և շարունակաբար կատարելագործում  է  թափանցիկ ու իրազեկ  միջավայր: Մարդիկ ծառայություններից  օգտվելիս պետք է լինեն տեղեկացված, իսկ իրենց որոշումներում պետք է ներառվի ամբողջ առկա տեղեկատվությունը: Այլ կերպ ասած, որոշում կայացնող վարկառուի համար չպետք է լինեն գաղտնիքներ, երկիմաստ դրույթներ և թյուրիմացություններ առաջացնող հղումներ: Այդ իսկ պատճառով ԿԲ կողմից ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ սահմանված են թափանցիկության և տեղեկատվության բացահայտման հստակ և չափազանց խիստ պահանջներ: Օրինակ, մինչև վարկային պայմանագիր կնքելը մարդուն, բացի բանավոր ներկայացվող տեղեկատվությունից, տրամադրվում է վարկի էական պայմանների վերաբերյալ շատ հակիրճ անհատական թերթիկ: Վերջինիս մեջ նշված պայմանները գործում են 10 օր, և քաղաքացին հնարավորություն ունի մտածելու, համեմատելու, նշված պայմանների շրջանակներում կրկին իր հնարավորությունները գնահատելու  և ապա նոր այդ վարկը վերցնելու կամ գուցե հակառակը՝այդ վարկից հրաժարվելու: Բուն պայմանագրերի նկատմամբ ԿԲ կողմից  սահմանված են բազմաթիվ պահանջներ՝ սկսած տառատեսակի չափից, վերջացրած կարևորագույն տեղեկությունները նշելու պահանջով: Դրանցից ամենակարևորն են փաստացի տոկոսադրույքը,  անվանական տոկոսադրույքը, միջնորդավճարների չափը: 

 

-Այդուհանդերձ անարդարություններ տեղի են ունենում։ Ի՞նչ անել այդ դեպքում։

 

-Այստեղ էլ Կենտրոնական բանկը հարթել է ճանապարհը և շարունակական ռեժիմով կատարելոգործում է մշակված մեխանիզմները: Մարդու նկատմամբ տեղի է ունեցել անարդարություն, նրան գցել են մոլորության մեջ, մարդը կրել է ֆինանսական կորուստներ: ԿԲ-ը սահմանել է բոլոր ֆինանսական կազմակերպությունների ներսում բողոքների քննման  մեխանզիմների նկատմամբ մանրամասն և հստակ պահանջներ: Ցանկացած բողոքի պարագայում քաղաքացին առաջին հեթրին պետք է դիմի իրեն սպասարկող ֆինանսական կազմակերպությանը, որը պարտավոր է սահմանված ժամկետներում և ընթացակարգերով ուսումնասիրել դիմումը  և պատասխանել քաղաքացուն: Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետեւ հենց տվյալ  կազմակերպությունն է այն առաջին օղակը, որն առկա բարձր մրցակցության պայմաններում հատկապես հակված է լուծելու հնարավոր վեճը, չէ՞ որ դա բխում է իր իսկ շահերից: Հաջորդ քայլը. այն պարագայում, երբ մարդուն չի բավարարում ֆինանսական կազմակերպության պատասխանը և առաջարկվող լուծումները, նա կարող է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որն անվճար ու խելամիտ ժամկետներում կքննի բողոքը: Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հիմնադրվել է ԿԲ կողմից, ունի անկախ կառավարման մարմին և գործում է արդեն ավելի քան 10 տարի: Եվ հատկանշական է, որ այս ինստիտուտի որոշումների բացարձակ մեծամասնությունը կայացվում է հօգուտ հաճախորդների է:  Անշուշտ  այս մակարդակում ստացված պատասխանն ու լուծումը կրկին կարող են չընդունվել բողոքը ներկայացրած անձի կողմից: Եվ անշուշտ նա կարող է դիմել նաև ԿԲ-ին, որը ֆինանսական կազմակերպության կողմից իրական խախտումների հայտնաբերման դեպքում կարող է համապատասխան պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ: Նշված շղթան անցնելուց ու պատասխան չստանալուց հետո ԿԲ-ին դիմելը մենք անհրաժեշտաբար կդիտարկենք որպես շղթայում առկա անկատարություն: Եվ այսպիսով մեկ անձի կողմից Կենտրոնական բանկում հնչեցրած խնդրի լուծումը կարող է վերափոխվել նաև համակարգային լուծումների:

 

-Մեխանիզմը լիարժեք հասկանալի է, սակայն անգամ թափանցիկության, տեղեկացվածության, և գիտակից որոշում կայացնելու համար անհրաժեշտ բոլոր մնացած պայմանների խստագույն պահպանպան դեպքում կրկին  կարող են առաջանալ վարկային պարտավորությունների կատարման խնդիրներ: 

 

-Այո, և սա խնդիրների այն խումբն է, որը կապված չէ ֆինանսական կազմակերպության կողմից թույլ տված խախտումների, մարդուն միտումնավոր կամ հընթացս մոլորության մեջ գցելու կամ հասանելի ինֆորմացիայի պակասի հետ: Այստեղ ֆինանսական կազմակերպությունը լիարժեք կատարել է իր վրա դրված պարտավորությունները, սակայն վարկառուն, ինչ-որ պահի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ի վիճակի չի լինում կատարել իր վարկային պարտավորությունը։ Այս դեպքում արդեն Կենտրոնական բանկը ուղղակի չի կարող միջամտել տնտեսվարող սուբյեկտների  ընթացիկ տնտեսական գործունեությանը: Եկեք հասկանանք, որ առևտրային  բանկը դա ինքնուրույն, շահույթ հետապնդող բիզնես միավոր է, որը գործում է բարձր մրցակցության ու նաև բարձր ռիսկի պայմաններում: Նա իր ռիսկով տրամադրում է վարկեր ու անում է դա մեծապես ավանդատուներից հավաքագրված միջոցների հաշվին: Իսկ այդ միջոցների անխափան, կամայական պահին պահանջված վերադարձը քաղաքացուն, ինչպես նաև այդ միջոցների դիմաց հաշվարկված տոկոսների անվերապահ, անպատճառ ու ապահով վճարումը բանկի առաջնային  պարտականությունն է: Շարժե՛ք <վարկ-ավանդ> կշեռքի մի նժարը, և կկործանեք ընդհանուր ֆինանսական ու հետևաբար նաև ընդհանուր տնտեսական հավասարակշռությունը:  

-Իսկ որտե՞ղ է այդ դեպքում լուծումը: 

-Մենք պետք է ընդունենք, որ առկա խնդիրը շատ ավելի ընդարձակ է, քան ԿԲ-ի կարգավորման դաշտը: Ի՞նչ անենք վատ վիճակում հայտնված մեր հայրենակիցների հետ, որոնք չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները։ Նախ մեկ դիտարկում։ Մենք ժամանակին, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին, մեկ անգամ տույժ-տուգանքները ներեցինք։ Հետո մեր հետազոտությունը ցույց տվեց, որ վարկային համաներում ստացած մարդկանց խմբից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների հիսուն տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն վիճակում։ Այսինքն այդ մարդիկ ունեն կա՛մ եկամտի, կա՛մ պարտաճանաչ վարքագծի խնդիր։ Այսօր այդ խնդիրներին ավելացել է նաև համավարակի հետևանքով տնտեսության բազմաթիվ ճյուղերի հարկադրված պարապուրդը: Եվ լուծումն այստեղ հասարակական կոնսենսուսի դաշտում է։ Պետության կողմից բոլորիս հարկերի հաշվին կարող է ինչ-որ գումար նախատեսվել՝ որպես երաշխիքային ֆոնդ, նման իրավիճակներից դուրս գալու համար։ Միայնակ մայրն ունի երկու երեխա, հայտնվել է անելանելի իրավիճակում, և մենք որպես հասարակություն այդ կնոջը պետք է օգնության ձեռք մեկնենք, բայց դրա մեխանիզմն այն չի, որ նման մարդիկ չվճարեն ֆինանսական կազմակերպություններից վերցրած միջոցների դիմաց։ Իսկ հիմա տեսեք.  այս կարգավորումն իրականացնելուց առաջ մենք պետք է որոշենք նաև՝ իսկ ի՞նչ ենք անում այն մարդկանց հետ, որոնք պարտաճանաչ կերպով կատարում են իրենց վարկային պարտավորությունները։ Այդ մարդիկ չպետք է ավելի վատ վիճակում հայտնվեն վճարելով, քան այն մարդիկ, ովքեր պարբերաբար վերցնում են այդ գումարները և չեն վճարում։ Այս խնդրում մենք, որպես հասարակություն, պետք է կոնսենսուսի գանք: Եվ այստեղ արդեն գնդակը քաղաքացիների՝այսինքն հարկատուների, դաշտում է, և ոչ Կենտրոնական բանկի ու  ֆինանսական ինստիտուտների։ 

-Շատ ընդդիմախոսներ բարձրաձայնում են այն մասին, որ առևտրային բանկերը նախորդ տարիներին աշխատել են գերշահույթով և հիմա, այս դժվար ժամանակներում, կարող են ավելի պատասխանատու դիրք ընդունել ու ռիսկերը վերցնել իրենց վրա։

-Մենք դեռևս չենք կարող ողջ ծավալով գնահատել ֆինանսական համակարգի վրա կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքները: Սակայն ինչ վերաբերում է նախորդ տարիներին, ապա այստեղ տեղեկատվությունը լրիվ հասանելի է, իրավիճակն ավելի քան պարզ է,  և պատկերը  շատ հեռու է բանկերին մեղսագրվող գերշահույթ ստանալու մեղադրանքից: Բիզնեսի շահութաբերությունը գնահատող լայնորեն տարածված ցուցանիշն ըստ կապիտալի շահութաբերությունն է՝ ROE: 2019թ. բանկային համակարգի շահութաբերությունն  ըստ կապիտալի կազմելէ 7.9%, իսկ վերջին 5 տարում միջին տարեկան ցուցանիշը 4.1% էր: Ակնհայտ է որ այս թվերը չեն կարող վկայել շահույթի ինչ որ գերբնական մակարդակի մասին: 

Ասեմ ավելին: Ի տարբերություն բիզնեսների շատ ու շատ տեսակների, բանկերը, իրենց «ցանկությունից» անկախ, զուտ իրենց գործունեության առանձնահատկությունների բերումով, բոլոր երկրներում ու հասարակություններում մշտապես իրենց վրա են կրում տնտեսական անկումների, անորոշության ու տատանողականության հետևանքները: Տնտեսությունը միասնական օրգանիզմ է, և այն, ինչ կատարվում է տնտեսության մեկ ճյուղում, անհրաժեշտաբար վերաբերում է նրա հարակից ճյուղերին, սակայն բանկերի առանձնահատկությունն այն է, որ նրանց վերաբերում է ամեն ինչ: Բանկերն են այն անվտանգության բարձիկը, որը կլանում ու մեղմում է տնտեսության տարբեր ոլորտները խոցող շոկերը: Եվ բանկերն անում են դա իրենց, իրենց սեփականատերերի միջոցների հաշվին:

Ընդհանուր առմամբ ես համոզված եմ, որ բանկերի նկատմամբ չկշռադատված իսկ երբեմն անգամ չարացած պահանջները իրավիճակը բոլոր կողմերից չդիտարկելու արդյունք են: Իրավիճակի համապարփակ դիտարկումն ու ինքնուրույն վերլուծությունը միանշանակ տալիս են բոլոր հիմնական հարցերի պատասխանները և պաշտպանում են հասարակությանը իրար մեջ թշնամիներ որոնելու վտանգավոր ճանապահից:

-2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժաի ընթացքում, ինչպես նաև հիմա, զարգացած շատ երկրների կառավարություններ մեծածավալ դրամական միջոցներ տրամադրեցին թե բանկերին և թե տնտեսվարողներին: Չքննարկելով նման քայլի արդյունավետությունը, կցանկանայի հարցնել, թե ինչպե՞ս է ստացվում, որ հայրենի կառավարությունը նման քայլ չի ձեռնարկում և «օգնության ձեռք» չի մեկնում ֆինանսական հատվածին:

 

- Այո, ժամանակին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը և կառավարությունը «փրկագնեցին» ֆինանսական հատվածը, քանի որ ցանկացած ֆինանսական անկայանություն, առավել ևս համակարգային, հղի է ընդհանուր տնտեսական համակարգը փլուզելու վտանգով: Սակայն հասարակությունը դժգոհ մնաց: Հասարակությունը համոզված էր, որ պետք էր միջոցներն ուղղել իրական, և ոչ  ֆինանսական հատվածի առողջացմանը: Հարկատուները դժգոհ էին, որ իրենց միջոցների հաշվին կառավարությունն օգնեց ֆինանսական հատվածին: Եվ, այդ համատեքստում՝ անդրադառնալով մեր իրավիճակին, առանց դրական կամ բացասական գնահատական տալու, ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում մեր կառավարության կողմից որևէ ֆինանսական կազմակերպությանը հարկատուների հաշվին օժանդակություն չի տրամադրվել: Ֆինանսական կազմակերպությունները  ճգնաժամերը հաղթահարել են ինքնուրույն՝ իրենց սեփականատետերի միջոցների հաշվին։ 

 

-Դուք շատ լավ տեղյակ եք, որ քաղաքացիների դժգոհությունը հիմնականում պայմանավորված է վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի անհիմն բարձր տոկոսներով: Ինչո՞վ է պայմանավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկերի տոկոսների այսպիսի մեծ տարբերությունը:

 

- Վարկային կազմակերպությունների տոկոսները բարձր են, որովհետև նրանք վարկավորում են չափազանց ռիսկային խմբերի կամ անհատների: Դա այն վարկառուներն են, որոնք չունեն գրավ, չունեն արժանահավատ վարկային պատմություն, չունեն եկամուտի կայուն ու վստահելի աղբյուր: Սակայն այդ մարդիկ ունեն վարկավորման անհրաժեշտություն: Եվ այդ անհրաժեշտությունը երբեմն իսկապես անհետաձգելի է ու կենսականորեն կարևոր: Նրանցից շատերը այդ վարկերը նախընտրում են ստանալ կանխիկով և վերադարձնել կանխիկով: Այս ամենը նշանակում է, որ վարկային կազմակերպությունները սովորականից շատ ավելի բարձր ռիսկի են գնում նման վարկերի պարագայում, ինչպես նաև ավելի մեծ ծախսեր են անում այդ վարկերի տրամադրման ու սպասարկման ընթացքում: Վարկառուին ինչ-որ պահի ինչ-որ խնդիր լուծելու համար շատ կարճ ժամանակով անհրաժեշտ է օրինակ 40 հազար դրամ: Նա ստանում է այդ գումարը վարկային կազմակերպությունից, երկու շաբաթվա կտրվածքով  հազար դրամ վճարում է որպես տոկոսավճար, և ևս հազար դրամ կազմում են սպասարկման վճարները: Ընդհանուր առմամբ, 2 հազար դրամ։ Այս վճարումը տարեկան տոկոսադրույքի վերածելու պարագայում ստանում ենք  ավելի քան 100 տոկոս։ Պե՞տք է նման բիզնես գոյություն ունենա Հայաստանում, թե՞ ոչ: Այս հարցին պատասխանելու համար եկեք հասկանանք թե որն է դրա այլընտրանքը: Մարդը ունի փողի կարիք՝ շատ շտապ ու շատ կարևոր վճարում, գնում, մուծում կատարելու համար: Եվ չունի բանկից վարկ ստանալու հնարավորություն: Եվ դիցուք գոյություն չունեն վարկային կազմակերպություններ: Որտե՞ղ է գնալու այդ մարդը, ի՞նչ իրավիճակ ենք ստանալու մենք՝ որպես հասարակություն: Պատասխանը ավելի քան պարզ է՝ մենք ստանալու ենք այն, ինչ ժամանակին ունեցել ենք․ կրիմինալն է մտնելու այդ հարցերի մեջ, մարդկանց տոկոսով փող են տալու, հետո մարդկանց ունեզրկելու են, ծեծելու են, ահաբեկելու են, երբեմն անգամ սպանելու են։ Մինչդեռ այսօր վարկառուն՝ իր վրա պարտավորություն վերցնելով, ի սկզբանե  տեղեկացվում  է վարկավորման պայմանների մասին և մի քանի տեղ ստորագրությամբ հավաստում դա։ 

Անշուշտ մենք այստեղ դեռ շատ անելիք ունենք, և կուզենայի նշել, որ հիմա Կենտրոնական բանկում պատրաստում ենք նորմատիվներ, որոնք մարդու փաստացի եկամուտը կկապեն տրամադրվող վարկի մեծության հետ, որպեսզի ապագայում հնարավոր լինի որոշ չափով խուսափել անելանելի իրավիճակներում հայտնվելու վտանգից:

Ժամանակին, եթե հիշում եք, վարկերի հասանելիությունը շատ ցածր էր և հասարակության մեջ կար զգալի դժգոհություն առ այն, որ մարդիկ չեն կարողանում վարկեր վերցնել: Կենտրոնական բանկը վերջին երկու տասնամյակների ընթացքում ահռելի աշխատանք է կատարել, և այժմ վարկերը շատ ավելի հասանելի են, իսկ վարկ վերցնելը շատ ավելի պարզ ու կանոնակարգված գործողություն է: Եվ ահա այսօր մենք արդեն բախվում հակառակ երևույթին, երբ ակնհայտ է դառնում որ պետք է որոնել ինչ-որ այլ՝ միջին, ավելի ընդունելի մակարդակ: Այս խնդիրների լուծումն էլ փորձում ենք գտնել նորմատիվային դաշտի կարգավորումների օգնությամբ:

Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել