ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ
22:19 - 07 օգոստոսի, 2020

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն օգոստոսի 7-ին խորհրդարանում հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և նրա ղեկավարած՝ «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական անդամների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Անվտանգության խորհրդի կողմից կատարվող աշխատանքներին:

Արթուր Թովմասյանն իր խոսքում բարձր է գնահատել Անվտանգության խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, կարևորել «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական գործունեությունը՝ նշելով, որ փոխգործակցության, համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կդառնա տալ բազմաթիվ օրակարգային խնդիրների լուծում: Այդ համատեքստում Աժ նախագահը կարևորել է նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝  նշելով, որ դրանում ներառված ծրագրերի իրականացումը հանրային  պահանջ է:

«Արցախում չկա մի քաղաքական ուժ, որ կկարողանա իր վրա վերցնել երկրի առջև ծառացած խնդիրների ողջ պատասխանատվությունը, ուստի պետք  է գործել միասնական ուժերով»,- ընդգծել է Արթուր Թովմասյանը:

Սամվել Բաբայանն իր հերթին կարևորել է խորհրդարանի հետ համատեղ աշխատանքների իրականացումը՝ շեշտելով, որ երկրում իրականացվող ցանկացած ծրագիր պետք է գործի օրենքի շրջանակներում, բխի ժողովրդի շահերից և ունենա բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման միտում:

Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հետագայում ևս շարունակելու սերտ համագործակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել