azatutyun.am: «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի ղեկավար Մհեր Դավիդյանցը երեկ հայտնել է իր կոլեկտիվին, որ հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ու աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։ Կենտրոնի պաշտոնական էջում պատճառների մասին ոչինչ չկա գրված։

Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից համաճարակի դեմ պայքարի հիմնական բեռը դրվել էր հենց «Նորք» ինֆեկցիոն, հետո նոր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների վրա։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ փոփոխությունները պայմանավորված են տարեսկզբից մեկնարկած՝ ՁԻԱՀ-ի ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի միավորման հետ։ Ըստ խոսնակի՝ Դավիդյանցին առաջարկվել է ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որը նախ ընդունել է, հետո՝ հրաժարվել։

«ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց էր սկսվել, նախարարի հրամանով արդեն իսկ երկու բժշկական կենտրոնների տնօրենները աշխատանքից ազատվել են, և այդ երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը: Այս նոր ձևավորվող բժշկական կենտրոնում պարոն Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, ի սկզբանե պարոն Դավիդյանցն ընդունել էր այդ առաջարկը և հետագայում հրաժարվել էր: Անկախ ամեն ինչից նախարարությունը, նախարարն էլ իր հերթին պարոն Դավիդյանցի աշխատանքը շատ բարձր են գնահատում, քանի որ վերջին շրջանում էլ համավարակի ընթացքում նրա ներդրումը բավականին մեծ էր: Անկեղծ ցանում ենք նրա որոշման համար», - ասաց ԱՆ խոսնակը:

2006-ից «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնում աշխատող Մհեր Դավիդյանցին նախարար Արսեն Թորոսյանն էր նշանակել հիվանդանոցի տնօրեն։ Covid-ի բռնկման օրերից հիվանդության դեմ տարվող համառ պայքարի համար՝ ամենատարբեր ատյաններից, բուժվող հիվանդներից և պարզապես քաղաքացիներից շնորհակալական խոսքերի հեղեղից հետո Դավիդյանցի հրաժարականի լուրը համացանցում տարբեր մեկնաբանությունների է արժանացել։ Ինքը՝ Դավիդյանցը, ասաց՝ չի ցանկանում չակերտներն ամբողջությամբ բացել, բայց իր համար անհասկանալի է ընդհանուր գծով տնօրենի տեղակալի պաշտոնն ու հստակ գործառույթները, ընդգծեց՝ եթե իրեն առաջարկվեր ստանձնել միավորվող 2 հիվանդանոցների տնօրենի պաշտոնը գուցե չհեռանար:

«Այն հույսերը, այն պլանները, որոնք եղել են անձնակազմի հետ, իրենց նեղվածությունը, ինչ-որ չափ, բնականաբար, անդրադառնում է ինձ վրա, սակայն, երբ հանդիպման ժամանակ հայտնել եմ անձնակազմին ու հիմնական սպեկտորը, որ ունի հիվանդանոցը չպետք է թեքվի, նույն եռանդով, նույն ուժով, որպեսզի որևիցե առումով համակարգը չտուժի, և չմոռանանք ամենակարևոր բանը, որ մենք դեռ չգիտենք՝ նույն Covid-ը մեր առջև կգա, թե ոչ», - ասաց Դավիդյանցը:

Համավարակի բռնկման օրերին, շուրջ 3 ամիս հիվանդանոցում գիշերող արդեն նախկին տնօրենի խոսքով՝ այս ամենն ինքը վերլուծության տեսքով ներկայացրել է նաև առողջապահության նախարարին, վերջինս, ըստ Դավիդյանցի, բարձր է գնահատել դրանք, հնչել են փոխադարձ շնորհակալական խոսքեր։ Դավիդյանցը սակայն ընդգծեց՝ հատկապես համավարակի այս օրերին եղել են բանավեճեր, ընդհուպ մինչև վեճեր, բայց ում հետ՝ չմանրամասնեց։

Հարցին՝ ինչ խնդիրներ են եղել, նա պատասխանեց.

«Տարբեր, կապված որոշումների հետ, կապված մոտեցումների հետ, ադմինիստրատիվ առումով, եղել են որոշակի բաներ, որ մասնագիտական առումով ես համամիտ չեմ եղել: Քննարկվել է դեբատի ձևով, գուցե ինչ-որ տեղ վիճաբանության ձևով, բայց ընդհանուր առմամբ փորձել ենք գալ այն ընդհանուր հայտարարին, որ ի վերջո որոշումը կայացվի ի շահ պացիենտի»:

 

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։