Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեր հարևան բելառուսները հիմա ծանր ժամանակներ են ապրում: Նրանք փորձում են որոշել իրենց զարգացման ապագա ուղղությունը, ու դա հեշտ չէ: Արդեն ակնհայտ է, որ երկրում ոչ բոլորն են համաձայն ընտրությունների նախնական տվյալների հետ: Իսկ, ինչպես հայտնի է, ցանկացած լեգիտիմություն ծնվում է բացառապես հանրային վստահությունից: 

Մենք կոչ ենք անում մեր հարևաններին ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու մերժել փողոցային բռնությունը: Մենք կոչ ենք անում բաց երկխոսության, որովհետև միայն երկխոսությունը թույլ կտա Բելառուսի ժողովրդին դուրս գալ այս դժվարին ճգնաժամից, բաց քննարկել հետագա քայլերը ու հանրային շփումների ձևաչափերը:

Միայն երկկողմանի ըմբռնումը կարող է պահպանել Բելառուսի Հանրապետության անկախությունը ու ապահովել երկրի հետագա զարգացումն ազատության և ժողովրդավարության ճանապարհով: Հակառակ դեպքում բռնությունները կդառնան ավելի ուժգին, ինչը կունենա ծայրահեղ ծանր հետևանքներ: Իմ կարծիքով, երկու կողմն էլ պետք է շահագրգռված լինի նման երկխոսության համար: 

Բելառուսն իր քայլերում պետք է հավտարիմ մնա քաղաքակիրթ աշխարհի ժողովրդավարական չափորոշիչներին: Ու պետք է ամբղջությամբ ապահովի իր սեփական ժողովրդի իրավունքներն ու ազատությունները: Սա միակ ճանապարհն է՝ պահպանելու հույսն առ այն, որ այս ճգնաժամից ելք կա: 

Ուկրաինան ու ես անձամբ շահագրգռված ենք՝ տեսնելու Բելառուսն իսկապես ազատ ու ժողովրդավար պետություն, որն ունի ուժեղ տնտեսություն ու կայուն հասարակական հարաբերությույններ»: