Սևրի պայմանագիրը մեր պահանջատիրության հիմնական հենքն է, որի համար մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, պայքարելու ենք, որ Հայոց ցեղասպանության դիմաց հասնենք նաև տարածքային հատուցման. Աշոտ Մելքոնյան |tert.am|
14:01 - 10 օգոստոսի, 2020

Սևրի պայմանագիրը մեր պահանջատիրության հիմնական հենքն է, որի համար մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, պայքարելու ենք, որ Հայոց ցեղասպանության դիմաց հասնենք նաև տարածքային հատուցման. Աշոտ Մելքոնյան |tert.am|

tert.am: Սևրի պայմանագրի 100-ամյակի առիթով ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպվել է գիտաժողով: Առաջին զեկույցը ներկայացրեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Մինչև Սևրի պայմանագրի մասին խոսելը` Մելքոնյանը պատմական ակնարկ կատարեց, բացատրելով, թե ինչպես է կնքվել համաձայնագիրը: Նա նշեց, որ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը), 14-րդ դարից սկսած, , սպառնում էր եվրոպային, և այդ նույն Եվրոպան Թուրքիայի թուլացման հետ մեկտեղ զուգընթաց միշտ առիթ էր փնտրում «վարձահատույց լինել» և Թուրքիայի քայքայման, պառակտման ծրագիրը մշտապես բերել օրակարգ:

Նա նշեց, որ Համաշխարհային պատերազմը սկսվեց հոկտեմբերի 30-ին, իսկ Մուդրոսի զինադադարով իր պարտությունն ընդունեց գերմանական ռազմաքաղաքական խմբավորման անդամներից մեկը` Թուրքիան, և պարտավորվեց իր զորքերը դուրս բերել մինչև նախապատերազմյան՝ 1914 թվականի սահմանները: Նա ասաց, որ այդ պայմաններում, երբ արդեն գոյություն ուներ Հայաստանի Հանրապետությունը, իսկ այդ պատերազմում հայ ժողովուրդը, քանի որ մեծ կորուստեր էր կրել, բոլոր իրավունքներն ուներ ակնկալելու այդ պատերազմի արդյունքներից իր համար ցանկալի սահմաններ, ուստի որոշվեց պատվիրակություն ուղարկել ՀՀ-ից Փարիզ՝ պարտված Թուրքիայի հետ հաշտությունը կքնելու համար, իսկ պատվիրակության ղեկավարն էր Ավետիս Ահարոնյանը: 

Աշոտ Մելքոնյանը նաև հիշեցրեց, որ այնտեղ էր գտնվում նաև եգիպտահայ մեծահարուստ Պողոս Նուբար փաշան, որը 1912 թվականից Գևորգ 5-րդ կաթողիկոսի հրահանգով գործում էր տեղում: Մելքոնյանը տեղեկացվեց, որ պատմագրության մեջ շատ է խոսվում հայկական երկու պատվիրակությունների միջև եղած տարաձայնությունների մասին, սակայն ըստ նրա, դրանք չափազանցված են: Նա նշեց, որ երբ մեծ տերությունները հարցրել են՝ ում հետ պետք է պայմանագիրը ստորագրեն, Պողոս Նուբարն ասել է՝ Ավետիս Ահարոնյանի:

«Հայկական պատվիրակության հուշագիրը պահանջում էր, որ Թուրքիան պետք է ճանաչի Արևելյան Հայաստանում ստեղծված ՀՀ-ն, 7 վիլայեթներ՝ այդ թվում նաև Տրապիզոնը և Կիլիկայի 4 սանջակները, առնվազն 20 տարով մանդատը պետք է տրվեր Անտանտի երկրներից մեկին, որը պետք է հովանավորեր ՀՀ-ն: Հայաստանը գտնում էր, որ մանդատի հարցում ավելի ճիշտ է կանգ առնել ԱՄՆ-ի վրա, քանի որ արդեն Վուդրո Վիլսոնը բավական ակտիվ գործել էր այդ ուղղությամբ և հայտարարել, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ արդարությունը հաղթանակի, հայ ժողովուրդն ունենա իր պետականությունը և փաստորեն հուշել Միացյալ Հայաստանի գաղափար: Մեծ տերությունները դեմ չէին, որ մանդատը ստանձնի ԱՄՆ-ն»,- նշեց նա:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը նշեց, որ 1920-ին հունվարին ՀՀ-ն ճանաչվեց Անտանտի կողմից, դրանից մի քանի օր անց ԱՄՆ-ն  ճանաչեց ՀՀ-ն, և Արմեն Գարոն դարձավ առաջին դիվանագիտական ներկայացուցիչը: Այնուհետև նա ներկայացրեց, թե ինչպես ԱՄՆ սենատի և Վուդրո Վիլսոնի միջև մանդատը ստանձնելու հարցում տարաձայնություն առաջացավ և ի վերջո սենատը 52-23 ձայների հարաբերակցությամբ քվեարկեց ու  մերժեց Հայաստանի և ընդհանրապես Փոքր Ասիայի մանդատի խնդիրը, պատճառաբանելով, որ դրանք մեծ հոգսեր են ԱՄՆ-ի համար և չարժի այդ մանդատը վերցնել:

«Սակայն գործընթացը շարունակվում էր, դրան հաջորդեց Սան Ռեմոյի պայմանագիրը, որի որոշումներն ընկան Սևրի դաշնագրի հենքում: Ավետիս Ահարոնյանը Հայաստանին տեղեկացրել էր՝ մեծ տերությունները տեսնում են հայկական երկու մասերը միմյանց կապելու խնդիրը և նշում էր՝ Անգլիայի վարչապետը այն կարծիքին է, որ Հայաստանն ունենա կենսապայմաններ, կենսունակ երկիր լինի և ամենակարևորը պետք է ունենա թոքեր` շնչելու համար, և այդ թոքերը համարում էր Էրզրումը և ելքը դեպի Սև ծով: Հայաստանը Բաթումով ազատորեն պետք է դուրս գար Սև ծով, քանի որ որոշված չէր՝ ինչ է լինելու Տրապիզոնի խնդիրը»,- ասաց նա:

Աշոտ Մելքոնյանը նշեց, որ այստեղ հետաքրքիր էր հայ-հունական հարաբերությունների խնդիրը, քանի որ պետք է ստեղծվեր հունական պետություն, եթե Տրապիզոնը տրվեր Հայաստանին, հունական պետություն ստեղծելը հնարավոր չէր: Նա նշեց, որ ի վերջո Հունաստանը զիջել է, պայմանավորվածություն ձեռք բերելով, որ Հայաստանը  պետք է հարգեր ազգային փոքրամասնությունների, հատկապես հույների իրավունքները:

«Եվ 1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրում Օսմանական կայսրության և մյուս կողմից` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, փոքր դաշնակիցների հետ, որի թվում էր Հայաստանը, կնքվեց այդ պայմանագիրը: Հայերի կողմից այն կնքեց ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը՝ նախապես պատիրված ոսկե գրչով:

Դրանով Թուրքիան  ոչ միայն ընդունում էր իր պարտությունը, այլև կայսրություն լինելու փլուզման իրողությունը: Պայմանագիրը վեց բաժին ուներ, 97 մաս, 578 հոդված, որից 88-90-րդը` 6-րդ բաժնի, վերաբերում էին Հայաստանին: Թուրքիան պետք է ճանաչեր ՀՀ անկախությունը: 89-րդ հոդվածով Միացյալ Նահանգների նախագահը պետք է որոշեր սահմանները, նշվում էր, որ սահմանը որոշելուց հետո Թուրքիան այդուհետ արդեն հայտարարում էր, որ որոշման օրից սկսած` հրաժարվում է հանձնված տարածքների նկատմամբ որևէ իրավական հավակնություններից»,- ասաց նա:

Մելքոնյանը պարզաբանեց, որ դրանով իրավարար վճիռը վավերացնելու կարիք չկար, այն անմիջապես մտնում էր ուժի մեջ, այն օրվանից, երբ ԱՄՆ նախագահի հանձնախումբը ներկայացնում էր դաշնակիցներին հայ-թուրքական սահմանը՝ Տրապիզոն, Էրզրում, Բիթլիս, Վան վիլայեթներով:

«Հայաստանին պետք է անցներ Էրզրումի վիլայեթի գրեթե ամբողջ տարածքը, բացառությամբ արևմտյան մի քանի գավառների, Տրապիզոնի զգալի մասը Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, ՀՀ տարածքը պետք է դառնար 161 հազար քառակուսի կմ, որին պետք է գումարվեր բուն ՀՀ տարածքը՝ 70 հազար քառակուսի կմ-ով: Հսկայական և զորեղ պետություն էր լինելու, եվրոպական դաշնակից երկրների համար հուսալի մի երկիր, որի գաղափարը կյանքի չկոչվեց, զանազան պատճառներով հատկապես ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով»,- նշեց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել