Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը |pastinfo.am|
14:51 - 10 օգոստոսի, 2020

Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է նրան կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին հայտնեց պաշտպան Վարազդատ Բադալյանը։

Նրա փոխանցմամբ՝ դատական ակտը դեռևս չեն ստացել, այն ստանալուց և հիմնավորումներին ծանոթանալուց հետո կքննարկվի վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը հուլիսի 17-ին ԲԴԽ-ն բավարարել էր ու ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել։

Գևորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։

Իսկ դատավոր Արա Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

Դատավորներն իրենց առաջադրված մեղադրանքներն չեն ընդունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել