Պետական գնումների համակարգում մեկ անձից իրականացվող գնումների հիմնավորվածությունը շարունակում է լինել խնդրահարույց։ Պետական գնումների վերաբերյալ Infocom-ի իրականացրած հարցազրույցների շարքում ոլորտի փորձագետները եւս խոսել են «մեկ անձ» գնման ընթացակարգի թերությունների մասին։ Թեմայի շրջանակներում ուսումնասիրել ենք 2017-2020 թվականներին Վայոց ձորի մարզպետարանի՝ ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերման գործընթացը, որը եւս առնչվում է մեկ անձից գնման ընթացակարգին։ 

Վայոց ձորի մարզպետարանը նշյալ ժամանակահատվածում պայմանագիր է կնքել Արման Սարգսյան Ա/Ձ-ի հետ․ վերջինս պարտավորվել է ներկայացուցչական ծառայություններ մատուցել: 

Արդյոք պահպանվե՞լ է գնման գործընթացի թափանցիկությունը

2017-2019 թվականներին Արման Սարգսյան Ա/Ձ-ի՝ արդեն իսկ մատուցած ծառայությունների մասով PPCM գնումների էլեկտրոնային համակարգի պայմանագրեր դաշտում առկա չէ որեւէ հրապարակում՝ հանձման-ընդունման ապրանքագրերի եւ ապրանքների մատակարարման հարկային հաշիվների վերաբերյալ: Բացակա փաստաթղթերի պատճառով գնման ընթացակարգը թափանցիկ չէ՝ տեսնելու՝ արդյոք պայմանագրի շրջանակում ձեռք բերվող ծառայությունները (ապրանքները) պատշաճ կերպով կատարվա՞ծ են, թե՞ ոչ: 

2017-2020 թվականներին կնքված պայմանագրերում ծառայությունը մատուցող Ա/Ձ-ի հասցեն նշված է ք․ Եղեգնաձոր, Կամոյի 2/11, սակայն 2018-2019 թվականների հանձնման ընդունման ակտերում ընկերության հասցեն այլ է՝ ք․ Գլաձոր 29Փ 9:

Նշենք, որ, ըստ ՊԵԿ կայքի, ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին, գործունեության տեսակն է՝  «Այլ մանրածախ առեւտուր՝ ոչ մասնագիտացված խանութներում»։

Ընթացակարգային թերություններ եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքին անհամապատասխանություններ

Ինչպես արդեն նշել էինք՝ 2017-2019 թվականներին մատակարարված ապրանքների հանձնման ընդունման ակտերը տեղադրված չէին գնումների համակարգում։ Նշվածները ստացանք հարցման միջոցով՝ այս տարվա օգոստոսի 3-ին։ 

Քանի որ, ըստ ՀՀ կառավարության թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի 10-րդ տողի, ներկայացվող ընթացակարգի պայմանագրերով նախատեսված ապրանքների ձեռքբերումը պետք է իրականացվեր պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով, հարցման միջոցով տեղեկացանք, թե Վայոց ձորի մարզպետարանը 2017-2019 թվականներին եւ 2020 թվականի առաջին ամիսներին որքան հանրապետական եւ օտարերկրյա պատվիրակություններ է ընդունել։

Ստորեւ ներկայացնում ենք ուսումնասիրվող տարիներին կնքված պայմանագրերում նշված եւ փաստացի մատակարարված ապրանքների, ինչպես նաեւ այդ տարիներին հյուրընկալված պատվիրակությունների քանակները։

2017 թվականի փետրվարի 23-ին կնքվել է ՎՁՄ ԲԸԱՀԾՁԲ-04/17 ծածկագրով պայմանագիր, որի կատարման մասին փաստող հանձման-ընդունման արձանագրությունը ներկայացվել եւ իրականացվել է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին: Նախ նշենք, որ հանձնման-ընդունման ակտը չի համապատասխանում պայմանագրում կցված ակտի օրինակելի ձեւին․ նշված չէ ապրանքների մատակարարման ժամանակացույցը։

Արձանագրության մեջ նշվում է, որ 30.01.2017թ․-10.10.2017թ․ կատարել է պայմանագրով սահմանված ապրանքների մատակարարումը, այսինքն՝ նշված 30.01.2017թ․ իրականացված մատակարարումը եղել է պայմանագիր կնքելուց առաջ: Փաստաթղթից պարզ է դառնում նաեւ, որ պայմանագրի շրջանակում կատարվել է փուլային մատակարարում, սակայն ամեն անգամ չի կատարվել պատշաճ հանձնում եւ ընդունում՝ վաճառողի ու պատվիրատուի միջեւ, ներկայացվել է ընդամենը 1 հանձնման-ընդունման ակտ, ըստ որի՝ մատակարարվել են պայմանագրով նախատեսված բոլոր ապրանքները։

2018 թվականի մարտի 1-ին կնքվել է ՎՁՄ ՄԱԾՁԲ-08/18 ծածկագրով պայմանագիր, համաձայն որի՝ մատակարարը պետք է մատուցի 300․000 ՀՀ դրամի ներկայացուցչական ծառայություններ: Ի տարբերություն 2017 թվականի՝ պայմանագրի շրջանակում ընդունվել են 3 հանձման-ընդունման արձանագրություններ, որոնք համապատասխանում են պայմանագրին կից օրինակելի ձեւին: Սակայն, վերոնշյալ աղյուսակից կարող ենք նկատել, որ պայմանագրով նախատեսված ապրանքներից որոշների դեպքում քանակները խախտվել են, իսկ որոշներն ընդհանրապես չեն մատակարարվել։ Պայմանագրում նշված է, որ ապրանքները պետք է մատակարարվեին կարիք առաջանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Այսինքն՝ որոշ ապրանքների չմատակարարումը եղել է այն պատճառով, որ դրանց կարիքը չի եղել։ Հետեւաբար, պլանավորումն ի սկզբանե տեղի չի ունեցել իրական կարիքների գնահատմամբ։

2019 թվականի փետրվարի 1-ին կնքվել է ՎՁՄ-ՄԱԾՁԲ-02/19 ծածկագրով պայմանագիր, համաձայն որի՝ մատակարարը պետք է մատուցի 300․000 ՀՀ դրամի ներկայացուցչական ծառայություններ: Զարմանալի է, որ այս պայմանագրով եւս նախատեսել են ձեռք բերել այն նույն ապրանքները, որոնք նախատեսվել էին նախորդ 2 տարիներին։ Հաշվի չի առնվել այն փաստը, որ 2018 թվականին որոշ ապրանքների կարիք չի եղել, դրանք չեն մատակարարվել։ Նույն պատկերը եղել է նաեւ 2019 թվականին։ Պայմանագրի շրջանակում ընդունվել է հանձման-ընդունման 3 արձանագրություն: Փաստացի մատակարարված ապրանքների քանակները չեն համապատասխանում պայմանագրով սահմանվածին։

Երկրորդ գրաֆիկից պարզ է դառնում, որ թե՛ հանրապետական, թե՛ արտերկրի պատվիրակությունների ընդունելության քանակները տարբեր են եղել, սակայն բոլոր տարիներին նույն քանակությամբ ապրանքներ են պլանավորել գնել, որը եւս վկայում է գնման պլանավորման արդյունավետության պակասը։

Արդեն այս տարի Վայոց ձորի մարզպետարանը ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերման պայմանագիր է կնքում դարձյալ նույն ընկերության՝ Արման Սարգսյան Ա/Ձ-ի հետ՝ գրեթե նույն քանակությամբ ապրանքներ նախատեսելով, որոնցից շատերի կարիքը 2018-2019թթ․ չէր եղել եւ դրանք չէին մատակարարվել։ Պայմանագիրը ՝ ստորեւ։

Բացի վերոնշյալները՝ հարցման միջոցով փորձել էինք հասկանալ՝ արդյոք մարզպետարանը այլ ընկերությունների հարցումներ ուղարկե՞լ է՝ գնային առաջարկների ստացման եւ շուկայի ուսումնասիրության նպատակով։ Վայոց ձորի մարզպետարանից ստացած պատասխանից պարզ դարձավ, որ մարզպետարանը ՎՁՄ-ՄԱԾՁԲ-09/20, ՎՁՄ-ՄԱԾՁԲ-02/19, ՎՁՄ ՄԱԾՁԲ-08/18, ՎՁՄԲԸԱՀԾՁԲ-04/17 ծածկագրերով պայմանագրերը կնքել է՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը,  համաձայն որի՝ պայմանագիրը կնքվել է մեկ անձից եւ այլ ընկերությունների գնային առաջարկ ստանալու վերաբերյալ հարցում չի ուղարկվել:  Իրենց հիմնավորմամբ, այո, մարզպետարանը կարող էր այլ ընկերություններին գնահարցում չուղարկել։

Սակայն հարկ է նշել, որ կնքված պայմանագրի մասին հայտարարություններում որպես գնման ընթացակարգի հիմնավորում ներկայացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետը, այն է՝ գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային եւ հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ, եւ նոր միայն իրենց նշած՝ ՀՀ կառավարության 04․05․2017թ․ թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի 10-րդ տողի համաձայն, այն է՝ պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերում՝ բացառությամբ օդային փոխադրումների գործակալներից ավիատոմսերի ձեռքբերման: Այսինքն, ըստ գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրված հայտարարության, միայն հարցման պատասխանում նշված կետը չէ, որ դրվել է ընթացակարգի հիմքում, այլ նաեւ հեղինակային եւ հարակից, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությունը։ Ստացվում է, որ տվյալ Ա/Ձ-ն պետք է ներկայացներ փաստաթուղթ, որն ապացուցում է պայմանագրում տեղ գտած ապրանքների մասով նշված իրավունքներից որեւէ մեկի առկայությունը։ Ակնհայտ է, որ մատակարարված ապրանքատեսակների գծով (կոնֆետ, սեւ թեյ, սուրճ, եւն) չէր կարող լինել որեւէ հեղինակային եւ հարակից, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայություն։ Հետեւաբար, կամ մեզ ուղարկված պատասխանում, կամ կնքված պայմանագրի մասին հայտարարություններում մարզպետարանը սխալ է նշել գնման ընթացակարգի հիմնավորումը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ շուրջ 4 տարի է՝ Վայոց ձորի մարզպետարանում ներկայացուցչական ծառայությունները ձեռք են բերվում ընթացակարգային խախտումներով, իսկ դրանց վերաբերյալ փաստաթղթերը օնլայն հարթակում հասանելի չեն, հետեւաբար չի պահպանվում նաեւ պետական գնումների թափանցիկության սկզբունքը։

Արփի Ավետիսյան