3 նախարարի և 8 պատգամավորի հրաժարականից հետո Լիբանանի կառավարությունը փլուզման եզրին է. երկրի վարչապետը ևս մտադիր է հրաժարական տալ |tert.am|
17:58 - 10 օգոստոսի, 2020

3 նախարարի և 8 պատգամավորի հրաժարականից հետո Լիբանանի կառավարությունը փլուզման եզրին է. երկրի վարչապետը ևս մտադիր է հրաժարական տալ |tert.am|

tert.am: Լիբանանի կառավարությունը հայտնվել է փլուզման եզրին` վարչապետ Հասան Դիաբի ղեկավարած կառավարության 3 նախարարի,  ինչպես նաև խորհրդարանի 8 պատգամավորի և ԱԳՆ 1 դեսպանի հրաժարականից հետո, գրում է alarabiya.net կայքը:

Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո լիբանանցիները դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ և պահանջում են ամբոջ իշխանական էլիտայի, այդ թվում` կառավարության և խորհրդարանի հրաժարականը:

Արտգործնախարար Նասիֆ Հիթին հրաժարական էր ներկայացրել դեռևս մինչև պայթյունը, պայթյուններից հետո էլ հրաժարական են ներկայացրել Հորդանանում Լիբանանի դեսպանը և մի քանի պատգամավոր:

Լիբանանյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ երկրի նախագահին իր հրաժարական տալու մտադրության մասին տեղեկացրել է նաև վարչապետ Դիաբը:

Լիբանանի ներկայիս կառավարությունը ձևավորվել է այս տարվա հունվարին` Իրանի կողմից հովանավորվող «Հեզբոլլահ» խմբավորման և նրա դաշնակիցների կողմից:

Օգոստոսի չորսին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Բեյրութում աճում է զայրույթն ու դժգոհությունն ընդդեմ իշխանությունների. վերջիններս խոստովանել են, որ սոսկալի պայթյունն իրականում կանխատեսելի էր, ու դրա վերաբերյալ անընդհատ նախազգուշացումներ էին արվում: Պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը նկարագրվում էր որպես «լողացող ռումբ», Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: Հատկանշական է, որ կես տարի առաջ պահեստը ստուգած պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե այն չհեռացվի, ապա «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»:

Բացահայտումն առ այն, որ կառավարության անտարբերությունը կարող է էական դեր ունենալ Բեյրութի պատմության մեջ ամենասարսափելի պայթյունի հարցում, ժողովրդի շրջանում բարկության նոր ալիք է բարձրացրել երկրի քաղաքական դասի նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել