Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են ստացվել մի շարք ահազանգեր։

Հաշվի առնելով ահազանգերը և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության Մալաթիայի, Արաբկիրի և մյուս այն բաժիններ, որտեղ կան բերման ենթարկվածներ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:

Հիշեցնենք, որ ԱԺ այգում բնապահպանները միջոցառում էին իրականացնում՝ հանուն Ամուլսարի։ Ոստիկանությունը երկու րոպե ժամանակ տվեց բնապահպաններին՝ տարածքն ազատելու համար, իսկ հետո բերման ենթարկեց նրանցից մի քանիսին։