Պետական վերահսկողական ծառայության Գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետ Կարեն Մնացականյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտի խնդիրների, իրականացվող վերահսկողության եւ առաջարկվող փոփոխությունների մասին։

- Պարո՛ն Մնացականյան, Պետական վերահսկողական ծառայությունն այս 2 տարիների ընթացքում գնահատե՞լ է «Գնումների մասին» օրենքի արդյունավետությունը։

- Իհարկե, գնահատել ենք։ Պետական վերահսկողական ծառայությունն անընդհատ այդ գործընթացի մեջ է։ Կոպիտ ասած՝ սա բնականոն ընթացք ունեցող պրոցես է, որն անընդհատ միջամտություն, վերահսկողություն ու փոփոխություններ է պահանջում։ Իսկ ՊՎԾ-ն, որպես վերահսկողություն իրականացնող կառույց, այսպես ասած, դաշտային աշխատանքների մեջ է։ 

ՊՎԾ-ն իր ամենօրյա աշխատանքի ընթացքում հանդիպում է այն խոչընդոտներին, որոնք իրավական մասով կազուսներ կարող են առաջացնել տնտեսվարողների համար։ Նմանատիպ գործընթացները պարբերաբար գնահատվում են պրակտիկորեն, ու տեղեկանքի տեսքով ամեն անգամ վարչապետին են ներկայացվում մեթոդական փոփոխությունների առաջարկություններ, համակարգի բարելավման մոտեցումներ, որոնք ուղարկվում են Ֆինանսների նախարարություն՝ հետագա ընթացք ստանալու նպատակով։ Չկա խնդիր, որին ՊՎԾ-ն չանդրադառնա ու առաջարկություններ չներկայացնի։ Այս առումով առավել կենտրոնացած ենք, որ ռիսկերի զսպման կամ կանխարգելման պրոցեսը նույնիսկ ավտոմատացված լինի, քանի որ ավտոմատացման համակարգից հետո կարող ենք սուբյեկտիվ, ոչ պատշաճ վերաբերմունքը, ոչ մրցակցային փոխհարաբերությունները ինչ-որ ձեւ զսպել։ Այս մասով ՊՎԾ-ի դերը շատ մեծ է։

Տնտեսվարողների արձագանքն առաջինը մենք ենք ստանում՝ բողոքների, նամակների տեսքով՝ թե օրենդրական կարգավորումների անհամապատասխանությունների մասով, թե՛ ոչ մրցակցային պայմանավորվածությունների, թե՛ այլնի։ Կարծում ենք՝ ճիշտը ՊՎԾ-ի տված տեղեկանքներով այդ արձագանքին հետեւողական ընթացք տալն է։ 

Մեկ տարվա ընթացքում բազմաթիվ են եղել առաջարկությունները, ու դրանք հենց այնպես չեն ներկայացվել, փաստացի իրականացված գործարքների, դրանց արդյունքում վեր հանված բազմաթիվ խնդիրների մասով անընդհատ նոր առաջարկություններ են լինում։ 

- Կա՞ն առաջարկներ, որոնք արդեն իրավական ակտի տեսք են ստացել։

- Շատ առաջարկներ կան, որոնք այս պահին քննարկվում են հենց Ազգային ժողովում։ Պատգամավորների հետ համատեղ խումբ է ստեղծվել, որտեղ քննարկվում են բոլոր առաջարկությունները։ Պարբերաբար քննարկումներ են ընթանում նաեւ Ֆինանսների նախարարության, փոխվարչապետի մակարդակով։ Նախագծեր կան, որոնք ընթացքում իրավական ակտի կարգավիճակ կստանան, բայց, ինչպես նշեցի, անընդհատ փոփոխվող գործընթաց է, որովհետեւ իրավական ակտ մշակելը մի բան է, դրա կիրառությունն ու հասարակական արձագանքը, տնտեսվարողների արձագանքը՝ մի ուրիշ։

- Սովորաբար ի՞նչ ընտրանքով են տեղի ունենում գնումների գործընթացներին վերաբերող ուսումնասիրությունները։ 

- ՊՎԾ-ն, որպես վերահսկող հիմնարկ, ունի երկու գործիք․ մեկն ուսումնասիրությունների իրականացնում է․ սա տեղի է ունենում ծառայության ղեկավարի հանձնարարությունների հիման վրա՝ համաձայնեցվելով վարչապետի հետ։ Այս աշխատանքը բնույթով շատ ռեսուրսատար է։ Երկրորդ գործիքը մշտադիտարկումն է։ Սա հիմնականում իրականացվում է էլեկտրոնային շտեմարանների ուսումնասիրությամբ՝ մեր աշխատակիցների անմիջական գործողություններով, ապա հանրագրերի ուսումնասիրմամբ։

Սակայն մեր վարչությունը քիչ ռեսուրսներ ունի։ Երկրում կիրառվող գնումների կոդերը գերազանցում են 80 հազարը։ Ամեն կոդը կարող է դառնալ գնման ընթացակարգ, մոտ 4 հազար պետական մարմին ունենք, մոտ 36 հազար գնման ընթացակարգ պիտի տեղի ունենա։ Այս առումով սուղ հաստիքներ ունենք, վարչությունը բաղկացած է հաստիքային 8 միավորից, եւ, ինչքան էլ ցանկանանք, գիշեր-ցերեկ աշխատենք, մեկ է՝ չի ստացվելու ամբողջը վերահսկել։

Ռեսուրսների սահմանափակ լինելու առումով մենք մի ձեւ ենք գտել․ աշխատակիցներից երկուսը հիմնականում մոնիթորինգ են անում հայտարարվող բոլոր ընթացակարգերը՝ բացառելու ուղղորդված գնումները, արտամրցութային պայմանավորվածությունները։

Այսինքն՝ երբ հանրային հատվածի կազմակերպությունները տեխնիկական բնութագրերի միջոցով սկսում են ուղղորդումներ իրականանցել, մենք սկզբնական փուլում վեր ենք հանում։ Հետո արդեն առաջարկություններ ենք անում հիմնարկներին՝ խնդրելով փոխել իրենց տեխնիկական բնութագրերը՝ բացառելով խտրական մոտեցումները։ Մեր առաջարկները մեծամասամբ ընդունվում են։ Հիմնական շեշտը դնում ենք կանխարգելիչ ֆունկցիայի իրականացման վրա։ Գոնե այդպես փորձում ենք հավասար պայմաններ ապահովել՝ մրցույթների նախնական փուլում։ 

Վերահսկողությունը մեծամասամբ իրականացվում է բողոք-դիմումների, հանրագրերի հիման վրա։ Այստեղ շատ կարեւոր է նաեւ մեդիադաշտի գործառույթը, որովհետեւ մենք պարբերաբար մամուլի հրապարակումներն ենք մշտադիտարկում, տարբեր հրապարակումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել։ Իսկ եթե կոնկրետ վարչապետից է լինում ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարությունը, այդ դեպքում արդեն Ծառայության ղեկավարարի հանձնարարագրի հիման վրա լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացվում։

- Պարո՛ն Մնացականյան, ինչպես արդեն նշեցիք՝ Գնումների գործընթացների վերահսկողության վարչությունն ունի աշխատանքային ռեսուրսների խնդիր։ Ի՞նչ քայլեր են նախատեսվում այս խնդրի լուծման նպատակով եւ որքա՞ն ռեսուրսներ են անհրաժեշտ գնումների ոլորտի լիարժեք վերահսկողության համար։

- Այս առումով չեմ կարող պատկերացնել, որ պետությունը նման տոտալ վերահսկողություն կարող է իրականացնել՝ նմանատիպ բոլոր գործարքների նկատմամբ։ Մոտավորապես ութ հաստիքային միավոր ունենք, նախատեսում ենք եւս երկուսն ավելացնել, բայց եթե տոտալ վերահսկողության մասին լինի խոսքը՝ մոտ երեսուն աշխատակից է անհրաժեշտ լինելու։ Մեզ մոտ սրա վերաբերյալ պրոցեսներ են տեղի ունենում, որպեսզի առավել խոցելի խմբերին ի հայտ բերենք։ Մշակել ենք ռիսկերի գնահատման մեխանիզմ, որովհետեւ պետությունն այսօր նման ռեսուրս չի կարող իրեն թույլ տալ՝ երեք անգամ ավելացնելով պետական ծախսերը։ 

- Շինարարությունը եւ դրա տեխնիկական հսկողությունը պետական գնումների համակարգում ամենակարեւոր գործընթացներից են։ Այս մասով ի՞նչ ժամանակային կտրվածքով են իրականացվում ուսումնասիրությունները։ Այժմ ընթացքի մեջ եղող շինարարությունների պայմանագրերի մասով ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են։

- Ընթացիկ վերահսկողությունը մի քիչ բարդ է, որովհետեւ շինարարական պրոցեսը ստուգելու ավելի շատ կողմեր ունի՝ գնման ընթացակարագերը, դրանց կազմակերպումը։ Բայց տեղում փաստացի աշխատանքն ու դրա արդյունավետության գնահատումն արդեն լուրջ ուսումնասիրության կարիք են ունենում, որովհետեւ պահանջվում են փորձագիտական եզրակացություններ, մասնագիտական ներուժի ներգրավում։ Այս առումով մեր գործողությունները պայմանավորված են լինում հանձնարարականներով։ Օրինակ, վարչապետն անցած տարի շինաշխատանքների մասով կոնկրետ հանձնարարություն է տվել, ուսումնասիրություն է իրականացվել, քրեական գործ է հարուցվել, պաշտոնանկություններ են եղել։ 

Արփի Ավետիսյան