Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում է․ ՏԿԵՆ խոսնակ
16:38 - 11 օգոստոսի, 2020

Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում է․ ՏԿԵՆ խոսնակ

ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի՛ պարոն Մարուքյան 
Ի պատասխան նախարար Պապիկյանին ուղղված Ձեր դիմումի վերաբերյալ գրառմանը՝ տեղեկացնում եմ, որ Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումը արդեն իսկ ընդգրկված էր Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: «Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրը» այս պահին գտնվում է Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում, առաջիկա երկու ամիսներին մրցույթ կհայտարարվի և կիրականացվի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և ԷՆ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից:

Նախատեսվում է նորոգել 3,2 կմ երկարությամբ ճանապարհ, որն իր մեջ ներառում է նաև ճոճվող կամուրջ տանող հատվածը:

Ձեր նախորդ առաջարկին ևս արձագանքելով՝ հավելեմ, որ Հայոց այբուբենի հուշարձանից Ամբերդ տանող ճանապարհը նույնպես հիմնանորոգվելու է, ներառված է 2022թ. ծրագրում:

Հանրապետությունում այժմ վերակենդանանում են ավելի քան 40 տարի չհիմնանորոգված ճանապարհներ:

Հայաստանի բոլոր ճանապարհները մշտադիտարկվում են թե՛ նախարարի, թե՛ նախարարության ոլորտային պատասխանատուների կողմից և առաջին իսկ հնարավորության դեպքում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում վերանորոգման ծրագրերում:

Շնորհակալություն առաջարկների համար:

Ձեր դիմումների պաշտոնական պատասխան գրությունները կստանաք սահմանված ընթացակարգով և ժամկետներում»:

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ դիմել է Սուրեն Պապիկյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել